«Բանտը չի ուղղում»․ Հայաստանում վաղաժամկետ ազատ արձակման որոշումներ հազվադեպ են ընդունվում
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակում
Հայաստանում գործում է 10 քրեակատարողական հիմնարկ, որտեղ հիմնականում պահվում է մոտ երկու հազար մարդ։ Փորձագետները դատապարտյալների փոքր թիվը դրական ցուցանիշ են համարում երկրի համար։ Սակայն կարծում են, որ արդարադատության համակարգում կատարվող բարեփոխումների շարքում անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն հատկացնել նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ընթակարգին։ Նման որոշումներ Հայաստանում շատ հազվադեպ են կայացվում։
Նախկին դատապարտյալներն ու ոլորտի փորձագետները՝ պայմանական վաղաժամ ազատման ընթացակարգի ու այն վերափոխելու մասին։
- Ապագան հիասքանչ է, եթե այն կա
- Ադրբեջանը մտադիր է դատի տալ Արցախի նախագահին, հայկական կողմը պահանջում է դատել Ալիևին
- Նամակներ հայաստանյան բանտից. «Երաշխավորված ազատություն»
Երբ բանտի ու ազատության մասին գիտես սեփական փորձով
Իրավանաններ, հասարակական կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ քննարկում են արդարադատության ոլորտի հիմնախնդիրները։ Սրահում, որտեղ անցնում է միջոցառումը, թեժ մթնորոլրտ է, մասնակիցները վիճում են։ Պատի տակ մեկուսի նստած երիտասարդը ոչ մի բառ չի ասել ամբողջ քննարկման ընթացքում՝ անունից բացի։ Ոտքի անհանգիստ շարժումները, եղունգները կրծելը միանգամից հուշում են իրավիճակի անսովորությունը։ Քիչ անց երիտասարդը լքում է սրահը։
«Ընկերս դեռ չի սովորել ազատությանն ու այսքան շատ մարդու։ 10 օր էլ չկա, ինչ դուրս է եկել բանտախցից, որտեղ անցկացրել է 8.5 տարի։ 23 տարեկանում է հայտնվել բանտում թմրամիջոց տեղափոխելու համար, պայմանականորեն ազատ արձակվել՝ 32-ում։ Այս երկու թվերի արանքում մի կյանք է մնացել՝ չապրած»,– ասում է Արմեն Դավթյանը։
Ինքն էլ է նախկին դատապարտյալ։ Քրեակատարողական հիմնարկում հայտնվել է խարդախության համար, բանտախցում անցկացրել 5,5 տարի ու հասցրել 3 լրագրողական մրցանակ շահել՝ ճաղերից այն կողմ։ Ամենասիրելի մրցանակն այն մեկն է, որ ստացել է սիրո մասին նյութի համար։
«Երբ դատավորը կարդաց վճիռը, ինձ թվաց՝ այն մահապատժի մասին է։ Մինչդեռ խոսքը 5.5 տարվա մասին էր։ 43 տարեկան էի, երբ դատապարտվեցի։ Երբեք ինձ մեղավոր չեմ համարել, գտնում եմ, որ իմ հանդեպ նաև քաղաքական հետապնդում էր իրականացվում՝ պայմանավորված իմ լրագրողական գործունեությամբ։ Գործը հիմնված էր այն պնդման վրա, թե ես ծանոթացրել եմ երկու մարդու, որոնցից մեկը ցանկացել է գումար կորզել մյուսից։ Ես ներկայացվում էի որպես միջնորդ»,– պատմում է Արմենը։
Առաջին օրը, երբ հայտնվեց բանտում, հավատը չէր գալիս․ դա «իր տեղը չէր, ինքը ոչինչ չգիտեր այդ կյանքի մասին»։ Ասում է, ամենանվաստացուցիչը անձնական զննությունն էր, երբ բոլորովին մերկ կանգնած էր անծանոթ մարդկանց առաջ։
