Արտ–ավան․ թե ինչպես է երիտասարդությունը զարգացնում մշակութային կյանքն Ադրբեջանի շրջաններում
Ստեղծագործական հարթակներ, որոնք կոտրում են կարծրատիպերը և օգնում դուրս պրծնել «տուն–աշխատանք–տուն» փակ շրջանից
Մինչ JAMnews–ը պատրաստում էր այս նյութն, Ադրբեջանում կյանքը գրեթե կանգ առավ կարանտինի պատճառով։ Սակայն պետք չէ մոռանալ․ կորոնավիրուսի համաճարակը վաղ թե ուշ կավարտվի, իսկ մշակույթը կմնա։
Ուրբաթ երեկո՝ Բաքվի երիտասարդության համար։ Տարատեսակ տարբերակների ընտրություն՝ գլամուրային գիշերային ակումբներից մինչև արտհաուզային կինոդիտումներ։ Ուրբաթ երեկո՝ շրջանների բնակիչների համար․ որպես կանոն ընտրությունը թեյարանի կամ սրճարանի միջև է։ Իսկ աղջիկները հաճախ այդ տարբերակներն էլ չունեն․ այստեղ կարծիք կա, որ «կարգին» աղջիկները երեկոյան պետք է տանը նստեն։ Պարզ ասած՝ ադրբեջանական շրջաններում երիտասարդության համար գրեթե ոչ մի զվարճանք չկա, էլ ավելի քիչ են ստեղծագործական ինքնաիրացման համար տարբերակները։ Իրերի նման դասավորությունը որոշել են փոխել երկու երիտասարդ, որոնք նույնպես շրջանից են։
Մինչ Մուրադը երկրի հյուսիս–արևմուտքում այսուայնկողմ է գնում գարնանային արևի շողերով և դաշնամուրի ելևէջներով լի սենյակներով՝ ողջունելով նոր այցելուներին և փորձելով կապ հաստատել էլեկտրիկի հետ, Իգրարը հարավ–արևելքում մտածում է, թե որտեղից գտնի վերանորոգման համար պակասող մի քանի հազար մանաթը և ինչպես պայմանավորվի տեղի իշխանությունների հետ։
Դեռևս մի քանի տարի առաջ նրանք երկուսն էլ Բաքվում էին ապրում, մասնակցում հավաքույթների և փառատոնների, իրենք կազմակերպում դրանք։ Այնուհետև նրանք վերադարձան իրենց հայրենի քաղաքներ՝ հասկանալով, որ այդտեղ նրանց կարիքն ավելի շատ կա, քան մայրաքաղաքում։
Ստեղծագործական այգի
Մուրադը գողեգող շուրջն է նայում և, կարծես թռուցիկ փակցնելիս լինի, սյան վրա սոսնձում է Art Garden–ի գովազդը։ Լրացուցիչ գովազդը չի խանգարի։ Թեև Գյանջայում այդ վայրն, առանց այդ էլ, ավելի քան հայտնի է։
Գյանջան Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Թեև այստեղ շուրջ 400 հազար մարդ է բնակվում՝ մայրաքաղաքից տասն անգամ պակաս։ Կարմիր աղյուսե շենքերը, տիկնիկային թատրոնը, որը տեղակայված է հնագույն եկեղեցում, և Գյանջա–չայը, որի հունը մարտին դեռևս ամբողջության չոր է։ Գյանջան չի կարելի անվանել խաղաղ և ձանձրալի․ կյանք այստեղ ավելի հագեցած է, քան երկրի մյուս շրջանների մեծ մասում։ Այստեղ ժամանակակից սրճարան կա, մի քանի թատրոն, մշակութային կենտրոն, հյուրախաղերով արտիստներ են ժամանում Բաքվից, իսկ վերջերս էլ կինոթատրոնով մոլ է բացվել։ Սակայն ժամանակակից արվեստին հարող երիտասարդությունն, այնուամենայնիվ, տեղ չուներ գնալու։ Այդ պատճառով, երբ քաղաքում հայտնվեց Art Garden–ի պես ոչ ստանդարտ վայրն, այն միանգամից շատ պոպուլյար դարձավ։
2018 թ–ի սկզբին դա պարզապես ութ մետրանոց նկուղ էր։ Իսկ այժմ Art Garden Ganja–ն մի ամբողջ տուն է՝ բազմաթիվ սենյակներով, պահեստային սենյակներով, շքապատշգամբով և նույնիսկ փոքրիկ այգով։
Art Garden–ի «տիրույթները» սկսվում են Xoyski սրճարանից, որն անվանվել է ի պատիվ ամենահայտնի գյանջացիներից մեկի, 20–րդ դարի հասարակական–քաղաքական գործիչ Ֆաթալի Խան Խոյսկու։ Տեղի գրաֆիտի նկարչի պատկերած Ֆաթալի խանը դիմավորում է մուտքի մոտ։ Ի դեպ, այս քաղաքում պատերի վրա նկարելն արգելված է, այնպես որ տեղի գրաֆիտի նկարիչները ստեղծագործում են Art Garden–ում։
Սրճարանն «ամրացրին» Art Garden–ին բացվելուց որոշ ժամանակ անց․ եկամուտ էր պետք գոնե կոմունալ ծախսերը վճարելու համար։ Եվ այժմ սրճարանից ստացվող գումարն օգնում է ոչ միայն պահպանել արտ–տարածքի գործունեությունն, այլ նաև աշխատավարձ վճարել մի քանի աշխատակիցներին։ Մուրադն ու նրա թիմի հիմնական անդամները դեռևս ոչ մի եկամուտ այս վայրից չունեն։ Մուրադի մոտ «համախոհներն» ի սկզբանե գործում նույնիսկ սեփական փողերն են ներդրել։
Նրանցից մեկը բարիստա Քեփեզն է՝ նախկին հաշվապահ, որը երգեր է գրում, մի փոքր նկարում և, ըստ իրեն, «30-ամյակի ճգնաժամի եզրին է»։ Ասում է, որ ժամանակի ընթացքում Xoyski–ում ուզում է թրեյնինգներ սկսել սուրճի բովման և եփման վերաբերյալ։
Այստեղ է նաև նկարիչ Թահմինան; Իսմայիլը, որը շատ է սիրում հյուսնի գործը (նրա սմարթֆոնում անգամ «հյուսնի» հավելված կա, պարզվում է՝ այդպիսի բան էլ կա); Մուսան զբաղվում է հաշիվներով և այգով; Այթենը երազում է լրագրող դառնալ։ Նրանք բոլորը գյանջացիներ են, այստեղ են ծնվել և մեծացել։ Art Garden–ին միանալու նրանց պատմությունները շատ նման են․ «եկա, տեսա, մնացի»։ Եվ բոլորն ասում են, որ դա արմատապես փոխել է իրենց կյանքը․ օգնել է նոր ընկերներ գտնել և դուրս պրծնել «տուն–աշխատանք–տուն» փակ շրջանից։
Art Garden–ում համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, արտ–թերապիայի սեանսներ և շատ այլ բաներ են անցկացվում՝ ներառյալ «թոք–շոուի» նման մի բան, որի մասնակիցները կարող են իրենց կարծիքը հայտնել տարբեր թեմաների շուրջ։ Ինչ–որ մեկը անպայման սրճարանում դրված դաշնամուրն է նվագում։ Առանձին մեկուսի սենյակում Թահմինան նկարչության դասեր է անցկացնում։
Ներքևում՝ նախկին ավտոտնակում, որն ատաղձագործական և փականագործական արհեստանոցի է վերածվել, Իսմայիլը կահույք և տնտեսության մեջ անհրաժեշտ այլ իրեր է պատրաստում։ Իսկ հարևան շինությունում փորձ են անում տեղի երաժշտական խմբերը։ Տարածքն ու գործիքները նրանց անվճար են տրվում, պետք է միայն հերթագրվել։
«Նախկինում ընկերոջս բնակարանում էինք փորձ անում՝ երկու կիթառով, թմբուկի փոխարեն սեղանի վրա փայտիկներով նվագելով։ Իսկ Art Garden–ում մեզ համար ստեղծվել են փորձի, ինչպես նաև ելույթ ունենալու համար բոլոր պայմանները։ Այնպես որ, կարելի է ասել, որ այստեղ է սկսվել մեր կարիերան», — պատմում է Rigveda խմբի մեներգիչ Հուսեյնը։
Հաղթահարելով երկչոտությունն ու կարծրատիպերը
Եթե գործերը մի փոքր էլ ավելի լավ գնան, Մուրադը մտածում է ապագայում նմանատիպ արտ–տիրույթներ բացել նաև Ադրբեջանի մյուս շրջաններում։ Ըստ նրա՝ մայրաքաղաքի երիտասարդությունն ավելի քիչ ոգևորություն ունի, քան Գյանջայինը․
«Բաքվի երիտասարդությունը կարող է միանգամից հինգ միջոցառման միջև ընտրություն կատարել, այդ պատճառով էլ առանձնահատուկ եռանդ չի ցուցաբերում։ Իսկ այստեղ՝ Գյանջայում, այլընտրանքը քիչ է, և մարդիկ ավելի «կենտրոնացած» են։ Բաքվի երիտասարդությունից տեղի երիտասարդության ևս մեկ տարբերությունն, իմ կարծիքով, այն է, որ գյանջացիներն ավելի երկչոտ են։ Նրանց նկատմամբ հատուկ մոտեցում է պետք, նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է երկար խոսել՝ պարզելու համար, թե ինչն է հետաքրքրում այդ մարդուն, ինչպե՞ս է նա ուզում արտահայտվել, պետք է օգնել նրան ինտեգրվել նոր մթնոլորտին։ Գյանջայում աշխատելու ընթացքում սովորել եմ մարդկանց հետ ավելի սերտ կապ հաստատել»։
Art Garden–ը մասնակիորեն օգնել է Գյանջայի երիտասադրությանն, ինչպես նաև ավելի տարիքով մարդկանց ազատվել «բոհեմական կյանքի» հետ կապված (որը շրջաններում հաճախ ասոցացվում է սովորական այլասերության հետ) որոշ կարծրատիպեր հաղթահարել։ Ըստ Մուրադի՝ շատ տեղացիներ սկզբից թերահավատորեն են վերաբերվել այդ վայրին, այժմ Xoyski սրճարան են գալիս նույնիսկ ընտանիքներով։
Ըստ Թահմինայի, որը նախագծին է միացել դեռևս դրա «նկուղային փուլում», գյանջացի կնոջ համար դա խիզախ քայլ էր․
«Ես միշտ ցանկացել եմ սեփական արվեստանոցն ունենալ, և Մուրադն ինձ առաջարկեց աշխատել նկուղում, որտեղ այն ժամանակ տեղակայված էր Art Garden–ը։ Ծնողներս այն ժամանակ դեմ էին, հետ էին համոզում, ճնշում ինձ։ Սակայն ես չհանձնվեցի»։
Թահմինան Art Garden–ն անվանում է իր կյանքի շրջադարձային կետ և վստահ է, որ շրջաններում այդպիսի վայրերն անհրաժեշտ են ոչ միայն ժամանակ անցկացնելու համար, դրանք նաև օգնում են մարդկանց փոխել իրենց աշխարհահայացքն, ընդլայնել սահմաններն ու, երբեմն նույնիսկ՝ գտնել իրենց ուղին։
Սարդոստայն գործելու դժվարությունների մասին
Լենքորան նշանակում է ծով, մերձարևադարձային գոտի, թեյի պլանտացիաներ և Իրանի հետ սահման «երկու քայլ հեռավորության վրա»։ Քաղաքի բնակչությունը հիսուն հազարից մի փոքր ավելին է։ Այստեղ նույնպես երիտասարդական կենտրոն կա, սակայն տեղի երիտասարդության կյանքում այն իրական դեր չի խաղում։ Բացի այդ, Լենքորանում բարքերն են ավելի խիստ և պահպանողական։
Իգրարն այստեղ է ապրել մինչև 14 տարեկան հասակն, այնուհետև Բաքու է տեղափոխվել մորաքրոջ մոտ, ինչպես ինքն է արտահայտվում, «հանուն լավ ապագայի»։ Բուհն ավարտելուց, լրագրության և արվեստի բնագավառում աշխատելուց հետո Իգրարը 2019 թ–ի հոկտեմբերին Լենքորան է վերադարձել, վարձակալել հին լքված մի շենք, որտեղ նախկինում գրքեր էին վաճառում, և սկսել է այն վերածել Tor (ցանց, սարդոստայն») անվանումով մեդիատեկայի։ Ասում է, որ ուզում է տեղի երիտասարդությանը նվիրել այն հնարավորությունները, որոնք ինքն է ունեցել, երբ դեռահաս է եղել։
Ընդհանրապես, մեդիատեկան ժամանակակից կատարելագործված գրադարան է, որտեղ, գրքերից բացի կան նաև ֆիլմեր, երաժշտություն և տարբեր սարքավորումներ՝ այդ ամենը դիտելու, լսելու և ցուցադրելու համար։ Իսկ Իլգարի մտածած մեդիատեկայում լինելու է նաև սրճարան, գեղարվեստական արվեստանոց, տարածքներ երաժշտական փորձի և դասընթացների, վարպետանոցների համար, կանաչ գոտի։ Այստեղ կարելի կլինի ոչ միայն կարդալ, այլև ստեղծագործել կամ ինքնակրթությամբ զբաղվել, տարբեր միջոցառումներ կազմակերպել, ինչպես նաև պարզապես շփվել։
Իգրարը հույս ունի, որ ժամանակի ընթացքում Tor–ը գործելու է հենց որպես սոցիալական բիզնես։ Այսինքն՝ հանրային օգուտից բացի որոշակի եկամուտ է ապահովելու։ Ճիշտ է, Իգրարը դեռևս միայն վնասներ է կրում․ լքված շենքը ժամանակակից մեդիատեկայի վերածելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Անհրաժեշտ գումարը հավաքագրելու համար նա գործարկել է 30-օրյա քրաուդֆանդինգ նախագիծ #yüzadamıngücü՝ #ՀարյուրՄարդուՈւժ անվանումով։ Ենթադրվում էր, որ հարյուր մարդ հարյուրական մանաթ [մոտ $60] կնվիրաբերի, իսկ ոմանք նաև վերանորոգման հարցում անձամբ կօգնեն։ Բայց գործնականում փող է տվել միայն 16 մարդ։
Թեև դա էլ, ըստ Իգրարի, վատ չէ սկզբի համար։ Նա աշխատում է չընկճվել, նույնիսկ եթե աշխատանքն այժմ կանգնած է։ Ոչ միայն փողը չի հերիքում, այլ նաև օգնականներ չկան։ Դժվար է մարդկանց գտնել, ովքեր պատրաստ են մշտական հիմքերով թիմին միանալ։ Այնպես որ, թիմն այժմ երկու հոգուց է բաղկացած՝ Իգրարից և Նուրայից, որն ապրում է Բաքվի արվարձաններից մեկում, օգնում է հեռահար կերպով և հաճախ է Լենքորանում լինում։ Բացի այդ, Լենքորանի պաշտոնյաներին Իգրարի նախաձեռնությունը դուր չի եկել, և նրան թույլ չեն տալիս շենքի վերապլանավորում կատարել։
Փոխարենը մոտակա շենքերի բնակիչներն Իգրարին աջակցում են․ ավերակների կողքին ապրելը նրանց այնքան էլ դուր չի գալիս, այնպես որ, ավելի լավ է ինչ–որ մեկը զբաղվի այդ շենքի բարեկարգմամբ։ Իգրարն, իր հերթին, խոստանում է նրանց, որ մեդիատեկան այնքան էլ աղմկոտ չի լինելու։
Սակայն, դեռ չունենալով սեփական տարածք, Tor–ը գործում է որպես ստեղծագործական նախաձեռնություն, մշակութային միջոցառումներ է անցկացնում ինչպես տեղի, այնպես էլ մայրաքաղաքի երիտասարդության համար։ Օրինակ՝ հունվարի վերջին Art Garden–ի հետ միասին նրանք բաքվեցիների համար կազմակերպել են «Kivi parti»՝ մեկօրյա էքսկուրսիա դեպի Լենքորանում տեղակայված կիվիի պլանտացիա։
Մեդիացանցի աջակցությամբ