Պատմություններ և լուսանկարներ" />

Լեգենդար թաղամասն, ուր որ է, կանհետանա․ բաքվեցիները հիշում են «Խորհրդային» թաղամասը

Պատմություններ և լուսանկարներ

«Խորհրդայինը» պատմական թաղամաս է Բաքվի Յասամալի շրջանում։ Այն հայտնի է նրանով, որ իր հարյուրամյա պատմության ընթացքում՝ ընդհուպ մինչև ապամոնտաժումն, ապրել է իր սեփական կանոններով։ Այդ թաղամասը վտանգավոր էր համարվում «օտարների» համար, փոխարենը դրա բնակիչները պաշտպանված էին յուրօրինակ «պատվի կանոնակարգով» և տեղի «հեղինակությունների» իշխանությամբ։

Նրբագեղ հին շենքերին զուգահեռ, որոնցից 200-ը պետության կողմից պահպանվում էին որպես ճարտարապետական հուշարձաններ, այստեղ կային նաև խարխուլ շինություններ, որոնք հաճախ կառուցվում էին առանց փաստաթղթերի։ Դրանց մեծ մասը վթարային վիճակում էր։

«Խորհրդայինը» վաղուց էին պատրաստվում ապամոնտաժել։ 2011թ-ին հայտնվեց այդ վայրում այգիների և ճանապարհների շինարարության պլանը։ Առաջին փուլն ավարտվեց 2016թ-ին։ Ճարտարապետական հուշարձաններն, առանց երկար մտածելու, պարզապես դուրս բերեցին ճարտարապետական հուշարձանների ցանկից և ապամոնտաժեցին։

«Խորհրդային» թաղամասում տների ապամոնտաժումը զուգակցվում էր բազմաթիվ սկանդալներով, քանի որ փոխհատուցումը, որն առաջարկում էին իշխանությունները, բնակիչներից շատերն անհամաչափ համարեցին։

«Խորհրդայինի» կառուցապատման նախագիծ

Այժմ սկսվելու է այն ամենի ապամոնտաժումն, ինչ մնացել է «Խորհրդայինում»։ Փլատակների վրա, որոնք Բաքվի լուսանկարիչները սիրում են գեղատեսիլ տեսարանի և դրամատիզմի համար, ողջ ուժով տեխնիկա է աշխատում։

Մենք բաքվեցիներին խնդրել ենք կիսվել «Խորհրդայինի» մասին իրենց հիշողություններով։

Թոգրուլ Վելիև․

«Եթե Առևտրայինի և Իսթիգլալիաթի շատ շենքեր կառուցվել են հայերի, հրեաների և ռուսների կողմից, ապա Խորհրդային թաղամասը մեծապես ադրբեջանական էր։ Փաստացի «Խորհրդայինը» 20-րդ դարասկզբի ադրբեջանական Բաքվի պատմությունն է։ Այստեղ կան և ճարտարապետական տեսանկյունից գեղեցիկ շենքեր, և «իտալական» բակեր՝ բակում գտնվող զուգարաններով, Թազափիր մզկիթն ու տարբեր ոճերի մոտ տասնյակ մզկիթներ և նույնիսկ՝ եկեղեցիներ։

Այստեղ է նաև մեր մշակույթը՝ տները, որոնցում ապրում էին հայտնի պոետները, գրողներն ու կոմպոզիտորները։

Իմ կարծիքով՝ որոշ հատվածներ կարելի էր պահպանել որպես թանգարան բաց երկնքի տակ, որոնք կարելի էր հյուրանոցների, կամ ռեստորանների կամ էլ այլ բաների վերածել»։

Էսմիրան սկսել է «Խորհրդայինում» ապրել, երբ ամուսնացել է տեղացի տղայի հետ։ Նա պատմում է 90-ական թվականների մասին։

«Մեր բակի տղաները սիրում էին ինքնահաստատվել անցնող զույգերի վրա։ Նրանք վիրավորում էին տղաներին՝ աղջկա մոտ նվաստացնելու համար։ Իսկ գիշերն, ըստ ամենայնի, այդ նույն տղաները «մենամարտում էին»։ «Ըստ ամենայնի» եմ ասում, որովհետև ամուսինս արգելում էր ինձ այդ պահերին պատուհանից դուրս նայել։

Եթե բակում երիտասարդ հարս էր հայտնվում, նրան արգելում էին ամռանը բակում գորգ լվանալ։ Իսկ երբեմն, երբ ամուսինը տանը չէր լինում, հարևանները բնակարանի դուռն աղջկա վրա կողպում էին։ Դա հատկապես տհաճ էր, երբ զուգարանը բակում էր»։

