Բաքվում երեք մարդ է զոհվել բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Կիսվել
Կիսվել
Լուսանկարը՝ Trend
Բաքվի կենտրոնում գտնվող մեկհարկանի փայտյա տանը պայթյուն է տեղի ունեցել, որը հրդեհի պատճառ է դարձել։ Դրա հետևանքով մահացել են տան բոլոր բնակիչները՝ երեք հոգուց բաղկացած ընտանիքը։
Պայթյունը տեղի է ունեցել հունվարի 9-ի առավոտյան։ Կրող պատը փլվել է, տան մնացած հատվածն ամբողջությամբ այրվել է։ Հրդեհը մարելիս հրշեջները հայտնաբերել են տղամարդու, նրա կնոջ և դստեր անկենդան մարմինները։
Հարևանների խոսքով՝ այդ տունը պետք է ապամոնտաժվեր, սակայն տանտերերը հրաժարվում էին լքել այն, քանի որ նրանց չէր գոհացնում դրամական փոխհատուցման չափը։ Բաքվի համար դա շատ տարածված իրավիճակ է։
Հարևանները պատմել են նաև, որ երեկ այդ շրջանում հերթական տունն են ապամոնտաժել, այդ պատճառով էլ մի քանի անգամ միացրել-անջատել են գազը։ Նրանք կարծում են, որ հերթական անջատումից հետո տանտերերը կարող էին մոռանալ փակել գազը, իսկ երբ այն կրկին տվել են, արտահոսք է տեղի ունեցել։
Ոչ մի պաշտոնական հայտարարություն այդ առթիվ դեռ չի եղել։ Տեղեկատվական կայքերը հաղորդում են միայն, որ հետաքննություն է ընթանում։
Կենցաղային գազի արտահոսքը կամ գազի բալոնի պայթյունն Ադրբեջանում բնակելի շենքերում տեղի ունեցող հրդեհների տարածված պատճառ է։ Անցյալ տարվա նոյեմբերին գազի արտահոսքի հետևանքով պայթյուն էր տեղի ունեցել Գյանջա քաղաքի բազմահարկ շենքում։ Այն ժամանակ նույնպես երեք մարդ էր մահացել։ Իսկ ավելի վաղ՝ մայիսին, երկու մարդ էր մահացել Բաքվի սրճարանում գազի բալոնի պայթյունի պատճառով։