«Արտակարգ իրավիճակներում լրատվությունը նման է սննդի»․ կարծիք
Ճգնաժամային կառավարումը Հայաստանում
«Արտակարգ իրավիճակներում լրատվությունը նման է սննդի, այն պետք է տրվի ժամանակին և անհրաժեշտ քանակով»,- այս կարծիքին է ճգնաժամային հաղորդակցության փորձագետ Նիկոլայ Գրիգորյանը։
Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Դիմակայուն Հայաստան․ անվտանգության և կանխարգելման մշակույթ» գրառումը։ Նիկոկայ Գրիգորյանը, ով փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում ունի, գրառման մեջ մանրամասնորեն անդրադարձել է ճգնաժամային կառավարմանն ու հաղորդակցությանը, աղետների ռիսկի կառավարմանը։
Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Հաղորդվել է 8 անհետ կորածի մասին։ Նրանցից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, ևս մեկը՝ Իրանի։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։
Առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն՝ տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Փորձագետը խուսափել է գնահատական տալ երկու օր առաջ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից հետո Հայաստանի արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի արդյունավետությանը։ Գրել է՝ թող վերլուծեն, գնահատեն, կարևորը՝ դասեր քաղեն։
Նիկոլայ Գրիգորյանի գրառումը՝ որոշ կրճատումներով։
Արձագանքե՞լ, թե՞ կառավարել ռիսկերը
«Ամբողջ աշխարհն այսօր պարզագույն արձագանքման քաղաքականությունից, ինչպիսին էր Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ռիսկերի նվազեցման միջոցով մոտեցել է ռիսկերի կառավարման քաղաքականությանը, երբ գնահատվում են բոլոր վտանգները, դրանցից առաջացող ռիսկերը, ու քայլեր են ձեռնարկվում, որ այդ ռիսկերը բացառվեն կամ նվազագույնի հասցվեն, հզորացվեն կարողություններն ու նվազեցվի խոցելիությունը, որ երկրներն ավելի պատրաստված ու դիմակայուն լինեն:
Աշխարհի ոչ մի երկիր, ինչքան էլ որ այն զարգացած ու դիմակայուն լինի, ապահովագրված չէ բնական, տեխնածին, համաճարակային, բնապահպանական, ահաբեկչական, դեպք-պատահարներից:
Բայց հենց արձագանքումից, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների օպերատիվությունից ու արդյունավետությունից է կախված գնահատականը՝ հզոր է այս երկիրը, պատրաստված է, հոգատար ու սրտացավ վերաբերմունք ունի իր քաղաքացու նկատմամբ, թե միշտ մի աղետ կամ մի վնաս գալիս են այդ երկրին անպակաս, ու բնակչությունն էլ վերջում մենակ է մնում իր դարդ ու ցավի հետ»։
«Հայաստանը միայն արձագանքում է»
«Սպիտակի ժամանակ փրկարար չունեցող Հայաստանն այսօր աշխարհի լավագույն փրկարարներ ունեցող երկրների շարքում է՝ ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ, կազմակերպություն, որի մարզված անդամները լավագույնս հանդերձավորված ու տեխնիկապես հագեցված են, պատրաստ համագործակցված աշխատելու խոշոր բնակավայրերում:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվում է ահազանգը՝ պայթյունի վերաբերյալ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր մեկնած առաջին անձնակազմերը նաև հետախուզական գործառույթ են իրականացնում ու զեկուցում իրենց տեսածի և դեպքի վայրի բարդության աստիճանի ու իրական չափերի վերաբերյալ:
Քանի որ կա ահազանգ պայթյունի վերաբերյալ, բնականաբար, գործարկվում է նման դեպքերի համար նախատեսվող համատեղ պլանը՝ ոստիկանության, առողջապահության, ՊՆ-ի և անվտանգության ծառայության հետ: Իրականացվում է նաև օդային հետախուզություն»։
Հրշեջ-փրկարարների աշխատանքի մասին
«Գնահատելով դեպքի վայրի ընդհանուր պատկերը, վտանգն ու ռիսկերը, անջատելով գազն ու էլեկտրականությունը, որոշում է կայացվում որոնողափրկարարական աշխատանքները սկսելու վերաբերյալ, ճշգրտվում են մուտքի ուղիները:
Առաջին նախապայման՝ ոչ ոք իրավունք չունի հրշեջ-փրկարարին մտցնել տարածք, որտեղ նրա կյանքին վտանգ է սպառնում: Ինչքան էլ, որ անձնազոհության ու խիզախության օրինակներ ցույց տված լինեն մեր փրկարարները, նրանք իրենց գործը կարող են անել միայն կառավարվող ռիսկի պայմաններում:
2001թվականի սեպտեմբերի 11-ին ռիսկը սխալ գնահատելու պատճառով Նյու Յորքում, փլվող շենքերի տակ մնացին 341 հրշեջ, երկու պարամեդիկ, 60 ոստիկան և շտապ օգնության 8 աշխատակից: 1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի աղետին արձագանքող հրշեջները տեղյակ չէին իրենց պատուհասող վտանգի չափերի մասին, չգիտեին՝ ինչ վիշապի երախ էին մտնում»։
Ինչո՞վ պետք է զբաղվեն ոստիկանությունն ու ներգրավված մյուս կառույցները
«Ոստիկանություն՝ հետաքննություն, տարածքի շրջափակում, նյութական արժեքների պահպանում: Աղետի գոտում գտնվող անձանց տարհանում՝ վտանգավոր գոտուց հեռացում:
Օպերատիվ հետախուզական գործունեություն՝ դեպքի վայր, ականատեսներ, տուժածներ, նրանց հարազատներ. ով ինչ է տեսել, ովքեր են տուժել, ում մոտ ինչ նկարած նյութեր կան, որ հետո քննիչների համար ավելի դյուրին լինի աշխատանքը: Փրկարարների ու բժիշկների հետ միասին հիվանդանոց տեղափոխվածների անձի հաստատում։
Վերջնական տվյալները հավաքվում են ՃԿԱԿ-ում։ Դրանք անընդհատ ճշգրտվում են այնպես, ինչպես անհետ կորածների ու մահացածների տվյալները: Հիշեցվում է 911 հեռախոսահամարը, որտեղ կարող են զանգել տեղեկություն հաղորդելու կամ ստանալու համար:
Ազգային անվտանգության ծառայության գործն էլ պատահարի պատճառահետևանքային կապերի վարկածների մշակումն է, վերլուծությունը, իրավիճակի զարգացման հետագա սցենարների մոդելավորումն ու կանխարգելումը, օպերատիվ այլ գործողություններ:
Անհրաժեշտության դեպքում գործի են անցնում ՊՆ և ոստիկանության ներքին զորքերի սակրավորները»։
«Պետք է գործի օպերատիվ կառավարման շտաբ»
«Դեպքի վայրին մոտ՝ անվտանգ տարածքում, բացազատվում է օպերատիվ կառավարման միջգերատեսչական շտաբը՝ բոլոր արձագանքող կազմակերպությունների, այդ թվում՝ քաղաքապետարանի, ջուր գազ, լույս, ընդհուպ հիդրոմետի ներգրավմամբ՝ եղանակի կանխատեսում, քամու ուղղություն և այլն:
Շտաբը կահավորված է բոլոր գերատեսչություններին փոխկապակցված համակարգիչներով համապատասխան անհրաժեշտ տեղեկությունների շտեմարանններով: Էկրաններին դեպքի վայրն է՝ բոլոր ռակուրսներով, աշխատում են նաև դրոնները:
Առանձին վրաններում են տեղակայվում բժշկական և հոգեբանական ծառայությունները։ Կապը, լույսը, առաջին անհրաժեշտության ապրանքներ, գործիքներ, պահեստամասեր, սնունդ, ջուր…»։
Ծուխը վտանգավո՞ր է, թե՞ ոչ
«Բնապահպանական ծառայությունը զգուշացնում է՝ արտազատվող ծուխը վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Այդ մասին պետք է իրազեկել նաև բնակչությանը՝ ինչքանո՞վ է վտանգավոր, ի՞նչ է այրվում, ի՞նչ նյութեր կան, որ մարդիկ իմանան՝ հեռու գնա՞ն, հարակից շենքերում պատուհանները փակե՞ն, ի՞նչ անեն:
Դեպքի վայրում աշխատողներն ու նրանց հետևող, ղեկավարող անձինք ծխապատ ու վտանգավոր տարածքում կրում են պաշտպանիչ սաղավարտներ և անպայման դիմակներ: Բոլոր արձագանքողները պիտի մտածեն իրենց կյանքի ու առողջության, իրենց անվտանգության մասին:
Մտածեցինք, բացազատվեցինք, փողրակներն արդեն պատրաստ են, մեքենաները լիքն են ջրով, օգնելու պատրաստ կանգնած են քաղաքապետարանի լիցքավորված ջրատարները, ինչպես միշտ մոտերքում ջրային ավազան, ավազի պարկեր ու աշխատող հիդրանտներ չկան:
Բայց առաջին քայլերը կապված են մարդկանց կյանքը փրկելու հետ:
Համապատասխան աշխատակիցների և օպերատիվ ծառայությունների հետ նայում են շենքի հատակագիծը, ականատեսներից ճշտում են փլատակներում մնացած մարդկանց թիվն ու հնարավոր գտնվելու վայրերը:
Քրեական հետախույզները «թափ են տալիս» շենքի տերերին, բացի պահեստավորածից ուրիշ ինչ կարող էր պահված լինել փլուզված շենքում՝ պայթուցիկներ, զենք-զինամթերք: Այդ ամենը ճշտելուց և տեղեկություն փոխանակելուց հետո սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց խանգարում են քամուց մոլեգնող կրակի ալիքները»։
Ինչո՞ւ է պետք խուսափել մեծ ծավալի ջրի օգտագործումից
«Մեծ ծավալի ջրի օգտագործումը, սկզբում հրդեհաշիջման իրականացումը ծխարձակման մեծ ալիք կբերի, որը փլատակներում մնացած մարդկանց կյանքի շանս չի թողնի:
Մենք ավելի ծանր պատկեր ունեինք Սպիտակի երկրաշարժի ժամանակ, երբ փլուզված շենքերի ընդերքում օրերով ու շաբաթներով մոլեգնում էին հրդեհները: Հին հրշեջները ձեզ կարող են պատմել այդ շարունակական դժոխքի մասին:
Այն ժամանակ մենք միայն հրշեջներ ունեինք, իսկ հիմա մոտ երեք հազար բարձրակարգ հրշեջ-փրկարար, մեզ հետ համագործակցող հասարակական ջոկատներ, խոշոր դեպքերի արձագանքման պլան, որտեղ ներառված են ոչ միայն հասարակական, կամավոր և գերատեսչական ջոկատները, այլև Հայկական Կարմիր խաչը, բանակը, ոստիկանությունը: Եվ նրանց աշխատանքի հերթափոխով, արդյունավետ կազմակերպումը ճգնաժամային կառավարման կետերից մեկն է։
Խոշոր աղետների՝ ուժեղ երկրաշարժերի դեպքում բնակչության պաշտպանության պլաններում հաշվարկված են մեր բոլոր ներքին ռեսուրսները, ծագող կարիքները՝ ինչքան օգնության կարիք կլինի այլ երկրներից, միջազգային կազմակերպություններից, միջպետական կազմավորումներից»։
Աղետը, իրականությունը և դրա պատկերը լրատվամիջոցներում
«Ճգնաժամային կառավարման արդյունավետության հիմնաքարը ճշգրիտ լրատվությունն է: Լրատվությունն արտակարգ իրավիճակներում նման է սննդի, այն պետք է տրվի ժամանակին և անհրաժեշտ քանակով:
Կա աղետը, իրականությունը և դրա պատկերը լրատվամիջոցներում: Ոչ մեկը չի կարող ժխտել, որ նման մեծ աղետները նաև քաղաքական հնչեղություն են ստանում, ու նաև լրատվական քաղաքականությունից է կախված կառավարման մարմինների հեղինակությունն ու արձագանքման ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը՝ երբ մարդիկ քեզ անվերապահորեն վստահում են, հավատում ու աջակցում:
ԱԻՆ լրատվականը, որը կառավարում էր տեղեկատվական հոսքերի վտակներ, կարճ ժամանակում հայտնվում է հեղեղ կառավարելու փաստի առաջ, իսկ պահանջարկն ու հոսքերն անընդհատ աճում են:
Միջգերատեսչական լրատվական միացյալ լրատվական կենտրոնը, որի պլանները նախօրոք մշակվում են և ուսումնավարժությունների միջոցով խաղարկվում ու սրբագրվում, հնարավորություն է ընձեռում աճող ինտենսիվությամբ ներկայացնել արձագանքող բոլոր կազմակերպությունների փոխգործակցված աշխատանքը՝ ինչ ուժեր են ներգրավվել, ով ինչ է անում:
Ընտրվում են հիմնական խոսնակները՝ շարքայինից մինչև նախարար, բժիշկ ու ոստիկան, և այդ խոսնակները հետևողական ու տեղեկատվական նույն աղբյուրից օգտվելով, առանց միմյանց հակասելու և հերքելու-ուղղելու, առանց լրատվամիջոցների հետ բանավիճելու պատմում են կատարվող աշխատանքների ու արդյունքների մասին, փրկվածների ու տուժածների մասին, դժվարությունների ու բարդությունների մասին:
Մոնիթորինգի բաժինը ներկայացնում է, թե ինչ թյուրըմբռնումներ կան լրատվամիջոցներում, կոպիտ սխալներ կամ անճշտություններ, ինչ են խոսում մարդիկ, և խոսնակին ներկայացվում է տեքստ, որտեղ այդ ամենը հաշվի է առնված, կան հուզող հարցերի պատասխանները»։
Ինչպե՞ս կանխել խուճապը
«Ճգնաժամային հաղորդակցությունը խուճապը կանխող երեք հիմնասյուն ունի` ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ են անում կառավարման մարմինները և ի՞նչ պիտի անեն աղետի գոտում հայտնված մարդիկ`նրանց վարքականոնները:
Արտակարգ իրավիճակների լրատվությունը պիտի լինի ազատ ու ճշմարիտ, օպերատիվ ու օբյեկտիվ, չեզոք, անաչառ ու ամբողջական, կոնկրետ ու կոռեկտ, արժանահավատ, վստահելի, մարդկային ու մարդասիրական:
Կառավարման մարմնի յուրաքանչյուր ներկայացուցիչ պարտավոր է իր խոսքն սկսել կամ կարևոր հատվածում անդրադառնալ ցավակցությանն ու ապրումակցմանը զոհերին ու նրանց հարազատներին. դա մշակույթ է, կարեկից մարդ լինելու մշակույթ:
Տեղեկատվական անվտանգության և ընդհանրապես՝ ազգային անվտանգության ծանրաքարշ ու մեծամաշտաբ ռիսկերից են կեղտով, մաղձով, ապատեղեկատվությամբ, հայհոյանքով ու նպատակաուղղած տրոլներով խցանված տեղեկատվական խողովակները, որոնք ոչ միայն անառողջ մթնոլորտ, անպտուղ մուննաթ, նիհիլիզմ, թշնամություն, բացասական ֆոն, երկպառակություն, հուսալքություն և ևս մի քանի էջ սև ու մուգ տառերով փորագրած կազմալուծող հետևանքներ ու մթնոլորտ են ձևավորում, այլև հիմք են ստեղծում, որ արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ տեղեկատվական այդ խողովակներն արդյունավետ չգործեն, անհրաժեշտ տեղեկատվությունը թիրախային խմբերին չհասնի, վստահություն չներշնչի, եղած կեղտն ամբողջությամբ դուրս գա ջրի երես ու թունավորի բոլորիս»։
Ճգնաժամային կառավարումը Հայաստանում