Ի՞նչ հնարավորություններ ունեն Բելառուսի իշխանությունն ու ընդդիմությունը հաղթելու համար։ Վերլուծություն
Բելառուսում ցույցերի անկազմակերպ լինելը սկսում է դրա մասնակիցների դեմ աշխատել։ Եվրոպան կսատարի ժողովրդավար Բելառուսին, բայց նաև կօգնի Ռուսաստանի հետ կապերը պահպանել։
Գրեթե երկու շաբաթ ցույցերով համակված Բելառուսում, հնարավոր է, ելք է երևում։
Եվրամիությունն առաջարկել է միջնորդ դառնալ Բելառուսի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցային գործընթացում և առաջարկել է ներգրավել ԵԱՀԿ–ն։ Նախաձեռնությանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Պուտինը, «դժկամությամբ համաձայնել է» Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։
Այս մասին օգոստոսի 20–ի երեկոյան հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Բելառուսում իրավիճակը փոխվում է ամեն օր։ Եվ բանակցային գործընթացի հնարավոր մեկնարկից առաջ գլխավոր հարցն այն է, թե ինչ հնարավորություններ ունեն կողմերը՝ Լուկաշենկոն, որին լռելյայն աջակցում է Կրեմլն, ու ցույցի մասնակիցները, որոնց բացահայտ ապրումակցում է Արևմուտքը։
Իրադարձությունների հակիրճ ճամանակացույց
Սկզբից ուժայինները դաժանաբար ճնշում էին ընտրությունների կեղծման դեմ բազմահազարանոց ցույցերը։
Այնուհետև հատուկջոկատայինների ագրեսիան անսպասելիորեն մարեց, ցույցերի մի քանի հազար ձերբակալվածներ ազատ արձակվեցին։ Ցույցը խաղաղ բնույթ ստացավ և աննախադեպ մասշտաբների հասավ․ օգոստոսի 19–ին Մինսկում հանրահավաքին մասնակցում էր ոչ պակաս, քան 400 հազար մարդ։
Ցույցն ակնհայտ առաջանորդներ չունի, այդ դերում է փաստացի հանդես գալիս NEXTA Տելեգրամ–ալիքը։ Դրա համակարգմամբ երկրում աշխատավորների մասշտաբային գործադուլ է սկսվել։
Օգոստոսի 19–ից Լուկաշենկոն, սակայն, կրկին գրոհի անցավ․ ողջ երկրում նրան սատարող հանրահավաքներ են կազմակերպվում, ցուցարարների հասցեին նոր սպառնալիքներ են սկսել տեղալ, նոր քրեական գործեր են հարուցվել։
Ցույցի անհասկանալիությունը
Մարդիկ Բելառուսում շարունակում են ցույցեր անել։ Մինսկում և մյուս քաղաքներում ամեն օր 20-100 հազար մարդկանց մասնակցությամբ հանրահավաքներ են անցկացվում։ Մարդիկ համերաշխության շղթաներ են կազմում, ակցիաներին հատկապես ակտիվ կանայք են մասնակցում։
NEXTA–ն կոչ է անում օգոստոսի 23–ին մասնակցել «Նոր Բելառուսի երթին»՝ նույն պահանջներով․
— ազատություն ձերբակալվածներին և քաղբանտարկյալներին,
— Լուկաշենկոյի հրաժարական,
— սպանությունների և կտտանքների մեղավորների պատիժ։
Սակայն ցույցերի մեկնարկից գրեթե երկու շաբաթ անց չի կատարվել ցուցարարների ոչ մի պահանջ։
Արևմտյան երկրները չեն ճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակն օգոստոսի 9–ին Բելառուսի նախագահական ընտրություններում, սակայն չեն էլ շտապում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային պաշտոնապես նախագահ ճանաչել։
Ցուցարարների պահանջների թվում նույնպես չկա Տիխանովսկայային նախագահ ճանաչելը, թեև ի սկզբանե նա է իրեն ընտրությունների հաղթող հայտարարել։
Սահմանադրական խորհրդի կազմում, որը ստեղծվել է Տիխանովսկայայի նախաձեռնւթյամբ իշխանությունը փոխանցելու նպատակով, քաղաքական գործիչներ չկան։ Դրա փոխարեն դրա մեջ ներառվել են գործարանների աշխատանքային կոլեկտիվների ներկայացուցիչներ, հայտնի գրող, գրականության նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչն, օլիմպիական չեմպիոնուհի, լրագրողներ, գործարարներ և գիտնականներ։
Հնարավոր է՝ այդ պատճառով է, ինչպես ասում են շատ վերլուծաբաններ, որ Համակարգող խորհուրդը մինչև հիմա չի կարողացել ոչ փոփոխությունների պարզ ծրագիր առաջարկել, ոչ էլ ցույցերի ռազմավարություն։
Միակ բանը, որ խորհրդից դեռևս հնչել է, այն է, որ դրա մասնակիցները կողմ են «Ռուսաստանի հետ թափանցիկ, բարեկամական հարաբերություններին» և «ծրագրային աշխատանքին և գործընկերությանը բոլոր երկրների հետ»։
Այս իրավիճակը կարող է փոխվել, հավանաբար, միայն ցույցի, հատկապես՝ աշխատողների գործադուլի թափ առնելու դեպքում։
Այս մասին բոլոր հոլովակներում հիշեցնում է NEXTA–ն, սակայն, թեև ցույցերին սատարել են ողջ երկրի աշխատավորները, ձեռնարկություններն ամբողջությամբ չեն կանգնել։
Ցույցերին մասնակցելու պատճառով եկամուտներից զրկված մարդկանց աջակցության նպատակով Բելառուսում գործում է Համերաշխության հիմնադրամ, որն արդեն ավելի քան մեկ միլիոն դոլար է հավաքել։ Ստեղծվել է Ազգային գործադուլային կոմիտե, որը դիմել է բելառուսական բիզնեսի օգնությանը։
Լուկաշենկո․ նստեցնել ակտիվիստներին, պաշտպանվել ՆԱՏՕ–ից և ինտեգրվել Ռուսաստանին
Լուկաշենկոն մինչ օրս հայտարարում էր, որ չի պատրաստվում երկխոսության կամ որևէ զիջումների գնալ։
Նա շարունակում է պնդել, որ Բելառուսում իրավիճակը հրահրում են ինչ–որ թշնամական տարրեր, որոնք կառավարվում են արտասահմանից, և հանձնարարություններ է տալիս ուժային գերատեսչություններին «պաշտպանել աշխատավորների կոլեկտիվները սպառնալիքներից», հետևել ՆԱՏՕ–ի զորքերի տեղաշարժին և բացահայտել ընդդիմության ֆինանսավորման ալիքները։
Համակարգող խորհրդում են, ըստ Լուկաշենկոյի, «նախկինները, նեղացածներն, ովքեր ինչ–որ ժամանակ առնչվել են իշխանության հետ, և բացահայտ նացիստները»։
Գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկն ընդհանրապես հայտարարել է, որ «Համակարգող խորհրդի ստեղծումն ու գործունեությունն ուղղված է պետական իշխանության զավթմանը»։
«Արևմտյան սպառնալիքի» մասին խոսքերն ուղեկցվում են հասարակության բավականին մեծ ռուսամետ հատվածին և հենց Ռուսաստանին շողոքորթմամբ։
Լուկաշենկոն հայտարարում է, թե ընդդիմությունն իբր պլանավորում է դուրս գալ Ռուսաստանի հետ ինտեգրացիոն նախագծերից, փակել ռուսական ռազմաբազաներն ու արգելել ռուսաց լեզուն։
Այս ամենն ասում է մի մարդ, որն ամիսներով վատաբանում էր ռուսական իշխանություններին՝ նրանց մեղադրելով ընտրություններին միջամտելու, այդ թվում՝ ռազմական միջամտության փորձի համար։
Քաղաքի փողոցները, որոնք մինչ այդ կարմիր–սպիտակ՝ Լուկաշենկոյի հակառակորդների գույնի էին ներկվել, լցվել են նաև կարմրականաչ պետական դրոշներով, քանի որ ամենուր հանրահավաքներ են կազմակերպվում՝ ի աջակցություն իշխանության։
Շատ են այն բանի վկայությունները, որ դրանց կազմակերպված ձևով մարդկանց են բերում տարբեր շրջաններից՝ սպառնալով ազատել աշխատանքից ազատմամբ և զրկել պարգևավճարից։
«Пул Первого» Տելեգրամ–ալիքը, որը կապում են Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտի հետ, կարմիր–կանաչ ստիկերների հավաքածու է հրապարակել։ Դրանց թվում ոչ միայն Լուկաշենկոյին սատարող կարգախոսներ են, այլ նաև պատկերներ, որոնք կոպտորեն վիրավորում են ցուցարարներին։
