Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բոլոր արցախցիներին կոչ էր արել վերադառնալ հայրենիք։ Նա խոստացել էր նաև, որ մոտակա օրերս կլուծվեն ենթակառուցվածքների վերականգնման, ջրի, էլեկտրական հոսանքի և գազի մատակարարման հարցերը։
Նոյեմբերի 13-ին Արցախի նախագահը կրկին հայտարարել է, որ շտապ միջոցներ են ձեռնարկվում կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ․
«Մեր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև հանրապետության մյուս բնակավայրերում:
Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը»:
Արայիկ Հարությունյանը խոստացել է, որ քաղաքացիներից և ոչ մեկը ուշադրությունից դուրս չի մնա։
Նա նաև հայտնել է, որ Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ կգտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, և շրջափակման մեջ մնալու վերաբերյալ մտավախությունները իրական հիմքեր չունեն:
Հայաստանի կառավարությունն էլ է քննարկել պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված հայրենակիցների խնդիրները։
«Պետք է քննարկենք, թե աջակցության ինչ ծրագրեր ենք իրականացնելու նրանց համար: Բայց նաև պետք է արձանագրենք, որ մեզ համար առաջնային խնդիր է, որ նրանք այդ աջակցությունը ստանան Արցախում: Այսինքն, դա պետք է լինի ծրագիր, որը նպաստում է մեր հայրենակիցների Արցախ վերադառնալու գործընթացին», — ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանձնարարվել է սեղմ ժամկետում ձևավորել աշխատանքային խումբ Արցախի կառավարության հետ, որն էլ կներկայացնի բոլոր խնդիրների լուծման համար հնարավոր առաջարկություններ: