Ռուսաստանն ու Իրանն՝ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու միջոցների մասին՝ ամփոփ
Հայկական ու ադրբեջանական բանակները սեպտեմբերի 27-ից դաժան մարտեր են վարում ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զրահատեխնիկայի, հրետանու և դրոնների կիրառմամբ։ Արդեն մի քանի հազար զինվորական և խաղաղ բնակիչ է զոհվել երկու կողմից։ Այս ընթացքում երեք անգամ՝ հոկտեմբերի 10-ին, 18-ին և 26-ին հրադադարի պայմանագիր է կնքվել, սակայն ամեն անգամ այն միանգամից խախտվել է։ Կողմերը միմյանց են մեղադրում հրադադարը չպահպանելու համար։
Վերջին իրադարձություններն՝ ամփոփ, 2020 թ-ի նոյեմբերի 3-ի առավոտ
Տեղեկություններ Երևանից
• The Jerusalem Post թերթը հրապարակել է Հայաստանի վարչապետի հետ հարցազրույցը։
Համատեքստը․
Հոկտեմբերի սկզբին Հայաստանն Իսրայելին մեղադրել է, որ նաև պատերազմի օրերին երկիրը շարունակել է ադրբեջանական բանակին սպառազինություն մատակարարել, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր։
Հայաստանն այն ժամանակ հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին։ Դրան հետևեց Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի՝ Հայաստան մարդասիրական օգնություն ուղարկելու առաջարկը։
«Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն», — հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարել է, որ Իսրայելը միացել է Թուրքիային, ահաբեկիչներին և սիրիացի վարձկաններին՝ սատարելով Ադրբեջանին այս հակամարտությունում։ Ըստ նրա՝ վերջին հաշվով Իսրայելը տուժելու է այդ միությանը ներգրավվելուց, քանի որ Թուրքիայի հավակնությունները կարող են հենց Իսրայելի դեմ դուրս գալ։
• Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդել է, որ Ադրբեջանը սկսել է նոր զինատեսակ կիրառել՝ այրող կասետային զենք` մոտ 40 սմ երկարությամբ։ Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար, դրա կիրառումը խաղաղ բնակչության դեմ արգելված է միջազգային կոնվենցիաներով։
• «Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ, և որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։ Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է, և, առանց չափազանցության, այստեղ որոշվում է նաև քաղաքակրթության ճակատագիրը», — գրել է Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով Վիեննայում նոյեմբերի 2-ին ահաբեկիչների հարձակումը, որի հետևանքով երեք մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել է։
Տեղեկություններ Բաքվից
• Օրվա ընթացքում հայկական զինված ուժերը «Սմերչ» հրթիռներով շարունակել են հրթիռակոծել Ֆիզուլի քաղաքն ու հարակից գյուղերն, ինչպես նաև Աղդամի և Աղջաբեդի շրջանների գյուղերը, հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
• Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր (սեպտեմբերի 27-ից) ադրբեջանական կողմից զոհվել է 91 խաղաղ բնակիչ, 405 մարդ վիրավորվել է։
• Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեի․ «Իրանի հարևան երկրների միջև պատերազմը դառը խնդիր է, որին անհրաժեշտ է արագ վերջ դնել։ Անհրաժեշտ է ազատել Ադրբեջանին պատկանող տարածքները և հայ բնակչության անվտանգությունը երաշխավորել», — փոխանցում է IRNA իրանական պետական լրատվական գործակալությունը։
Բանակցություններ և երրորդ երկրների հայտարարություններ
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման վերաբերյալ մտահոգությունների և հրադադարի պահպանման համար վերահսկման միջոցների անհրաժեշտության մասին։
«Մերձավոր Արևելքից գրոհայինների թիվը ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն հասնում է երկու հազարի», — ասել է Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ այդ թեման քննարկել է նաև Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահի հետ հոկտեմբերի 27-ին ունեցած հեռախոսազրույցում։ Այդ մասին խոսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորների հետ մշտական շփումների ժամանակ, ասել է Լավրովը։
«Կայուն հրադադարի դժվար է հասնել առանց գործուն վերահսկման միջոցների։ Այդ նպատակով կարող են կիրառվել վերահսկման էլեկտրոնային միջոցներ, Երևանի և Բաքվի միջև թեժ կապ, դիտորդներ՝ ԵԱՀԿ հովանու ներքո, ռազմական կոնտինգենտի մասնակցությամբ գործողություններ», — ասել է Լավրովը։
Արտգործնախարարն ասել է, որ մոսկովյան հանդիպումների ժամանակ իր հայ և ադրբեջանցի գործընկերները հաստատել են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
Ընդ որում, նա չի բացառել բոլոր գործընկերների, այդ թվում՝ կողմերի հարևանների հետ աշխատելու հնարավորությունը՝ «կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով ելք գտնելու համար պայմաններ ստեղծելու նպատակով»։
Տարածաշրջանի քարտեզը, որտեղ տեղի է ունենում ղարաբաղյան հակամարտությունը