Բաքվում բողոքի ակցիայի մասնակիցներին ծեծել են ոստիկանական բաժանմունքում
Ոստիկանությունը բռնության է ենթարկել ադրբեջանցի ֆեմինիստներին, որոնք Բաքվում բողոքի ակցիա են անցկացրել, և լրագրողներին, որոնք ակցիայից ռեպորտաժներ էին պատրաստում։
Օգոստոսի 4-ին մի խումբ ֆեմինիստներ Բաքվի Խազարի շրջանի ոստիկանության բաժանմունքի դիմաց բողոքի խաղաղ ակցիա էին անցկացնում նախօրեին ամուսնու կողմից Սևինջ Մահերամովայի սպանության դեմ։
Ակտիվիստները ոստիկանական բաժանմունքի մուտքի վրա կարմիր ներկ էին լցրել, որը խորհրդանշում է արյուն, և պաստառներ պարզել՝ «Կանանց սպանությունները քաղաքական են» կարգախոսով։
- Ինչի՞ եք պատրաստ՝ ընտանիքը պահպանելու համար։ Ադրբեջանում փոխվում է ամուսնության նկատմամբ վերաբերմունքը
- Ադրբեջանցի կինոռեժիսորը կոչ է արել բռնաբարել բաց հագնված կանանց
- Ո՞վ է կանգնած Ադրբեջանում ֆեմինիստների վրա հարձակման հետևում
Այն բանից հետո, երբ ոստիկանները խլել են լրագրողների հեռախոսները, որոնք ակցիայից ուղիղ հեռարձակում էին իրականացնում սոցցանցերում, ակտիվիստներ Գյուլնարա Մեհթիևային, Սևգի Իսմայիլբեյլիին և Նարմին Շահմարզադեին, ինչպես նաև լրագրողներ Ուլվիա Ալիին, Էլնարա Գասիմովային և Նարգիզ Աբասալամովային ուժի կիրառմամբ բաժանմունք են տարել։
Այնտեղ նրանց պահել են մոտ մեկ ժամ, ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկել։
Բողոքի ցույցի պատճառը
Ամուսնու կողմից օգոստոսի 3-ին սպանված 23-ամյա Սևինջ Մահերամովան, որը երկու երեխաների մայր էր, 2021 թ-ի մարտին ֆեմինիստներից օգնություն էր խնդրել այն բանից հետո, երբ ֆիզիկական բռնության էր ենթարկվել։ Այն ժամանակ հայտնի էր դարձել, որ Մահերամովային 18 տարեկանում ամուսնացրել են Ֆիզուլի Գարաևի հետ, որը նրանից կրկնակի մեծ էր։
Աղջիկն անձը հաստաող փաստաթուղթ չուներ, այդ պատճառով էլ ամուսնու հետ պաշտոնական ամուսնություն չէր կարող լինել։ Համակեցության արդյունքում կինն ամուսնուց երկու երեխա էր ունեցել։ Ամուսնության առաջին իսկ օրվանից ամուսինը պարբերաբար ծեծել է Սևինջին։ 2021 թ-ի մարտին Ֆիզուլի Գարաևը նրան ծեծել էր փայտով, և երիտասարդ կինը փախել էր տնից, օգնություն խնդրել ակտիվիստներից, որոնք զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ։
Կանանց իրավունքների պաշտպան Գյուլնարա Մեհթիևայի խոսքով՝ այն, որ կինը ֆիզիկական բռնության է ենթարկվել, հաստատվել է լուսանկարներով և բժշկական փորձագիտության եզրակացությամբ։ Նրան փաստաբանով են ապահովել, և երիտասարդ կինը 23 տարեկանում առաջին անգամ կարողացել է անձը հաստատող փաստաթուղթ ստանալ, այնուհետև դիմել են իրավապահ մարմիններին՝ հայտնելով ամուսնու բռնի գործողությունների մասին։ Չնայած նրան, որ Բաքվի Խազարի շրջանի ոստիկանական բաժանմունքում քրեական գործ էր հարուցվել, Ֆիզուլի Գարաևին չէին ձերբակալել։ Բացի այդ, Գարաևը կնոջից թաքցրել էր երեխաներին, սկսել նրանց միջոցով մանիպուլյացիա անել, որպեսզի կինը տուն վերադառնա։
Մայիսի 4-ին Սևինջ Մահերամովան տուն էր վերադարձել և սպանվել ամուսնու կողմից երկու ամիս անց։ Գյուլնարա Մեհթիևան ասում է, որ Խազարի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետն ու աշխատակիցը, որն անմիջականորեն զբաղվում էր այդ գործով, ոչ միայն չեն ձերբակալել Գարաևին, թեև նրա դեմ բավականաչափ հանցանշաններ կային, այլև ամեն կերպ կնոջը փորձել են համոզել ամուսնու մոտ վերադառնալ։
«Իրավապահ մարմինները և Խազարի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետն, ինչպես նաև այդ բաժանմունքի աշխատակիցը հրաժարվել էին կալանավորել տղամարդուն, երեխաներից զրկել նրան և կնոջը ստիպել էին միևնույն տան մեջ ապրել բռնարարի հետ։ Այսօր այդ կինը սպանվել է, նրա գլուխը կտրել են, նա դիահերձարանում է», — հայտարարել է Գյուլնարա Մեհթիևան։
Բռնություն՝ բռնության դեմ ցույց անողների նկատմամբ
Բաքվի Խազարի շրջանի ոստիկանական բաժանմունքի շենքի դիմաց ակտիվիստների բողոքի ակցիայի պատճառն այս հանգամանքներն են եղել։
Այն բանից հետո, երբ ակցիայի ձերբակալված մասնակիցներին և լրագրողներին ազատ են արձակել, նրանք պատմել են, թե ինչ են վերապրել ոստիկանության շենքի ներսում։
«Երկու ոստիկան փորձել են խլել տեսախցիկս ու հեռախոսս։ Ես փորձում էի դիմադրել, ձեռքիցս բաց չէի թողնում գաջեթներս։ Մի քանի անգամ ասացի, որ լրագրող եմ։ Դրան ոչ մի ուշադրություն չդարձրին, տեսախցիկս խլեցին և թեթև վնասվածքներ հասցրին ինձ։ Տեսախցիկս նույնպես վնասվեց։
Ոստիկանները մեզ քարշ տվեցին բաժանմունքի շենք։ Իմ նկատմամբ բռնի գործողություններ չեն եղել, բայց ես տեսա, թե ինչպես էին բռնության ենթարկում Նարմին Շահմարզադեին, Գյուլնարա Մեհթիևային և Սևգի Իսմայիլբեյլիին։ Բոլորին հայհոյում էին, հոգեբանական ճնշում գործադրում։
Երբ ոստիկանը փորձեց լուսանկարել ինձ՝ պատին հենելով, ես հրաժարվեցի և գլուխս թեքեցի։ Հենց դեմքով շրջվեցի դեպի պատը, նա ինձ ասաց․ «Սովոր եք հետևով շրջվել», — Ֆեյսբուքում գրում է լրագրող Ուլվիա Ալին։
Գյուլնարա Մեհթիևան նշել է, որ իրենց տարբեր կաբինետներում են նստեցրել։ Նրա խոսքով՝ ոստիկանության երկու աշխատակից բռունցքով հարվածել են իր գլխին, քաշել մազերից և հատակով քարշ տվել, սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել։
«Այդ ոստիկաններից մեկի անունն Էլմիր Իբրահիմով է, մյուսինը՝ Փարվիզ։ Էլմիրն ինքն է ինձ ցույց տվել իր փաստաթղթերն ու հայտարարել, որ ես ոչինչ իրեն չեմ կարող անել։ Իսկ Փարվիզի անունը լսել եմ, երբ ինչ-որ մեկը պատահաբար կանչել է նրան»։
Մեհթիևայի խոսքով՝ ոստիկանները սպառնացել են, որ աղջիկները «լեզվով են մաքրելու ներկը, որը լցրել են ոստիկանության շենքի մուտքի վրա, իրենց շապիկներով են այդ ամենը մաքրելու»։ Սակայն այդ ընթացքում բաժանմունքի պետը հանկարծակի իմացել է, որ ակցիան հեռարձակվել է սոցցանցերում և հասարակությունը տեղյակ է կատարվածից։
«Նրանց թվում էր, որ բոլոր նյութեը միայն մեր հեռախոսներում և ֆոտոխցիկներում են։ Նրան զանգահարեցին և հայտնեցին, որ տեսայութը տարածվել է սոցցանցերում։ Աստված իմ, դրանից հետո նա քիչ էր մնացել ծեծեր իր աշխատակիցներին։ Վարչության պատերը ցնցվեցին նրա զայրալից ձայնից։ Միանգամից հրամայեց ազատ արձակել մեզ։ Եվ միանգամից անմեղ գառ դարձան», — Ֆեյսբուքում գրել է Նարմին Շահմարզադեն։
«Բաժանմունքում ես ենթարկվել եմ ֆիզիկական և հոգեբանական բռնության։ Մենք ենք ենթարկվել։ Տարօրինակ է՝ ծեծվել կնոջ սպանության դեմ բողոքի ցույցի պատճառով։ Եթե այդպիսի բռնություն ցուցաբերվեր բռնարարների նկատմամբ, վստահ եմ, կանանց սպանություններ չէին լինի։
Կանանց սպանությունները քաղաքական են։ Իսկ Ստամբուլի կոնվենցիան անպայման պետք է ստորագրել», — նշել է ակտիվիստ Սևգի Իսմայիլբեյլին։
Ակտիվիստներն ու լրագրողները, որոնք բռնության են ենթարկվել ոստիկանությունում, մտադիր են իրավապահ մարմիններին դիմել իրենց նկատմամբ բռնության փաստի առթիվ։