«Ինձ ուղեկցող աշխատակիցը երևի զգաց հոգեվիճակս, որովհետև միանգամից ասաց, որ տեղում մատուռ կա, կարող եմ մոմ վառել, աղոթել, եթե ուզում եմ։ Ես հրաժարվեցի։ Քիչ անց նույն աշխատակիցը եկավ ու ասաց, որ ես առաջին մարդն եմ, որ հրաժարվել է դրանից։ Հարցրեց՝ այլ կրոնական համոզմունքներ ունե՞մ։ Ասացի՝ ոչ, ես ուղղակի գումար չունեմ մոմ գնելու համար։ Պարզվեց՝ ոչ ոք էլ չունի, այստեղ մոմն անվճար է»,– հիշում է Արմենը։
Մինչև իր՝ խցում հայտնվելը, լուրերն արդեն հասել էին բանտ․ լրագրող է գալիս։ Այդ պատճառով էլ քրեակատարողական հիմնարկում խնդիրներ ուներ։ Շատերն իրեն «կլյաուզնիկ» էին համարում, չէին ուզում նույն խցում գտնվել, որովհետև համոզված էին՝ ներսում կատարվողի մասին բանտի ղեկավարությունը կիմանա։
«Պահ է գալիս, երբ ուղղակի հասկանում ես, որ իրականությունդ փոխվել է, և դու կա՛մ հարմարվելու ես դրան, կա՛մ կյանքդ դժոխք է դառնալու։ Ընթացքում մարդիկ հասկացան, որ ես իրենցից մեկն եմ՝ ականջս խուլ, աչքս՝ կույր։ Ավելին՝ հասկացան, որ իմ մասնագիտական կարողությունները կարող են օգտակար լինել նաև իրենց համար․ ես կարող եմ բարձրաձայնել խնդիրներ, որոնք մինչ այդ անլսելի են եղել շատերի համար, կարող եմ պատմել բանտի պատերից դուրս գտնվողներին՝ ներսում ապրողների իրավունքների մասին։ Այդպես բանտային կյանքը նաև իմը դարձավ»,– ասում է նա։
Քրեակատարողական հիմնարկում գտնվելու տարիներին Արմենը չդադարեց գրել։ Թղթակցում էր տարբեր պարբերականների, փոքրիկ հոնորարներ ստանում, որոնք ուղարկում էր տուն՝ մորը։
Արդեն բանտում Արմենին երկրորդ մեղադրանքն առաջադրվեց․ նրան փոխանցված արգելված իրի՝ բջջային հեռախոսի մեջ, թմրանյութ էին գտել։ Արմենն ասում է՝ երբեք թմրանյութ չէր էլ տեսել, բայց դա այլևս էական չէր։ Անազատության իր ժամկետին գումարվեցին ևս 3–ը։ Բայց Արմենն այն քչերից է, ում հաջողվեց վաղաժամ ազատ արձակվել։
Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու գործընթացը միշտ էլ խնդրահարույց է եղել, բայց այն ավելի բարդացավ Covid-19 համավարակի ժամանակ։ Մինչդեռ բոլոր միջազգային կառույցները խորհուրդ էին տալիս պարզեցնել այս ընթացակարգերը՝ համավարակի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում մարդկանց թիվը նվազեցնելու համար։
«Դատապարտյալներին դատերին չէին տանում՝ տարբեր պատճառներից ելնելով։ Դրանց գումարվել էր նաև համավարակը, դառնալով շատ հարմար պատրվակ՝ լսումները հետաձգելու համար։ Իմ գործով դատերն անընդհատ հետաձգվում էին՝ իմ չներկայանալու հիմքով։ Սա տևեց ամիսներ, այնքան, որ ես դիմում գրեցի և խնդրեցի, որ դատական նիստն իրականացնեն առանց իմ ներկայության։ Այսպես շատերն էին անում, բայց միայն իմ դիմումը ընթացք ստացավ, կարծում եմ՝ կրկին լրագրող լինելս ազդեց»,– ասում է Արմենը։
Այդ ժամանակ էր, որ հասկացավ՝ ինքը ուղղակի բացառություն է, մյուսների բախտը հաստատ չի բերելու։ Մտածեց, որ պետք է ստեղծել մի կառույց, որը կօգնի դատապարտյալներին պաշտպանել իրենց իրավունքները։ Ազատվելուց հետո՝ երկու այլ նախկին դատապարտյալների հետ ստեղծեց «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը։ Դրա հիմնական նպատակը դատապարտյալների իրավունքների պաշտպանությունն ու նրանց վերաինտեգրումն է հասարակությանը։