Ի՞նչ է լինելու և ի՞նչ կարող են անել Եվրոպան և Ռուսաստանը
Եվրամիությունը չի ճանաչել ընտրություններն ու անհատական պատժամիջոցներ է խոստացել կիրառել յուրաքանչյուրի դեմ, ով մասնակցել է զեղծարարություններին և բռնությանը՝ ներառյալ Լուկաշենկոյին։
Սակայն ավելի առաջ չի գնացել, քան բելառուսական ցույցերին աջակցությունը։
Լատվիան արդեն հայտարարել է, որ պատրաստ չէ Սվետլանա Տիխանովսկայային նախագահ ճանաչել։
Եվրամիությունը պատրաստվում է 53 մլն եվրո տրամադրել քաղաքացիական հասարակության և բռնաճնշումներից տուժած անձանց աջակցության համար, սակայն չի պլանավորում սատարել աշխատավորների գործադուլին։
Ռուսաստանը շարունակում է խստորեն ցուցադրել իր չմիջամտելու դիրքորոշումն ու քննադատում Եվրոպային, որ այն չեզոքություն չի պահպանում։
Սակայն շատերն ասում են, որ այդ դիրքորոշումը միայն առերևույթ է։
Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ պետական հեռուստաընկերությունների գործադուլ անող աշխատակիցները փոխարինվել են ռուս մասնագետներով։
Ակտիվորեն խոսվում է այն մասին, որ Բելառուսում զգալիորեն ավելացել է ռուսական ռազմաբազաների կոնտինգենտը։
Փորձագետները ենթադրում են, թե պայմանավորվածություն կա, որ Լուկաշենկոն թույլ է տալու ավելացնել ռուսական ազդեցությունը երկրում՝ ցույցերը ճնշելու հարցում Մոսկվայի օգնության դիմաց։
Լուկաշենկոն կարող է ցույցի թուլացման հույս ունենալ։ Մարդկանց համար դժվար է ամեն օր փողոց դուրս գալ շաբաթներ և ամիսներ շարունակ։ Բանվորները, որոնք կորցրել են իրենց աշխատավարձերը, վաղ թե ուշ ստիպված կլինեն դադարեցնել գործադուլը։
Չնայած ընդդիմության՝ ուժայիններին հասցեագրված կոչին, նրանք հիմնականում հավատարիմ են Լուկաշենկոյին։
Բելառուս վերլուծաբան Վալերի Կարբալևիչը կարծում է, որ «իշխանությունը տեսել է բողոքի շարժման թույլ կողմը։ Այն չի աճում, չի հաջողվել համընդհանուր գործադուլ հայտարարել։ Եվ տրամաբանական է, որ Լուկաշենկոն հակահարձակման է դիմել»։
Բելառուս քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Կլասկովսկին ասում է, որ այս իրավիճակում վճռորոշ գործոնն այն է, որ Արևմուտքը Լուկաշենկոյի վրա ազդելու ուժեղ լծակներ չունի, իսկ Պուտինը նրան փաստացի սատարում է։
«Լուկաշենկոն բնավ հակված չէ հեռանալ և փոխզիջում գտնել, նա մտադիր է ճնշել դժգոհներին, անգամ եթե խոսքը միլիոնավոր մարդկանց մասին է։ Բելառուսը վերջնականապես ոստիկանական պետության վերածվելու վտանգի առջև է», — գրում է Կլասկովսկին։
«Մեր կարծիքը» փորձագիտական կենտրոնի վերլուծաբան Նիկոլայ Բուրովը կարծում է, որ Լուկաշենկոն կարող է իշխանությունը պահպանել մինչև 2020 թ–ի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսները՝ «տնտեսական ճգնաժամի աճի մեկնարկը»։
Ըստ ամենայնի, ասում է նա, «Բելառուսին սպասվում են ուժայինների և ժողովրդի միջև հերթական բախումները՝ պետական կառավարման համակարգի հետագա փլուզմամբ»։
Իսկ Շվեդիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Կարլ Բիլդտը նշում է, որ Բելառուսում իշխանության փոխանցման լավագույն մոդելը կարող է լինել Հայաստանի օրինակը։
Նրա կարծիքով՝ Արևմուտքը պետք է ակտիվ դիրքորոշում կայացնի և սատարի ժողովրդավարական Բելառուսին, բայց օգնի պահպանել կապերը Ռուսաստանի հետ։