Բանկերն Աբխազիայում
Աբխազիայում սկսում է արդյունավետ դառնալ բանկային քարտերի և ԱՊՐԱ բանկոմատների սեփական համակարգը:
Միայն վերջին 3 ամիսներին ԱՊՐԱ և ՄՊՍ բանկային քարտերը սպասարկող բանկոմատների քանակը կրկնակի ավելացել է. 2016թ-ի մայիսին 380 տերմինալ էր աշխատում, իսկ հոկտեմբերին՝ արդեն 700:
Մինչև տարվա վերջ պլանավորվում է դրանց քանակն հազարի հասցնել:
Հարցի պատմությունը
Մեկուսացումը, որում Աբխազիան գտնվում է հետպատերազմական տարիներին (1990-ականների սկզբից) ավտոմատ կերպով տարածվում էր նաև տեղական բանկային համակարգի վրա: Ոչ մի միջազգային վճարային համակարգ, ինչպես օրինակ Visa-ն և MasterCard-ն, Աբխազիայում չեն աշխատել և չեն աշխատում:
Զբոսաշրջիկները միշտ ստիպված են եղել իրենց հետ կանխիկ գումար վերցնել հանգստի ժամանակ ծախսելու համար: Դա լրջագույնս անդրադառնում էր աբխազական տնտեսության վրա, քանի որ այդ ամբողջ կանխիկ գումարը մի քանի անգամ մեծացնում էր ստվերային շրջանառությունը:
Աբխազիայում սեփական այլընտրանքային վճարային համակարգ ստեղծելու միտքը ծագեց դեռևս 2000-ականների սկզբին: Սակայն հնարավոր չեղավ իրագործել, առաջին հերթին որովհետև անհրաժեշտ միջոցներ չկային:
Իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ 2008թ-ին Ռուսաստանը ճանաչեց աբխազական պետականությունը: 2011թ-ին Աբխացիայի Ազգային բանկը Ռուսաստանից 700 մլն ռուբլի (մոտ 11 մլն դոլար) ստացավ որպես բանկային համակարգի զարգացման վարկ, և այդ գումարի մի մասը (100 մլն ռուբլի) ուղղեց ԱՊՐԱ համակարգի մշակմանն և ներդրմանը:
Սակայն այն ժամանակ ամեն ինչ սահմանափակվեց սարքավորումներ և ծրագրային ապահովում գնելով: Եվ, հնարավոր է, որ ԱՊՐԱ համակարգին վրա ուղղված գումարները դատարկ ծախս դառնային, եթե չլիներ 2014թ-ին Աբխազիայի Ազգային բանկը գլխավորած Բեսլան Բարատելիան:
Նա որոշեց վերակենդանացնել նախագիծը, հատկապես որ արդեն ժամանակն էր դրա վրա ծախսված վարկը վերադաձնելու:
Կանխիկ գումարն ավելի վստահելի՞ է
Սեփական վճարային համակարգի ներդրման առաջին քայլերը մեծ դժվարությամբ էին տրվում: Մարդիկ երկար տարիների ընթացքում սովորել էին վստահել միայն կանխիկ դրամին և ոչ մի կերպ չէին ուզում փոխել սովորությունները:
2015թ-ի հունվարին, երբ պաշտոնապես գործարկվեց համակարգը, ԱՊՐԱ բանկային քարտերով ընդամենը 20 հազար ռուբլի [մոտ $300] էր անցել: Սակայն արդեն կես տարուց այդ ցուցանիշը հասավ օրական մեկ միլիոն ռուբլու [մոտ $15,600], իսկ 2016թ-ին՝ շրջանառությունը հասավ 2,5 մլն ռուբլու [մոտ $40,000]:
Ներկա պահին Աբխազիայի Ազգային բանկը գործընկերային պայմանագրեր է կնքել մի քանի ռուսական բանկերի հետ, և այժմ Աբխազիա ժամանող ռուսները կարող են ռուսական բանկային քարտերից իրենց գումարները ստանալ ԱՊՐԱ բանկոմատների միջոցով:
2016թ-ի առաջին 8 ամիսների ընթացքում ՄՊՍ քարտապանները (մեծ մասամբ Ռուսաստանից եկած զբոսաշրջիկները) ԱՊՐԱ բանկոմատների միջոցով 1.1 մլրդ ռուբլի [մոտ $16 մլն] են կանխիկացրել, և մոտ նույնքան գումար է անցել ԱՊՐԱ համակարգով բանկային գործարքների միջոցով:
Ինչպես է դա աշխատում, կամ դժբախտույթունը միավորում է
Սակայն վճարային համակարգի ամբողջական կայացման համար դեռ երկար ճանապարհ է պետք անցնել, քանի որ ԱՊՐԱ-ն մեկ մեծ թերություն ունի. այն ընդամենը լոկալ ցանց է: ԱՊՐԱ քարտն Աբխաիայից դուրս հնարավոր չէ օգտագործել:
Աբխազիայի Ազգային բանկի ղեկավարությունը բանակցություններ է վարում նոր ռուսական Վճարային քարտերի ազգային համակարգի հետ, որպեսզի աբխազական ԱՊՐԱ-ից հնարավոր լինի օգտվել գոնե Ռուսաստանի տարածքում: Հնարավոր է, հաջորդ տարի այդ համագործակցությունն իրականացվի «Միր» ռուսական վճարային քարտի միջոցով:
Սակայն եթե անգամ հաջողվի դա անել, դա ոչ ամբողջական որոշում կլինի:
Այդ ռուսական համակարգը (100%-ով պատկանում է ՌԴ Կենտրոնական բանկին) ստեղծվեց 2014թ-ի հուլիսին այն բանից հետո, երբ ռուսական բանկերը միջազգային պատժամիջոցների պատճառով խնդիրներ ունեցան Visa-ի և MasterCard-ի հետ: «Միր» համակարգն արդյունքում աշխատում է բացառապես Ռուսաստանի տարածքում, այդ պատճառով էլ աբխազական ԱՊՐԱ-ի հետ համագործակցությունը լիովին հնարավոր է:
«Միրն» ու ԱՊՐԱ-ն միավորում է այն, որ դրանք երկուսն էլ ծնվել են պատժամիջոցների կիրառման արդյունքում:
Հեռանկարներ
Այսօր բյուջետային կազմակերպությունների բոլոր աշխատակիցներն ու թոշակառուներն իրենց աշխատավարձերն ու թոշակները ստանում են ԱՊՐԱ քարտերով: Ենթադրվում է, որ առաջիկա տարիներին այդ համակարգը կտարածվի և առևտրային կառույցների վրա:
Նրանց համար լրացուցիչ խթան կարող է լինել այն, որ բանկային փոխանցման ժամանակ և բանկոմատից գումար ստանալիս սպասարկման համար որևէ միջնորդավճար չի գանձվում:
Նախորդ տարվանից այդ վճարումների 20%-ն ուղղակիորեն գնում է Աբխազիայի Ազգային բանկի բյուջե: Դրա շնորհիվ 2015թ-ին բանկն ԱՊՐԱ համակարգի հաշվին գրեթե մեկ մլն ռուբլի է վաստակել [մոտ $16,000]: Ընդ որում, ծրագրի վրա բանկը ծախսել է մոտ 12 մլն ռուբլի [մոտ $120,000]:
«Սպասում եմ, որ եթե հաջողվի երեք տարվա ընթացքում պահպանել աճի տեմպը, ԱՊՐԱ-ն 70-80% փոխհատուցելիություն կապահովի», — ասում է Բեսլան Բարա:
Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն: