Բանտում չպարզված հանգամանքներում մահացած ընդդիմադիր ակտիվիստը հուղարկավորվել է հասարակությունից գաղտնի
Կիսվել
Կիսվել
40-ամյա ընդդիմադիր ակտիվիստ Մեհման Գալանդարովը, որին մահացած են գտել Քյուրդախանի ավանի քննչական մեկուսարանի իր բանտախցում, հուղարկավորվել է ապրիլի 30-ին հասարակությունից գաղտնի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևը, որը առաջինն է ահազանգել՝ իմանալով Գալանդարովի մահվան մասին:
«Մեհման Գալանդարովի կյանքին վերջ է դրվել Քյուրդախանի ՔԿՀ-ում: Այդ ՔԿՀ-ի կողքն էլ նրան թաղել են գաղտնի: Սակայն թող նրանք, ովքեր նրա մահվան պատճառ են դարձել և թաքուն հուղարկավորել են, չմտածեն, որ իրենց կհաջողվի կոծկել այդ հանցագործությունը:Թող ոչ ոք չկասկածի, որ մենք կանենք ամեն հնարավորը նրանց մերկացնելու և պատժելու համար», — գրել է Գյուլալիևը:
Արդեն թաղումից հետո իրավապաշտպանը գտել է գերեզմանը:
Գալանդարովը կալանավորվել է փետրվարի 7-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Գյուլալիևը հիշեցրել է, որ Գալանդարովը «Թագավոր չենք ուզում», «Բոլորս Գիաս ենք» կարգախոսներով մի քանի ակցիաների կազմակերպիչ է եղել: «Նիդա» (բացականչություն) ընդդիմադիր երիտասարդական շարժման ակտիվիստներ Գիաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը կալանավորվել էին Հեյդար Ալիևի արձանի վրա բողոքի կարգախոսներ գրելու համար և ներկա պահին իրենց պատիժն են կրում նույնպես թմրանյութերի պահպանման հոդվածով:
Առաջին օրը քրեակատարողական ծառայության աշխատակիցները հերքեցին Գալանդարովի մահվան մասին սոցցանցերի տեղեկատվությունը, սակայն երկու օր անց Սաբունչինի շրջանի դատախազությունը քրեական գործ հարուցեց Ադրբեջանի ՔՕ 125-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնելը):
Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը բլոգերի մահվան համար պատասխանատվությունն Ադրբեջանի իշխանությունների վրա է դնում, փոխանցում է «Թուրան» գործակալությունը:
«Ֆեյսբուքում իշխանությունների քննադատության համար կալանքներն Ադրբեջանում համակարգային բնույթ են սկսել կրել: Հաճախ այլախոհներին, բլոգերներին մեղադրում են «թմրանյութերի պահպանման և վաճառքի համար»: Նույն կերպ են վարվել նաև Մեհման Գալանդարովի հետ», — ասված է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հայտարարությունում:
«Որպես մարդ, որը 16 ամսից ավել պատիժը կրել է Քյուրդախանի ՔԿՀ № 1-ում, վկայում եմ, որ այդ բանտախցերում առանց կողմնակի օգնության կախվել հնարավոր չէ», — Յունուսի խոսքերն է մեջբերում «Թուրանը»:
Գալանդարովի ազգականները հրաժարվել են լրագրողների հետ շփվել և կոչ են արել մամուլի ներկայացուցիչներին իրենց հանգիստ թողնել՝ հայտարարելով, որ բլոգերը «արժանի չէ հոգեհացի», գրում է Contact.azկայքը: Տեղի ակտիվիստները չեն բացառում, որ ազգականների վրա ճնշում է գործադրվել:
Բլոգերն իր սեփական ընտանիքը չունի: Մարմինը փոխանցվել է նրա քրոջ ընտանիքին: