«Արցախի վրա ինչ-որ հովանոցի ստվեր տեսանելի է»․ փորձագետները Սոչիի հայտարարության մասին
Սոչիի հայտարարությունը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին, այլևս չկիրառի «միջանցքի» մասին քարոզչական թեզերը և քայլեր ձեռնարկի սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Հայաստանի արտաքին գերատեսչության արձանագրումներն են նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից։
Արդեն մի քանի օր է, ինչ փորձագիտական շրջանակները քննարկում են հայտարարության դրույթներն ու հնարավոր զարգացումները։ Նոյեմբերի 30-ին ճեպազրույց-քննարկում էր նախաձեռնել նաև Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը։
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սոչիում ստորագրված հայտարարությունում նախ նշվում է ադրբեջանա-հայկական, այնուհետև Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին․
«Կարծեք թե տարածական առումով տարածվում է նաև Արցախի վրա, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա խաղաղության և կայունության, անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, այլ նաև Արցախի վրա ինչ-որ հովանոցի ստվեր տեսանելի է»։
Սաֆարյանի գնահատմամբ՝ հայկական կողմի համար ամենակարևորն այն է, որ հայտարարությունում շեշտվել է նոյեմբերի 9-ի չկատարված պարտականությունների, այդ թվում՝ գերիների վերադարձի մասին։
Փորձագետի խոսքով՝ հայկական կողմի սպասումներին չէր համապատասխանում այն, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովը լինելու է ոչ թե եռակողմ, այլ՝ երկկողմ։
«Գաղտնիք չէ, որ նախկինում ՌԴ-ն փորձում էր եռակողմ հանձնաժողով ձևավորել, այնինչ այստեղ խոսվում է ընդամենը Ռուսաստանի խորհրդատվական մասնակցության մասին»,- ասում է Սաֆարյանն ու հիշեցնում արտահոսքի արդյունքում հրապարակված փաստաթղթի նախագիծը, որտեղ նույնպես խոսք էր գնում եռակողմ հանձնաժողովի ստեղծման մասին։
Ի տարբերություն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի ձևաչափերի՝ այս դեպքում Ռուսաստանն ունենալու է միայն խորհրդատուի դեր, մնացած հարցերը քննարկվելու են Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարթությունում։
«Եթե «քարտեզային» խորհրդատվությունը ապահովում է Ռուսաստանը, հնարավոր է մտածել այլ միջազգային խորհրդատվության ներգրավման մասին, մանավանդ, որ ՀՀ վարչապետ Փաշինյանն առցանց ասուլիսում խոսում էր Եվրամիության ստանդարտներով դեմարկացիայի և ԵԱՀԿ ձեռնարկի մասին՝ որպես Բելառուսի և Բալթյան երկրների միջև դեմարկացիայի փորձի ամփոփում և որոշակի ստանդարտ»։
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի դիտարկմամբ՝ սահմանագծման և սահմանազատման երկկողմ հանձնաժողովը բխում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Ռուսաստանի շահերից։
Մարգարյանը պատահական չի համարում պաշտոնական Մոսկվայից եկող այն հայտարարությունները, թե Ռուսաստանը չի ուզում մենաշնորհ ունենալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում․
«Հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուր եռակողմ ձևաչափով գործընթաց դե ֆակտո քառակողմ է․ այդտեղ կա Թուրքիան։ Թուրք-ադրբեջանական տանդեմը բավական սինքրոն է աշխատում։ ՌԴ-ն պարբերաբար հանգում է որոշակի խնդիրների, որոնք, առաջին հերթին, արտահայտվում են Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի և կիրառման քաղաքականության տեսքով»։
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը չի ուզում վտանգել ինչպես խաղաղապահների, այնպես էլ Դաշնության վարկանիշը, իսկ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերել չի հաջողվում։ Սա է պատճառը, որ ՌԴ-ի համար ընդունելի է եղել ոչ թե եռակողմ, այլ երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։
«Ռուսաստանը կարողացել է այստեղ իր համար մի փոքր պատուհան պահել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա ապավինել նաև միջազգային գործընկերների աջակցությանը», — նշում է Մարգարյանը։
Կարծում է՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ, այդ թվում՝ փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ադրբեջանական կողմից․
«Սա կարող է նշանակել, որ, օրինակ՝ ադրբեջանական զորքերը դուրս են գալիս մայիսի 12-ից զբաղեցրած տարածքներից, որտեղ տեղակայվել են ռազմական ագրեսիայի արդյունքում»։
Մարգարյանը նկատում է՝ Ադրբեջանի հռետորաբանությունը վերջին օրերին մեղմացել է․ բրյուսելյան հանդիպումից առաջ Ադրբեջանը փորձում է դիրքավորվել որպես խաղաղասեր պետություն։
Փորձագետը չի բացառում, որ բրյուսելյան հանդիպումից առաջ կամ հետո Ադրբեջանը Հայաստանին վերադարձնի գերիների մի մասին։
Ասում է՝ դա չի նշանակում, թե Ադրբեջանը փոխելու է իր ռազմավարական նպատակներն ու քաղաքականությունը։