Այն ժամանակ դեռ գորգերի լվացման կետեր չկային, և գորգերը հին ձևով էին լվանում (իսկ ադրբեջանցի կանայք սիրում են գորգերը հաճախ լվալ)։ Երիտասարդ աղջիկների համար, «Խորհրդայինի» «վարքի կանոնակարգի» համաձայն, ոչ մի անհրաժեշտություն չկար ողջ բակի ժողովրդին ցույց տալու մինչև ծնկները մերկ ոտքերը։


Սևինջը «Խորհրդայինում» է ապրում 70-ական թվականներից։

«Այս պատմությունը տեղի է ունեցել 80-ականներին։ Մի անգամ գիշերը «Խորհրդայինի» փողոցներից մեկում ուրվական հայտնվեց։ Մարդիկ շոկի մեջ էին, ասում էին, որ իմամի ուրվական է։ Այն հայտնվում էր մեկ ամիս շարունակ՝ յուրաքանչյուր գիշեր, և դրա հայտնվելու վայրը դարձավ ուխտագնացության օբյեկտ։ Իսկ հետո պարզվեց, որ այնտեղ մի խաբեբա պրոյեկտոր էր միացնում և խաբում ողջ ժողովրդին»։

Մահերամն ապրում էր մեկ այլ «վտանգավոր» թաղամասում Կուբինկայում։

«Այս պատմությունը տեղի է ունեցել 2000թ-ին։ Ես որոշեցի համալսարանից տուն վերադառնալ «Խորհրդայինով»։ Ես հետևյալ տեսքն ունեի․կարճ տաբատ, «Նիրվանայով» վերնաշապիկ, մազերս՝ ավելի երկար, քան ընդունված էր այդ թաղամասում։ Անցնում եմ, մեկ էլ տղաները, թե «Այստե՛ղ արի»։ Իսկ ես միանգամից սկսեցի վազել, նրանք էլ՝ հետևիցս։ Հասցրի մոտակա ավտոտնակի կտուրը բարձրանալ։ Տղաները փորձում էին նույնպես բարձրանալ, սակայն ես ոտքով հարվածում էի նրանց մատներին, այնպես որ, ոչինչ չէր ստացվում։ Նրանք բղավում էին․ «Վաղ թե ուշ պետք է իջնես այդտեղից»։ Եվ դարանակալել էին ինձ։ Իսկ ես արդեն սովածացել եմ, տուն եմ ուզում։

Եվ այդ պահին բախտս բերեց։ Անսպասելիորեն բակ մտավ Կուբեինկայի ծանոթներիցս մեկը։ Նրա անունը չեմ հիշում, բայց նա լավ պարապած էր, այդ պատճառով Ստալոնե էինք ասում։ Նա այդ երեք տղաներից մեկին այնպես հարվածեց, որ մյուսները փախան»։

Կանայք վերադառնում են դեռևս չավերված տուն՝ ճանապարհին վառարանի համար չորափայտ հավաքելով։ Արդեն մեկ ամսից ավել է, ինչ գազ չկա։

Ֆահրեդինը «Խորհրդայինում» է ապրել 55-68 թթ-ին, մինչև նրա տունն ապամոնտաժելը։

«Ոստիկանությունն աշխատում էր բակեր չմտնել։ Եթե միայն շատ լուրջ մի բան չէր պատահում։

Մենք մեր հեղինակություններն ունեինք, օրինակ, Ղուլամ քեռին։ Նա իր տարածքում հետևում էր կարգուկանոնին։ Նրանք, ովքեր ամռանը հանգստանալու էին մեկնում, գիտեին, որ իրենց բակ գող չի մտնի, այդ պատճառով էլ թույլ մի կողպեքով էին փակում դուռը, որ կատու կամ շուն չմտնի ներս։

Մի անգամ մեր հարևան Էլիշը Լենինգրադից նոր ԳԱԶ-21 բերեց։ Առավոտյան իսկ գողացան։

Էլիշը փողոց է դուրս գալիս, տեսնում է Ղուլամ քեռին կանգնած է՝ անտարբեր դեմքով պատին հենված։ Սակայն իրականում հետևում է կարգուկանոնին, ինչպես և հարկն է որպես հեղինակություն։ Էլիշը մոտենում է նրան ու պատմում, որ մեքենան գողացել են։

Ղուլամ քեռին ասում է, որ նա չանհանգստանա և տուն գնա։ Իսկ ինքը կապվում է Բաքվի տարբեր թաղամասերի հեղինակությունների հետ, և առավոտյան գողացած մեքենան հետ են բերում ցերեկը չորսի կողմերն ու հարգանքով բանալին հանձնում Էլիշին։ Ոչ ոք հարցեր չի տալիս»։


Կարդալ ավելին JAMnews-ում