Բաքվի դպրոցի տնօրենը պատասխանատու է ճանաչվել աշակերտի մահվան գործով, բայց բանտում չի հայտնվի
Ավարտվել է Բաքվի դպրոցի տնօրեն Սևինջ Աբասովայի դատը, որը պատասխանատու է համարվում աշակերտներից մեկի մահվան համար։ Նա դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման։ Դատավճիռը ենթադրում է, որ նրան արգելվում է գիշերները տնից դուրս գալ, և նա պետք է էլեկտրոնային բրասլետ կրի։
Նաև նա պետք է մահացած աղջկա ծնողներին փոխհատուցում վճարի բարոյական և նյութական վնասի համար։
• Թե ինչպես են Ադրբեջանում «մոռանում» աղմկահարույց հանցագործությունների մասին
• Բուլինգը վրացական դպրոցներում․ երբ չի կարելի ուրիշներին նման չլինել
Պատիժը կրելուց հետո, երեք տարի անց Սևինջ Աբասովան կարող է կրկին պաշտոն զբաղեցնել կրթական համակարգում։
Աղջկա ծնողները դժգոհ են դատավճռից և պատրաստվում են բողոքարկել այն։
2019թ-ի ապրիլի 4-ին 14-ամյա Էլինա Հաջիևան ցած էր նետվել դպրոցի պատուհանից, որտեղ սովորում էր, քանի որ շատ աշակերտներ նրան մշտապես հալածում էին, իսկ դպրոցի ղեկավարությունը դրա վրա աչք էր փակում։ Գործը մեծ արձագանք էր ստացել և երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի անձնական վերահսկողության տակ է գտնվում։
Ինչպե՞ս է զոհվել Էլինա Հաջիևան
Երբ Էլինան պատուհանից ցած էր նետվել, տնօրենը շտապօգնություն չէր կանչել, փոխարենը երկու ժամ վիրավոր աղջկան պահել է իր կաբինետում։ Այնտեղ նա անչափահասների հետ աշխատանքի շրջանային հանձնաժողովի նախագահի հետ Էլինային ստիպել էր պատասխանել իր արարքի պատճառների մասին հարցերին։ Այդ ամենը տեսանկարահանվել էր։
Հետո Էլինային, ի վերջո, հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ նա երկու օրից մահացել էր ստացած վնասվածքներից։
Բժիշկները նրա մոտ չէին թողել ծնողներին և ասել էին, որ աղջկա հետ ամեն ինչ կարգին է։ Փոխարենը վերակենդանացման բաժանմունք են թողել դպրոցի ղեկավարության և տեղի գործադիր իշխանության ներկայացուցիչներին։ Նրանք կրկին «հարցաքննել են» Էլինային՝ պարզելով նրա արարքի շարժառիթները։
Այդ բոլոր մանրամասները տարածվել էին սոցցանցերում, մարդիկ վրդովվում էին և արդարություն պահանջում։ Նրանք ցանկանում էին, որ գործը լրջորեն հետաքննվի, աղջկա մահվանը մասնակից բոլորը պատժվեն՝ տնօրենը, հիվանդանոցի բժիշկները, դպրոցի հոգեբանը, դասղեկը։
Փոխտնօրենն ու դպրոցի հոգեբանն ազատվել են աշխատանքից։
Բժիշկների հետ ոչ ոք չի էլ փորձել ոչինչ պարզել։
Իսկ մեղադրյալի աթոռին հայտնվել էր միայն դպրոցի տնօրեն Սևինջ Աբասովան։ Նա նույնպես հեռացվել էր, տնային կալանքի տակ առնվել, նրա դեմ քրեական գործ էր հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածով։ Սակայն հետո այդ գործը կարճվել էր, և տնօրենին մեղադրանք էր առաջադրվել «անփութություն» և «վտանգի մեջ թողնելը» հոդվածներով։
Դատավարությունն ու դատավճիռը
Սևինջ Աբասովայի դատը սկսվել էր սեպտեմբերի 12-ին։
Տնօրենն իր մեղքը հերքում էր։
Լրատվամիջոցներն ու հանրությունն ուշադիր հետևում էին ընթացքին։ Շատ էին լուրերն ինչպես տնօրենի, այնպես էլ Էլինայի մոր մասին։ Այդ ասեկոսեները բուռն քննարկվում էին սոցիալական ցանցերում։ Տնօրենն ու նրան համակրողները փորձում էին աղջկա մահվան մեղքը գցել նրա ծնողների վրա, որոնք աղջկանով չէին զբաղվում։
Հեկտեմբերի 24-ին դատարանը Սևինջ Աբասովային մեղավոր ճանաչեց երկու հոդվածներով։ Երկուսուկես տարվա դատավճռից հանվել է այն ժամանակահատվածը, որը նա անցկացրել է տնային կալանքի տակ։
Արդյունքում՝ նա դատապարտվել է 2 տարվա 2 ամսվա և 14 օրվա ազատազրկման։ Դա ենթադրում է, որ Աբասովան չպետք է տնից դուրս գա 23:00-ից մինչև 07:00-ն, պարտավոր է էլեկտրոնային բրասլետ կրել, որը վերահսկելու է նրա տեղաշարժը։
Էլինայի ծնողներին նա պետք է 18500 մանաթ փոխհատուցում վճարի՝ շուրջ 11 հազար դոլար։ Ի սկզբանե ծնողները պահանջում էին 100 հազար մանաթ փոխհատուցում [շուրջ 59 հազար դոլար]։
Չափազանց մեղմ պատիժ
Ադրբեջանում շատերն այս դատավճիռն անարդար և չափազանց մեղմ են համարում։ Մարդիկ հիշում են, թե ինչպես էին ընդդիմադիր ակտիվիստներն ազատազրկման իրական ժամկետների դատապարտվել «խուլիգանության» կամ «զանգվածային անկարգությունների» մեղադրանքով։
Էլինայի ծնողները պատրաստվում են բողոքարկել դատավճիռը, մերժման դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել։
Էլինա Հաջիևայի ինքնասպանությունն ադրբեջանական հասարակությանն ու կրթության ոլորտի պաշտոնյաներին ստիպեց ուշադրություն դարձնել դպրոցներում բուլինգի խնդրին և սկսել պայքարել դրա դեմ։