Բեյրութը կիսավեր է նավահանգստում որոտացած պայթյունից հետո։ Լուսանկարներ, տեսանյութ, ինչ է տեղի ունեցել և ինչ համատեքստում
Լիբանանում եռօրյա սուգ է մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի չորսի երեկոյան ամոնիակի պահեստում որոտացած աննախադեպ պայթյունից հետո։ Մահացել է նվազագույնը 78 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 4 000–ը։
Ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագությունների՝ հիվանդանոցները լիքն են, փրկարարները շարունակում են ավերակների տակից մարդկանց դուրս հանել, ակնկալվում է, որ զոհերի թիվն աճելու է։
Ամբողջությամբ կամ մասամբ ավերվել է քաղաքի մեծ մասն, այդ թվում՝ հին կենտրոնը։ Ըստ նախնական գնահատականների, փաստացի ոչնչացվել է նավահանգիստը, որը ծայրահեղ կարևոր նշանակություն ունի Լիբանանի համար, քանի որ հենց դրա միջոցով են իրականացվում պարենի, դեղորայքի, կենսական կարևորության բեռների մեծ մասի հիմնական մատակարարումները։
• Վրաստան և Իրան․ կյանք՝ վարակի օջախի կողքին
Աղետի պահին հիվանդանոցներն արդեն լիքն էին կորոնավիրուսով վարակման դեպքերի շարունակական աճի պատճառով։ Բացի այդ, Բեյրութում նախորդ շաբաթների ընթացքում զանգվածային փողոցային ցույցեր էին անցկացվում իշխանությունների անարդյունավետ տնտեսական և սոցիալական քաղաքականության դեմ։
Ի՞նչ է կատարվել
Օգոստոսի 4–ին տեղական ժամանակով ժամը 18.00–ին (19.00 Հարավային Կովկասում) ողջ Բեյրութը ցնցեց պայթյունը, որը սկսվեց նավահանգստում բռնկված հրդեհից, այնուհետև հսկայական ամպի պես՝ սնկաձև օդ բարձրացավ։
Պայթյունը զգացվել է 240 կմ հեռավորության վրա՝ Կիպրոսի կղզում, տեղացիներն ասում են, որ կարծել են, թե երկրաշարժ է։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2 750 տոննա ամոնիակի նիտրատ էր պահվում պահեստում 2013 թ–ից, երբ այն բեռնաթափվել էր առգրավված նավից։ Պայթյունի հստակ պատճառը կպարզի հետաքննությունը, սակայն արդեն հայտարարվել է «մեծ վտանգ ներկայացնող նյութի պահպանման հրեշավոր անփութության» մասին։
Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ մեղավորներն «առավելագույն պատժի» են ենթարկվելու։
Ի՞նչ է ամոնիակի նիտրատը
Ամոնիակի նիտրատը հիմնականում կիրառվում է որպես գյուղատնտեսական պարարտանյութ և պայթուցիկ նյութ։
Այն շատ պայթյունավտանգ է, երբ կրակի հետ է առնչվում, այդ պատճառով էլ նյութի պահպանումն ուղեկցվում է անվտանգության բարձր պահանջներով։
Պայթյունի դեպքում ամոնիակի նիտրատը թունավոր գազեր է արտանետում։
Պայթյունի հետևանքները․ «Դժվար է սրա համար ավելի վատ ժամանակ պատկերացնել»
Ռամի Ռուհայեմի մեկնաբանությունը, BBC News
Այսպիսի աղետի համար երբեք հարմար ժամանակ չի լինում, սակայն Բեյրութի համար դժվար է ավելի վատ ժամանակ պատկերացնել, քան սա է։
Տնտեսական ճգնաժամն ու կորոնավիրուսի համավարակը սրել էին առանց այդ էլ սուր հակասությունները ներքին քաղաքական դաշտում և հասարակությունում։
Լարվածությունը բարձր է նաև օգոստոսի 7–ի նախաշեմին, երբ պետք է հրապարակվի 2005 թ–ին նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության աղմկահարույց գործով դատավճիռը։
Հիվանդանոցներում, առանց այդ էլ, շատ բարդ իրավիճակ է կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով։ Իսկ հիմա պետք է բուժել և հազարավոր վիրավոր մարդկանց փրկել պայթյունից հետո։
Հարյուրավոր ընտանիքներ անտուն են մնացել, նրանց տները մեկ վայրկյանում աղբի և ապակու կույտ են դարձել։
Լիբանանը ներկրում է սննդի մեծ մասը։ Գրեթե ողջ 2019 և 2020 թթ–ին երկրի տնտեսությունն «ազատ անկման» մեջ էր, մեդիան քննարկում էր պարենի պակասի ռիսկերը։
Իսկ հիմա ոչնչացվել է հացահատիկի ողջ պահուստը, որը պահվում էր նավահանգստում։ Փաստացի Բեյրութի նավահանգիստն «էլ գոյություն չունի», ինչպես լրագրողներին ասել է պաշտոնյաներից մեկը։
Այսպիսի տեսք ունի Բեյրութը 2020 –ի օգոստոսի 5–ին
Անկայուն քաղաքական և տնտեսական իրավիճակ Լիբանանում
Շատ փորձագետների գնահատականով՝ Լիբանանը վատթարագույն տնտեսական ճգնաժամ է ապրում 1975-1990 թթ–ի քաղաքացիական պատերազմից ի վեր։
Ամիսներով Բեյրութում շարունակվում են փողոցային ակցիաներ, շատերն իշխող էլիտային մեղադրում են անձնական հարստություն կուտակելու մեջ՝ բարեփոխումներ անցկացնելու փոխարեն։
Արդեն երկար ժամանակ է, ինչ օրական անջատում են լույսը, անվտանգ խմելու ջրի և առողջապահական համակարգում խնդիրներ կան։
Վերջին շաբաթն ուղեկցվում է նաև Իսրայելի հետ սահմանին տիրող լարվածությամբ, որը մեկ շաբաթ առաջ հայտարարել է, թե խանգարել է Իսրայելի տարածք ներթափանցել «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության փորձին։
Հասարակությունում քննարկման առանձին առիթ է դարձել այն փաստը, որ պայթյունը տեղի է ունեցել 2005 թ–ին այն մեքենայի պայթյունի վայրից ոչ հեռու, որի մեջ էր գտնվում նախկին վարչապետ Հարիրին։ Եվ այս պայթյունը տեղի է ունեցել այդ սպանության համար մեղադրվող չորս անձանց գործով երկար սպասված դատավճռից չորս օր առաջ։