Տեղեկատվական պատերազմ Արցախի շուրջ
Սեպտեմբերի 27-ից, Լեռնային Ղարաբաղում ակտիվ մարտական գործողություններին զուգահեռ, հակամարտության կողմերի միջև իսկական տեղեկատվական պատերազմ է բռնկվել։
Երկու կողմերն իրենց հասարակություններին պատմում են սեփական հաջողությունների և հակառակորդի նենգության, թուլության և չնչինության մասին։ Այդ ընթացքում չեն խորշում հակառակորդի հասցեին վիրավորանքներից և շոկային տեսանյութերից ու լուսանկարներից՝ ժողովրդին ոգևորելու և թշնամուն վախեցնելու համար։
Իսկ մարտական գործողությունների պատկերները, որոնք ներկայացնում են կողմերը, շեշտակի տարբերվում են միմյանցից։
Դրոշներով սելֆի և քարտեզների պատերազմ
Հայաստանում և Ադրբեջանում ռազմական դրություն է։ Դա նշանակում է, որ խոսքի ազատությունը զգալիորեն սահմանափակվել է։
Հայաստանում, որտեղ անկախ մեդիայի հետ կապված իրավիճակն ավանդաբար ավելի լավն է, քան Ադրբեջանում, հոկտեմբերի 8-ից գործում է հատուկ օրենք, որն արգելում է ճակատում իրավիճակը բացասաբար ներկայացնելը։
Գլխավոր հարցերը, որոնց մասին կողմերը պարբերաբար տեղեկացնում են հանրությանը, մարտական գործողությունների ընթացքն է, ինչպես նաև կորուստները՝ թե՛ սեփական, թե՛ հակառակորդի։
Հայկական կողմը պարբերաբար հրապարակում է զոհված զինծառայողների ցուցակներն, ինչպես նաև հաղորդում հրետակոծությունների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան մասին։
Ադրբեջանը զոհված զինծառայողների թիվը չի հաղորդում՝ խոստանալով դա անել պատերազմի ավարտից հետո, և պարբերաբար տեղեկացնում է խաղաղ բնակիչների մահվան մասին։
• Մարտեր Հադրութի համար․ ի՞նչ է կատարվում ղարաբաղյան հակամարտության գոտում
• Ղարաբաղ և «խաղաղություն տարածքների դիմաց»․ յոթ շրջանների մասին կարծիք Բաքվից
• Երևանում ղողանջում են զանգերը, և կամավորները պատրաստվում են Արցախի առաջնագիծ մեկնել։ Տեսանյութ
Ադրբեջանական կողմից գլխավոր պաշտոնական «խոսափողի» գործառույթները պատերազմի մեկնարկից ի վեր կատարում է նախագահ Իլհամ Ալիևի Twitter-ը, որտեղ նա պարբերաբար հաղորդում է ադրբեջանական բանակի կողմից գրավված բնակավայրերի մասին։
Սովորաբար այդ տեղեկություններին որոշ ժամանակ անց հետևում է տեսահաստատումը պաշտպանության նախարարության youtube-յան և Telegram-ալիքներում։
Այդպես էր Թալիշ, Մատաղիս գյուղերի, Ջաբրայիլ և Ֆիզուլի քաղաքների դեպքում։ Հադրութ շրջկենտրոնի հետ կապված՝ նախագահ Ալիևը մի փոքր շտապեց՝ հայտարարելով դրա գրավման մասին հոկտեմբերի 9-ին, այն դեպքում, երբ, ըստ ադրբեջանական կողմի նյութերի, այն գրավվել է մի քանի օր անց։
Իսկ հայկական կողմը, որպես կանոն, դիրքերի և բնակավայրերի կորուստը չէր ընդունում, այն բանի ֆոնին, որ նախագահ Ալիևն ամեն օր տեղեկություններ է հաղորդում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած նոր գյուղերի մասին։
«Ադրբեջանական խմբերը սկսել են ներթափանցել գյուղեր, դրոշներ տնկել՝ հաղթանակ ցուցադրելու և խուճապ սերմանելու համար», — այսպես էր հոկտեմբերի 24-ին բացատրում ադրբեջանական դրոշների տեղադրման նյութերի հայտնվելը Հայաստանի պաշտպանության նախարարության գլխավոր խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հայկական կողմը մի քանի անգամ հայտարարել է հայկական/արցախյան զորքերի հաջող հակահարձակումների և ադրբեջանական բանակի հսկայական կորուստների մասին։ Այդ հայտարարությունները միանգամից հերքել է Բաքուն։
Նույն կերպ Երևանը մինչև վերջերս հերքում էր Ադրբեջանի զգալի առաջխաղացումն ու ռազմական հաջողությունները։
Հայկական կողմից Կուբաթլու շրջկենտրոնի կորուստը յուրօրինակ նախադեպ էր։
Հոկտեմբերի 25-ին Երևանն առաջին անգամ մարտական գործողությունների մանրամասն քարտեզ հրապարակեց, որը, բնականաբար, մեծապես տարբերվում է Բաքվի կողմից պարբերաբար հրապարակվող քարտեզներից։
Մարտական գործողությունների գոտում չեզոք դիտորդներ չկան, չեզոք լրագրողները քիչ են, այդ պատճառով էլ, հաճախ, եզրակացություններ անելը, թե ինչպես են զարգանում իրադարձությունները ճակատում, հնարավոր է միայն ուշադիր ուսումնասիրելով կողմերի նյութերը կամ՝ կողմնակի նշաններով։
Անկենդան մարմիններ և գերիների գնդակահարություն
Երկու կողմերի պաշտոնական ալիքներն առիթը բաց չեն թողնում հակառակորդի տեխնիկայի և զինվորների ոչնչացման տեսանյութեր հրապարակելու։
Ադրբեջանի դեպքում դա հաճախ դրոնների գրոհների տեսագրություններն են։ Հայկական կողմի դեպքում՝ հրետանու, հետևակի և հակատանկային հաշվարկների աշխատանքը։ Այդ կադրերից շատերի մեջ երևում է մարդկանց մահը։
Սակայն, որպես կանոն, առավել շոկային նյութերը հրապարակվում են սոցիալական մեդիայում, հիմնականում՝ Telegram-ալիքներում։ Դրանք օգտագործվում են ինչպես իրադարձությունների պաշտոնական տեսանկյունի վերարտադրման և ճակատում տիրող իրավիճակի մասին պաշտոնական հաղորդագրությունների, այնպես էլ այնպիսի նյութերի տարածման համար, որոնք էթիկական նկատառումներով պաշտոնական ալիքները չեն ցանկանում հրապարակել։
Երկու կողմերից էլ այդ ալիքներում կարելի է տեսնել բազում տեսանյութեր՝ հակառակորդի զինվորների անկենդան մարմիններով, երբեմն՝ հատուկ ցուցադրված մանրամասներով, որոշ կադրերում մարմիններն անգամ պղծվում են։
Առանձնահատուկ ռեզոնանս է առաջացրել երկու հայ զինվորների կամ աշխարհազորայինների (նրանցից մեկը տարեց է) գերեվարման և գնդակահարման տեսանյութը։
Ադրբեջանում այդ նյութն անմիջապես ֆեյք են անվանել։ Սակայն Բի-Բի-Սին և Bellingcat միջազգային հետազոտական խումբը պնդում են, որ տեղի երկու բնակիչ իրոք գնադակահարվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքում, որը գրավել են ադրբեջանական զորքերը։
«Զինյալներ, վարձկաններ, ահաբեկիչներ»
Ադրբեջանական կամ հայկական կողմից կռվող օտարերկրյա գրոհայինների թեման նույնպես դարձել է տեղեկատվական պատերազմի գլխավոր թեմաներից մեկը։
Մարտական գործողությունների ամենասկզբից Երևանում պնդում էին, որ Ադրբեջանի կողմից կռվում են սիրիական թրքամետ խմբավորումների զինյալներ, որոնք Բաշար Ասադի սիրիական ռեժիմի հակառակորդներն են և որոնք Թուրքիան է Ադրբեջան տեղափոխել։
Տեսանյութեր են հայտնվել նաև, որոնցում արաբերեն խոսող մարդիկ են երևում մարտերի ժամանակ կամ հակառակորդի արդեն գրավված դիրքերում։
Ավելի ուշ զինյալների տեղափոխումն Ադրբեջան հաստատել են որոշ արևմտյան պարբերականներ, այդ թվում՝ Բի-Բի-Սին և Reuters-ը։ Սակայն, ի տարբերություն Երևանի, որը նրանց «ահաբեկիչներ» էր անվանում և փորձում էր Ռուսաստանին համոզել, որ «հակաահաբեկչական գործողություն» է անհրաժեշտ, արևմտյան մեդիան այդ անձանց անվանում է «վարձկաններ» կամ «սիրիացի ապստամբներ»։
Բաքուն, բնականաբար, արտասահմանյան զինյալների առկայությունն իր զինված ուժերի շարքերում հերքում է՝ պնդելով, որ Ղարաբաղը վերադարձնելու համար Բաքվին հերիք է իր բանակը։
Իր հերթին, ադրբեջանական աղբյուրներում հաճախ են հանդիպում պնդումներ, որ հայկական կողմից կռվում են քրդական հակաթուրքական կազմակերպությունների զինյալներ։
«Շներ», «Թուրքի լամուկ», «Ահաբեկիչ»
Ստորացուցիչ և վիրավորական խոսքերը հակառակորդի հասցեին սովորական բան են դարձել ինչպես կողմերի պաշտոնական հայտարարություններում, այնպես էլ պետական և անկախ մեդիայի հրապարակումներում։
«Մենք ցույց տվինք՝ ով ով է, մենք նրանց քշում ենք, ինչպես շների», — հայկական զորքերի հասցեին նման արտահայտություն է արել Ադրբեջանի նախագահն իր ուղերձներից մեկում։
Մեկնաբանելով միմյանց հաղորդագրությունները, երկրների ռազմական գերատեսչությունները նույնպես ակնհայտորեն մրցակցում են «պերճախոսության» հարցում։
«Այդ երկրի պաշտպանության նախարարության գիշերվա երազ» է անվանել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայ զինվորականների հերթական հաղորդագրությունն ադրբեջանական ստորաբաժանումների ոչնչացման մասին։
«Բացարձակ հիմարություն և ցինիկ սուտ» են հաճախ անվանում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայկական կողմից ադրբեջանական քաղաքների հրետակոծությունը։
Սակայն հակառակորդի հասցեին առանձնապես «կծող» վիրավորական արտահայտություններով են աչքի ընկնում երկու երկրների լրատվամիջոցները։ Ընդ որում, պարտադր չէ, որ պաշտոնական լինեն։
Հայկական մեդիայի վերլուծաբանները պնդում են, որ Ադրբեջանը հսկայական կորուստներ է կրում, հայկական կողմը հաջողությամբ հետ է մղում հարձակումներն ու վաղ թե ուշ ջախջախելու է թշնամուն։
Այլընտրանքային կարծիքներ գրեթե չեն հնչում ո՛չ մեդիայում, ո՛չ սոցցանցերում։
Բարդ իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանի տեղեկատվական տարածքում․ անգամ ռեժիմի արմատական հակառակորդները կամ սատարում են ռազմական գործողությունը, կամ՝ զերծ մնում իշխանություններին քննադատելուց։