Ինչպե՞ս է տեղի ունենում պայմանական վաղաժամ ազատումը
Պայմանական վաղաժամ ազատ արձակման համար յուրաքանչյուր դատապարտյալի անհրաժեշտ է երկու զեկույց․ մեկը ներկայացնում է Պրոբացիայի ծառայությունը՝ դրական կամ բացասական եզրակացությամբ, մյուսը՝ Քրեակատարողական ծառայությունը՝ միավորներով։ Դատապարտյալը պետք է կարողանա առնվազն 28 միավոր հավաքել՝ ազատման գործընթացը սկսելու համար։
Արմեն Դավթյանն ասում է՝ միավորների կուտակման մեխանիզմը ոչ միայն արդյունավետ չէ, այլև որևէ կերպ չի նպաստում դատապարտյալի ուղղման գործընթացին։ Որպես օրինակ՝ Արմենը նշում է, որ ըստ ընթացակարգի, եթե մարդը դատապարտվել է մինչև 28 տարեկանը, ապա ոչ մի միավոր չի ստանում, եթե 28 տարին լրանալուց հետո, ապա ի սկզբանե կուտակում է 2 միավոր։
«Ամենաբարձր միավորը՝ 5, կարող ես կուտակել, եթե ապացուցես, որ քրեական ենթամշակույթ կրող չես։ Ինչպե՞ս ես դա ապացուցելու, ուղղակի երդվելո՞վ։ Ի՞նչ ընթացակարգով է որոշվելու՝ ստո՞ւմ ես, թե ոչ։ Միավորներ կուտակելու համար ես, օրինակ, որոշեցի անգլերենի դասընթացի գնալ։ Պարզվեց՝ բոլոր տեղերն արդեն զբաղված են։ Փոխարենն ինձ առաջարկեցին հայոց լեզվի խմբակ գնալ։ Ես, որ մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ, գնացի այդ խմբակ՝ 3 միավորի համար։ Սա, իհարկե, աբսուրդ է»,– ասում է Արմենը։
Միավորներ կուտակելու համար դատապարտյալը պետք է նաև աշխատի, իսկ քրեակատարողական հիմնարկները օբյեկտիվորեն չեն կարող զբաղվածություն ապահովել 2000–ից ավելի մարդու համար։
Բացի այդ, միավորներ են կուտակվում նաև քրեակատարողական հիմնարկի տնօրինությունից ստացված խրախուսանքների համար։ Թե որքան դժվար է արժանանալ այդ խրախուսանքին, կարելի է ենթադրել թվերից։ 2021 թ․–ի ընթացքում խրախուսանքի արժանացել է միայն 6 դատապարտյալ, որոնցից 4–ը չեղարկվել է դատախազության կողմից՝ համապատասխան ստուգումն անցնելուց հետո։
Դատարանի որոշման վրա կարող են ազդել դատապարտյալի ունեցած խախտումները։ Համավարակի ընթացքում խախտումները հիմնականում վերաբերվել են արգելված իրեր ունենալուն՝ բջջային հեռախոսներին։ Մինչդեռ շուրջ 2 տարի, Արմենի խոսքով, քրեակատարողական հիմնարկներում գտնվողների համար հեռախոսը արտաքին աշխարհի ու ընտանիքի հետ կապի միակ միջոցն է եղել, քանի որ այցելություններն արգելված էին։
Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացված զեկույցներին։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հետազոտության համաձայն՝ 2020 թ․–ին Պրոբացիայի ծառայության զեկույցների 80-85 %-ը բացասական եզրակացությամբ են եղել։
Վիճակագրություն
Այս տարվա մայիսի դրությամբ, քրեակատարողական հիմնարկներում պահվել է 1027 դատապարտյալ։ Ըստ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի, ընդհանուր առմամբ, այդ թիվը տատանվում է 2200-ի շրջանակում: Բայց 2018 թվականից, այսինքն «թավշյա հեղափոխությունից» հետո դատապարտյալները հիմնականում 1000-ի շրջանակում են լինում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է մայիսին անդրադարձել այս թեմային և հայտնել, որ 2021 թվականի արդյունքներով՝ «Հայաստանը բանտային բնակչության խտության առումով զիջում է միայն մեկ եվրոպական երկրի, և այդ եվրոպական երկիրը Մոնակոն է»։ Նա շեշտել է, որ իր կառավարության օրոք երկու քրեակատարողական հիմնարկ փակվել է, քանի որ դրանց անհրաժեշտությունը չկա և այն պատճառով, որ «այդ քրեակատարողական հիմնարկները չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք ուզում ենք ունենալ»:
Իրավաբանները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները հաստատում են, որ դատապարտյալների ընդհանուր թիվը երկրում մեծ չէ, և դա դրական են գնահատում։ Սակայն մատնանշում են, որ արդարադատության համակարգում կան այլ խնդիրներ, լրջագույններից մեկն էլ պայմանական վաղաժամկետ ազատ արձակումն է։
Վերջին երեք տարիներին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումների միայն չնչին մասն է բավարարվել․
- 2019 թ․–ին եղել է 1138 դիմում, որից բավարարվել է միայն 212–ը,
- 2020 թ․–ին 722 դիմումից բավարարվել է 199–ը,
- 2021 թ․–ին պայմանական վաղաժամ ազատման մասին դիմում ներկայացրել է 740 մարդ, նրանցից ազատ է արձակվել միայն 182–ը։
«Քրեակատարողական հիմնարկը պետք է ոչ թե պատժի, այլ ուղղի»
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը կարծում է՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար գործող բալային համակարգը ոչ թե օգնում է գործընթացին, այլ ձախողում այն։ Ստացվում է, որ դատապարտյալը ոչ թե փորձում է փոխվել, այլ բալեր կուտակել։
«Պատկերացրեք, որ դատապարտյալն ընկնում է հոգեբանի, սոցիալական աշխատողի, քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի հետևից՝ խնդրելով այս կամ այն փաստաթուղթը կցել իր գործին, հիմնավորել իր վարքը, ներգրավվածությունը տարբեր միջոցառումներին և այլն։ Այսինքն՝ թե՛ դատապարտյալը, թե՛ համակարգը լծված են ոչ թե ուղղվելուն, այլ դատախազին ինչ–որ բան ապացուցելուն։ Ստացվում է, որ այն ամենն, ինչ արվում է, ձևական բնույթ է կրում, և միավորները ոչ թե արդյունք են դառնում, այլ նպատակ»,– ասում է Նարե Հովհաննիսյանը։
Վստահ է՝ այսօր գործող ընթացակարգը դատապարտյալի վարքի դինամիկայի մասին ոչ մի հստակ պատկերացում չի տալիս, ավելին՝ իմաստազրկում է ողջ գործընթացը՝ մեխանիկական, խիստ սահմանափակ գործիքակազմի պատճառով․
«Պատկերացրեք իրավիճակ, երբ դատապարտյալն իրոք ուզում է աշխատել կամ սովորել, սակայն քրեակատարողական հիմնարկն այդ հնարավորությունները չունի։ Օրինակ՝ կան քրեակատարողական հիմնարկներ, որտեղ ոչ մի կրթական ծրագիր չի իրականացվում։ Ստացվում է, որ մարդու սովորելու ցանկությունը ոչ մի ազդեցություն չի ունենում նրա հավաքած միավորների և ազատվելու հնարավորության վրա։ Հիմնարկի ներսում կատարվող պրոցեսները որևէ աղերս չունեն ազատության մեջ մարդու կյանքը պլանավորելու հետ, որևէ կերպ չի օգնելու ազատության մեջ ավելի հեշտ վերաինտեգրվելուն»։
Ազատ արձակվողների փոքր թիվը նույնպես փորձագետը բացատրում է գործընթացի մեխանիկական բնույթով․
«Քանի որ մարդու վարքի դինամիկայի համալիր, գործող մեխանիզմ գոյություն չունի, համակարգը չի կարողանում հիմնավորել, թե ինչու տվյալ մարդը պետք է դուրս գա կամ շարունակի մնալ բանտում։ Այդ պատճառով էլ սահմանափակվում են այն թվերով, որոնք կան այսօր։ Մինչդեռ, քրեակատարողական հիմնարկը պետք է ոչ թե պատժի, այլ ուղղի մարդուն։ Եվ որքան շուտ, այնքան ավելի լավ»։
Ի՞նչ են առաջարկում նախկին դատապարտյալները
«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունն այս պահին աշխատում է օրենսդրական փաթեթի վրա, որով առաջարկում է փոխել Քրեակատարողական օրենսգրքի՝ «Պայմանական վաղաժամկետ ազատման» մասին 76–րդ հոդվածի ընթացակարգը։
Նախ Արմենն ու ընկերներն առաջարկում են վերանայել դատապարտյալների համար նախատեսված բալային համակարգը և սահմանափակվել միայն Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կողմից դրական կամ բացասական զեկույցների ներկայացմամբ։
Բացի այդ, նրանք առաջարկում են, որպեսզի պայմանական վաղաժամկետ ազատման մասին դատերը վարեն հատուկ դատավորներ, քանի որ շատ անգամ լսումներն ամիսներ շարունակ հետաձգվում են դատավորների գերծանրաբեռնվածության պատճառով։ Որպես այլընտրանքային տարբերակ, դիտարկվում է նաև դատավարություններն արտագնա նիստի ձևով՝ հենց քրեակատարողական հիմնարկում իրականացնելու հնարավորությունը, որտեղ կարելի է մեկ օրում 10-15 գործ քննել։
Կորցրածն ու գտածը
Արմենն ասում է՝ միակ բանը, ինչի համար կյանքում ափսոսում է, անազատության մեջ անցկացրած 5.5 տարիներն են։ Մտածում է՝ այդ ընթացքում գուցե սիրահարվեր ու ամուսնանար, ընտանիք ունենար․
«Իրականում, ես միայն փակի տակ անցկացրած տարիները չեմ կորցրել։ Ես շատ ավելին եմ կորցրել։ Երկար ամիսներ չէի կարողանում հարմարվել այս իրականությանը․ իմ սենյակում քնելուն, իմ մահճակալին, ամեն առավոտ արթնանալուն ու պատուհանից բարձրահարկ շենքեր տեսնելուն։ Թվում է՝ մի ամբողջ կյանք ազատության մեջ ես ապրել, ինչպե՞ս պետք է փոխի քեզ այդ 5.5 տարին։ Բայց փոխում է, ու շատ։
Մայրս շատ էր անհանգստանում, վերադարձից հետո ինձ չէր ճանաչում։ Բայց անազատությունն այդպիսի բան է, դու երբեք այլևս նույնը չես լինում։ Ես, որ ազատ արձակվելուս հաջորդ իսկ օրը աշխատանքի եմ գնացել, ամիսներ շարունակ չէի հարմարվում ազատությանը։ Ինչպե՞ս հարմարվեն բոլոր այն մարդիկ, որ դուրս են գալիս բացարձակ դատարկության մեջ՝ ո՛չ ընտանիք, ո՛չ աշխատանք, ո՛չ նախկին շրջապատ։ Միայն կարծրատիպեր ու խտրականություն»։
Մյուս կողմից, Արմենը վստահ է՝ այդպիսով «Աստված իրեն դադար տվեց», հնարավորություն՝ մտածելու, ապաշխարելու, սթափվելու։ Բանտը իրեն բաժին հասած նախախնամությունն էր, որ, ի վերջո, հասկանար՝ կյանքում ամեն արարք հետևանք ունի։ Այդ պատճառով էլ հիմա ուզում է, որ իր գործերը բարի ավարտ ունենան։
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակում