Աֆղանստանի անկումը․ ինչո՞ւ դա տեղի ունեցավ, և ինչպիսի՞ն է լինելու նոր Իսլամական խալիֆայությունը
Թե ինչպես «Թալիբանը» գրավեց Աֆղանստանը
Օգոստոսի 16-ի առավոտյան աֆղանական «Թալիբան» կազմակերպությունը, որն ահաբեկչական է համարվում աշխարհի շատ երկրներում, առանց մարտերի գրավեց Քաբուլը։ Այսպիսով ավարտվեց ողջ Աֆղանստանի կայծակնային զավթումը, ինչը տեղի ունեցավ բառացիորեն մի քանի շաբաթում այն բանից հետո, երբ արևմտյան կոալիցիան հայտարարեց իր զինված ուժերի դուրսբերման մեկնարկի մասին։
Այժմ Աֆղանստանի նախկին պատմությունը կարելի է ավարտված համարել և սկսել նորի հաշվարկը, հայտարարում է միջազգային փորձագետների մեծ մասը։
Թալիբները վերահսկում են երկրի բոլոր սահմանամերձ կետերը։
Ջախջախված աֆղանական բանակը փախել է առանց մարտերի և պարզապես փլուզվել։
Տաջիկստանը և Ուզբեկստանը հաղորդում են, որ իրենց սահմանը հատել են աֆղանական բանակի հազարավոր զինվորներ, որոշներն՝ ամբողջական ստորաբաժանումներով։
Միլիարդավոր դոլարներն աֆղանական բանակի վրա իզո՞ւր են ծախսվել
Շատերն են հարցադրում անում․ ինչո՞ւ ամեն ինչ կայծակնային արագությամբ տեղի ունեցավ։
Չէ՞ որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները Մեծ Բրիտանիայի ակտիվ մասնակցությամբ վերջին 20 տարում ինտենսիվ կերպով մարզում էին անվտանգության աֆղանական կառավարական ուժերին, լուրջ ֆինանսներ էին ներդնում վերազինման մեջ, հայտարարում էին, որ Աֆղանստանի բանակն ուժեղ է և պատրաստ է ցանկացած մարտահրավերի դիմակայել։
ԱՄՆ գլխավոր հատուկ տեսուչն Աֆղանստանի հարցերով իր վերջին հաշվետվությունում, որը ներկայացրել է ամերիկյան Կոնգրեսին, հաղորդում է, որ միայն ԱՄՆ-ն Աֆղանստանի անվտանգության ոլորտի վրա ծախսել է ավելի քան 88 մլրդ դոլար։
Եվ ահա թալիբներից ընդամենը մի ամիս պահանջվեց՝ երկիրն ամբողջությամբ գրավելու համար։
Ինչո՞ւ
Կոռուպցիա
Ըստ փաստաթղթերի՝ անվտանգության պետական ուժերում ավելի քան 300 հազար մարդ էր հաշվառված՝ բանակում, ոստիկանությունում և ռազմաօդային ուժերում։ Սակայն իրականում միշտ խնդիրներ են եղել զինվորականների և ոստիկանների անհրաժեշտ թվի հետ։ Այդ թվում՝ կոռուպցիայի պատճառով, ինչպես գրում է Բի-Բի-Սին, շատ հրամանատարներ գումար էին վերցնում զինվորներից, որպեսզի նրանք չծառայեն, սակայն զեկուցվի, թե ծառայում են։
Բարոյական ոգի
Պաշտպանության ոլորտի թագավորական միացյալ բրիտանական ինստիտուտի (RUSI) աշխատակից Ջեք Ուոթլինգը խոսում է զինվորների բարոյական ոգու հետ կապված լուրջ խնդիրների մասին։ Նրանց պարբերաբար ծառայության էին ուղարկում շրջաններ, որտեղ նրանք չունեին ոչ ընտանեկան, ոչ ցեղային կապեր․ և սա պատճառ է դարձել, որ նրանք արագ լքեն իրենց դիրքերը, երբ մարտեր են սկսվել թալիբների հետ։
Ի՞նչ է կատարվում հիմա
Քաբուլում քաոս է և խուճապ, հազարավոր տեղացիներ փորձում են լքել երկիրը։ Շատերը հատում են հարևան երկրների սահմանները։ Սակայն քաբուլցիները շտապել են օդանավակայան՝ հույս ունենալով մեկնել երկրից։ Wall Street Journal-ն ու Al Arabiya-ն հաղորդում են ուղևորային տերմինալում հրաձգության և հինգ զոհի մասին։
«Արյունոտ մարմինները տերմինալի հատակին են», — գրում է Wall Street Journal-ը։
At least three people were killed by gunfire at the passenger terminal of Kabul’s international airport, where thousands of Afghans have converged in hopes of getting an evacuation flight after the Taliban takeover https://t.co/d7ze4oHypo
— The Wall Street Journal (@WSJ) August 16, 2021