«Ալիևը ռազմական հանցագործ է և քաղաքական դիակ» , «Ադրբեջանը Լենինի-Ստալինի հորինած արհեստական երկիրն է… «թուրքն», ըստ էության, անեծքի և ամոթանքի պես մի բան էր մեր ավագների և կրտսերների համար, և մենք թուրքի որդուն կամ թուրքի սերնդին անվանում էինք թուրքի լամուկ», — այսպիսի բան, օրինակ, կարելի է կարդալ «Առավոտ» հայկական անկախ պարբերականում։
«Աշխարհով մեկ ցրված հայերն իրենց քաղդեական, գնչուական ծագմամբ․․․ աշխարհի ականջները տարել են արիական ռասային իրենց պատկանելությամբ», — սա արդեն ադրբեջանական իշխանամետ Minval.az ռեսուրսն է։
«Ահաբեկիչ Արայիկ»․ այսպես է նշված ռեսուրսն անվանում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հաությունյանին։
«Ոմն Արայիկ»․ նույն քաղաքական գործչի մասին է գրում մյուս իշխանամետ Haqqin.az ռեսուրսը «Վլադիմիր Վլադիմիրի, մորս արև, մի դար տոլմա չեմ ուտի» ծաղրական վերտառությամբ հրապարակման մեջ (նկատի ունի Հարությունյանի դիմումը Ռուսաստանի նախագահ Պուտինին)։
Վերջերս նույն աղբյուրը նյութ է հրապարակել՝ «ԱՄՆ կառավարությունը նախազգուշացնում է։ Հայերն ահաբեկչություն են նախապատրաստում Բաքվում» վերտառությամբ։ Սակայն խոսքը Բաքվում գտնվող ամերիկյան քաղաքացիներին ուղղված զգուշացման մասին էր ԱՄՆ դեսպանատան կողմից, որում հայերը չէին հիշատակվում։
Կարծիք․ «Երկու կողմերն էլ արժանի են միմյանց»
«Երկու կողմերն էլ աշխատում են իրենց լսարանի համար՝ ժողովրդի ոգին բարձրացնելու, հակառակ կողմի նկատմամբ զզվանք ներշնչելու համար, ագրեսիվ հայտարարություններ են անում», — JAMnews-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում հակամարտությունների հարցերի վերլուծաբան Թոմաս դը Վաալը։
Միաժամանակ, ըստ նրա, կողմերը տարածում են նաև արժանահավատ տեղեկություններ, օրինակ՝ ռմբակոծությունների զոհերի մասին հաշվետվությունները Ղարաբաղի օմբուդսմենից, ինչպես նաև Գյանջայի զոհված կամ վիրավոր խաղաղ բնակիչների մասին տեղեկությունները, և սա տեղեկատվական պատերազմի մաս չէ։
Ինչ վերաբերում է կողմերի պրոպագանդային, ապա, ըստ դը Վաալի, «հաճախ նրանց նպատակը չեզոք դիտորդին խճճելն է, ինչպես նաև մարդկանց վախեցնելը, որպեսզի չեզոք մարդու ձայնը չլսվի»։
«Այս առումով երկու կողմերն էլ արժանի են միմյանց», — կարծում է փորձագետը։
«Ինչ վերաբերում է գնդակահարության նյութերին կամ անկենդան մարմինների ցուցադրմանը, ապա դա 30 տարվա հակամարտության հետևանքն է, երբ կողմերը փորձում էին ամբողջությամբ դեհումանիզացնել հակառակորդին։ Երբեմն նույնիսկ երեխաներին էին ներշնչում, որ նրանք թշնամիներ են։
Սա հակամարտության ամենատխուր կողմերից մեկն է․ չեզոք, անիրազեկ մարդու համար դժվար է գլուխ հանել, թե ինչու է սա տեղի ունենում, նրա մոտ տպավորություն է ստեղծվում, որ միմյանց հետ ինչ-որ վայրենիներ են կռվում», — հավելում է դը Վաալը։