Գործադուլներ, Եվրոպայի աջակցություն, ահաբեկում ռուսական միջամտությամբ․ ի՞նչ է կատարվում Բելառուսում
Բելառուսում շարունակվում են ցույցերը․ մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ, գործադուլի պատճառով կանգնած են խոշորագույն ձեռնարկությունները։ Ցուցարարները պահանջում են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականն, այդ թվում՝ նրա հանրային ելույթների ժամանակ։ Սակայն նա հայտարարում է, որ չի պատրաստվում հեռանալ և դիմում է Ռուսաստանի օգնությանը։ Արդյո՞ք Ռուսաստանը կօգնի Լուկաշենկոյին իշխանություն պահել։ Ռուս տեսաբանները կարծում են, որ Ռուսաստանը միջամտելու պատճառ չունի։
Ի՞նչ է անում ընդդիմությունը
Սվետլանա Տիխանովսկայայի հանձնարարականով, որն իրեն հաղթող է հայտարարել օգոստոսի 9–ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում, Համակարգման խորհուրդ է ստեղծվել, որի նպատակը երկրի ղեկավարության հետ իշխանության փոխանցման շուրջ բանակցություններն են։
Դրա կազմում 15 անդամ կա․ Տիխանովսկայայի շտաբի ներկայացուցիչներից բացի, դրա կազմում են հայտնի գիտնականներ և իրավապաշտպաններ, ինչպես նաև գրականության նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը։
• Բելառուս․ ցուցարարների կտտանքների և ծեծի սարսափազդու վկայություններ, համընդհանուր գործադուլ է սկսվել
Ինչպես հաղորդում է Եվրոռադիոն, Բելառուսում սկսել են ստեղծել «Ազգային գործադուլային կոմիտե», որը կառավարելու է համազգային բողոքի այս դրսևորումը։ Ինչպես հաղորդել է Ժողովրդավարական արհմիությունների բելառուսական կոնգրեսի նախագահ Ալեքսանդր Յարոշուկը, մոտակա երկու–երեք օրերին «գործադուլային կոմիտեի» անունից ուղիղ երկխոսություն կսկսվի պաշտոնական մարմինների հետ երկրի իշխանությունը փոխանցելու շուրջ։
Երկրով մեկ գործադուլ են անում խոշոր ձեռնարկությունները։ Օգոստոսի 17–ին համազգային գործադուլին են միացել «Ուրալկալիումի» աշխատակիցները, որը բելառուսական բյուջեի արտարժույթի գլխավոր մատակարարն է։
Մինսկի ավտոմոբիլային գործարանի (ՄԱԶ) մոտ մարդիկ են հավաքվում, որոնք սատարում են գործադուլավորներին։ Գործադուլ անող ձեռնարկությունների մոտ մարդիկ սնունդ են բերում։
Օգոստոսի 17–ից Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայից իր նոր տեսաուղերձն է հրապարակել։ Դրանում նա շնորհակալություն է հայտնել ցույցի մասնակիցներին քաջության համար և հայտարարել ազգային առաջնորդ դառնալու պատրաստակամության մասին։
Տիխանովսկայայի և նրա կողմնակիցների պահանջներն անփոփոխ են․
— բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում;
— Լուկաշենկոյի հրաժարական;
— միջազգային վերահսկողության տակ նոր արդար նախագահական ընտրությունների անցկացում։
Հերթական բազմահազարանոց երթն անցկացվել է օգոստոսի 17–ի երեկոյան․ մարդիկ հավաքվել են Անկախության հրապարակում և երթով հասել բանտ, որտեղ դեռևս պահվում են բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված քաղաքացիները։
Օգոստոսի 18–ին ցուցարարները կրկին հավաքվում են Մինսկի կենտրոնում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաժարականը պահանջելու։
Ի՞նչ է անում իշխանությունը
Սակայն, ինչպես օգոստոսի 17–ին ոչ երկիմաստ հայտարարել է Լուկաշենկոն, ինքը հեռանալ չի պատրաստվում։ Նա ուղղաթիռով ժամանել է Մինսկի խոշորագույն գործարան՝ Մինսկի անվային քարշակների գործարան, որի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։
Նրան դիմավորել են «Հեռացիր» և «Ինքնասպան եղիր» բղավոցներով։
«Նոր ընտրություններ չեն լինելու։ Դրա համար ինձ սկզբից պետք է սպանեք», — հայտարարել է Լուկաշենկոն։
Հանդիպումը, քիչ էր մնացել, ավարտվեր Լուկաշենկոյի և աշխատակիցների ծեծկռտուքով։
Պետական ալիքների եթերում սկսել են ռեպորտաժներ հայտնվել բողոքի ակցիաների մասին։ Դա այն բանի արդյունք է դարձել, որ լրագրողները սկսել են միանալ ցուցարարներին։
Բելառուսի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ 600 մարդ է հաղորդել բանտերում, ձերբակալվածներին տեղափոխող մեքենաներում և ոստիկանական բաժանմունքներում կտտանքների և ծեծի մասին։
Օգոստոսի 18–ի դրությամբ 67 ձերբակալված դեռ մեկուսարաններում է, ավելի քան 50 կորածներ դեռ չեն գտնվել։
Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության փաստի առթիվ ոչ մի քրեական գործ չի հարուցվել։
Բելառուսական բանակի մարտական ստորաբաժանումներն արևմտյան սահմաններին լիակատար մարտական պատրաստվածության են բերված։ Այսպիսի հայտարարություն է արել Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 18–ին Անվտանգության խորհրդի նիստին։
Ինչպե՞ս է արձագանքում աշխարհը
Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջում են Լուկաշենկոյին անցանկալի անձ ճանաչել Եվրամիության տարածքում։
Գերմանիայի ֆինանսների նախարարը կոչ է արել Լուկաշենկոյին պատասխանատվության ենթարկել սեփական ժողովրդի դեմ տեռորի համար։
Օգոստոսի 17–ին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ խոսել է երկրում տիրող իրավիճակի և բոլոր քաղբանտարկյալներին և բռնաճնշումների ենթարկվածներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին։ Նա հաղորդել է, որ Լեհաստանն ավելի քան 11 մլն եվրո է տրամադրել Բելառուսում բռնաճնշումների ենթարկվածներին, հասարակական կազմակերպություններին և ազատ լրատվամիջոցներին։
Լիտվայի սեյմը հայտարարություն է ընդունել՝ Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու և նրա պետական ապարատի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։
Օգոստոսի 19–ին տեսակոնֆերանսի ձևաչափով կկայանա Եվրամիության արտահերթ գագաթաժողովը՝ արձագանք Բելառուսի իրադարձություններին։
Ի՞նչ է անելու Ռուսաստանը
Ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում է Ռուսաստանի դիրքորոշումը։ Ֆորմալ առումով այն դեռևս չեզոք է, թեև Վլադիմիր Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի համար։
Միանգամից մի քանի մեդիա հաղորդել է ռազմական տեխնիկայի երկու շարասյուների մասին, որոնք Մոսկվայից և Պետերբուրգից շարժվում են դեպի բելառուսական սահման։
«Լուկաշենկոն ուզում է ներքաշել Ռուսաստանին։ Իսկ մեզ դա պե՞տք է»․ այսպիսի վերնագրով ռուսական «Նովայա գազետան» հրապարակում է փոխխմբագիր Անդրեյ Լիպսկու կարծիքը․
«Լուկաշենկոյի հիսթերիայում ամեն ինչ․․․ աշխատում է գլխավոր խնդրի վրա․ Մոսկվային և անձամբ Պուտինին ներքաշել ներքաղաքական կոնֆլիկտի մեջ, որի պատճառը երկրի քաղաքացիների նկատմամբ ճչացող ընտրական անարգանքն է և հազարավոր ցուցարարների դեմ հետագա պատժիչ դաժան գործողությունները…»։
«Սակայն արդյո՞ք Լուկաշենկոն Կրեմլին պետք է ամեն գնով։ Իհարկե, ռուսական իշխանությունը լուրջ ռազմական–ռազմավարական շահեր ունի Բելառուսում, – գրում է Լիպսկին։ – Սակայն արդյո՞ք որևէ իրական ագրեսիվ մտադրություններ կան դրսից և արդյո՞ք Բելառուսում որևէ ազդեցիկ քաղաքական ուժեր ՆԱՏՕ–ի հետ մերձենալու քաղաքական կամք ունեն՝ ի վնաս ռուսական ռազմական–ռազմավարական շահերի։ Այս փուլում պատասխանը միանշանակ է՝ ոչ»։
Հեղինակը կարծում է, որ Կրեմլն այժմ ուժային միջամտություն իրականացնելու միջոցներ չունի, որովհետև արդյունքում «Ռուսաստանի համար լիովին բարեկամ երկիրն անխուսափելիորեն կվերածվի ռուս ժողովրդի թշնամու»։ Իսկ Ռուսաստանը կարող է «վերջնականապես թաղել արևմտյան երկրների հետ հարաբերությունների նորմալացման ցանկացած մտադրություն»։
«Ի դեպ, ո՞վ է ասել, որ Ռուսաստանի առանցքային ռազմաքաղաքական շահերը (դուր է գալիս դա ինչ–որ մեկին, թե ոչ) կարող են երաշխավորվել միայն բռնապետի կողմից, որն ամբողջությամբ կորցրել է իր ժողովրդի աջակցությունը, հարգանքն ու վստահությունը», – հարցադրում է անում «Նովայա գազետայի» փոխխմբագիրը։