Դեռ պարզ չէ, թե ով է կրակել։ Քաբուլի օդանավակայանում է դեռևս արևմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատան անձնակազմի չտարհանված հատվածը։ Նրանց պահպանում են ԱՄՆ, Բրիտանիայի և Թուրքիայի զինվորականների կոնտինգենտը։ Օգոստոսի 15-ի երեկոյան հաղորդվում էր, որ ամերիկացի զինվորականները զգուշացնող կրակոցներ են արձակել օդ այն բանից հետո, երբ ամբոխը ներխուժել է օդանավակայանի թռիչքուղի։
Մեծ վտանգ է սպառնում Աֆղանստանի հազարավոր քաղաքացիներին, որոնք համագործակցել են ՆԱՏՕ-ի հետ։ Դեռ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Քաբուլը կարող է գրավվել միայն մի քանի ամիս անց, և այդ ընթացքում իրենք կհասցնեն երկրից դուրս բերել նրանց, ովքեր իրենց հետ համագործակցել են։ Սակայն ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել, և մեծ մասը չի հասցրել մեկնել։
ԱՄՆ-ն Աֆղանստան է ուղարկում լրացուցիչ ռազմական կոնտինգենտ՝ դիվանագետների տարհանումն ապահովելու համար։
Ռուսական ԱԳՆ-ն հայտարարել է, որ Քաբուլում իր դեսպանատունը չի փակվելու և շարունակելու է աշխատանքը։
Որքանո՞վ է ուժեղ «Թալիբանը»
Զինյալներ
Վեսթ-Պոինթում ԱՄՆ հակաահաբեկչական կենտրոնը թալիբանների միջուկը գնահատում է 60 հազար զինյալ։ Եթե ավելացնենք նրանց համախոհներին և այլ խմբավորումներին, թվաքանակը կհասնի նվազագույնը 200 հազարի։
Սակայն տարածաշրջանի շատ մասնագետներ ասում են, որ «Թալիբանը» պետք է ընկալել ոչ թե որպես միասեռ զանգված, այլ որպես կոալիցիա, որի մասերը միմյանց հետ կապված են ժամանակավորապես։
Սպառազինություն
«Թալիբանը» մեծ գումարներ է ստանում թմրանյութերի վաճառքից, միաձայն նշում են միջազգային մասնագետները։ Նա նաև Պակիստանի աջակցությունն ունի։
Իսկ այժմ թալիբներն արդեն գրավել են նաև մեծ քանակությամբ ռազմավար և անվտանգության կառավարական ուժերի սարքավորումները՝ ռազմական մեքենաները, գիշերային տեսանելիության սարքերը, գնդացիրները, ականանետերն ու հրետանին։
Սա այն դեպքում, երբ Աֆղանստանը զենքով արդեն գերհագեցած էր խորհրդային ներխուժումից հետո։
«Թալիբանը» նույնպես ցուցադրել է, թե ինչպես կարող է լուրջ կորուստներ պատճառել հակառակորդին ինքնաշեն պայթուցիչ սարքերի միջոցով։ Տեղանքին լավ ծանոթ լինելն ու պատկերացնելը թալիբների ևս մեկ առավելությունն է։
Լիակատար իշխանություն նոր Իսլամական խալիֆայությունում
«Թալիբանը» հայտարարել է, որ զավթելու է իշխանությունը երկրում առանց որևէ քաղաքական կոալիցիաների։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր լիազորությունները վայր է դրել և լքել երկիրը։ Գրում են, որ նա զինյալների հետ պայմանավորվել է հրաժարականի շուրջ և ենթադրաբար Տաջիկստանում է։
Աֆղանստանի առաջնորդի աթոռը կզբաղեցնի Քաթարում թալիբների քաղաքական գրասենյակի ղեկավար մուլլա Բարադարը։
Ի՞նչ քաղաքականություն է վարելու թալիբների Աֆղանստանը
Թալիբները հայտարարել են, որ խստորեն հետևելու են շարիաթի օրենքներին։ Տարբեր գենդերային կողմնորոշման անձանց, անհավատարիմ կանանց և այլ օրինախախտներին քարկոծելու են, սակայն միայն դատարանի որոշմամբ։
Հայտարարվել է, որ կանանց իրավունքները հարգված են լինելու․ նրանց թույլ կտան սովորել և աշխատել, ինչպես նաև՝ հիջաբ, այլ ոչ թե փարաջա կրել։
Եզրակացություն, որին հանգում է միջազգային փորձագետների մեծ մասը․
Աֆղանստանին խաղաղություն և կայունություն բերելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բոլոր ջանքերը նույնքան ապարդյուն էին, որքան դրանից առաջ Խորհրդային Միության ռազմական փորձը։