Արչիլ Թաթունաշվիլիի ընտանիքը Ռուսաստանի դեմ հայց է պատրաստում Ստրասբուրգի դատարան դիմելու համար
Արչիլ Թաթունաշվիլիի թաղումը: Լուսանկարը՝ Մզիա Սագանելիձեի, Ազատություն ռադիոկայան
Հայտնի է փետրվարի 22-ին Ցխինվալիում չպարզված հանգամանքներում մահացած Արչիլ Թաթունաշվիլիի մարմնի փորձաքննության առաջնային եզրակացությունը:
Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյի նախապատրաստած փաստաթղթի համաձայն՝ Արչիլ Թաթունաշվիլիի մարմնի վրա ավելի քան 100 վնասվածք է հայտնաբերվել:
Փորձագետների երզրակացությունը ստիպել է վերավորակավորել հետաքննությունը: Այն վարվում էր «ազատությունից ապօրինի զրկում» և «սպանություն» հոդվածների համաձայն, իսկ այժմ դրանց գումարվել է նաև «կտտանքների կիրառում» հոդվածը: Այս մասին լրագրողներին հաղորդել է ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին:
«Փաստացի մարմնի վրա կտտանքների հետքեր են երևում: Հետևաբար, եթե քննությունը կատարվածը որակել է որպես ազատությունից ապօրինի զրկում և սպանություն, ապա հիմա նաև՝ որպես կտտանքների կիրառում: Այժմ քննությունն աշխատելու է նաև այդ տեսանկյունից: Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով: Այդ թվում, ինտենսիվ համագործակցում ենք զոհվածի ընտանիքի հետ», — հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին:
Փորձագիտական եզրակացությունում նշվում է 46 վնասվածքների մասին, որոնք հասցվել են «բազմաթիվ անգամ գլանաձև ծայրերով տափակ առարկաների կիրառմամբ», և դրանք բոլորը հասցվել են, երբ նա դեռ կենդանի էր: Ճիշտ է, եզրակացությունում ոչինչ չի խոսվում այն մասին, թե վնասվածքներից որն է ճակատագրական եղել Թաթունաշվիլիի համար:
Զոհվածի ընտանիքը բազմաթիվ հարցեր ունի փորձագիտական եզրակացության վերաբերյալ: Ընտանիքի անդամների խոսքով՝ մարմնի որոշ վնասվածքներ ընդհանրապես չեն հիշատակվում փաստաթղթում: Նրանք պահանջում են ևս մեկ փորձաքննության անցկացում՝ միջնորդական: Միջնորդական փորձագիտությունը պետք է հաշվի առնի բոլոր վնասվածքները և պարզի, թե ինչն է մահվան պատճառ դարձել: Դրանից հետո Թաթունաշվիլիի ընտանիքը նախատեսում է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Անհրաժեշտ է նաև, որպեսզի ներգրավվեն սրտաբաններ, նեյրովիրաբույժներ, և, հնարավոր է, որ նրանք կարողանան հստակ նշել, որ մահն առաջացրել են կտտանքները», — Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է զոհվածի հայրը՝ Գիվի Թաթունաշվիլին:
Նրա խոսքով՝ փորձաքննությունը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ինչու է փոխվել հանգուցյալի քթի ձևը, ինչու է այն վնասված, այդ ինչ շրջանաձև վնասվածքներ են ճակատին:
«Ինձ ասում են, որ ճակատին գնդակի անցքեր չեն: Ուրեմն թող բացատրեն, թե այդ ինչ վերքեր են: Քիթն էլ կարծես իրենը չլինի», — ասում է Գիվի Թաթունաշվիլին:
Փորձագիտական եզրակացությունը մեկնաբանել է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
«Փորձաքննության եզրակացությունը հաստատում է, որ Թաթունաշվիլիի հետ անմարդկային կերպ են վարվել», — հայտարարել է նա:
Ցիխելաշվիլին կարծում է, որ անհրաժեշտության դեպքում գործում կարելի է ներգրավել միջազգային փորձագետների: Ըստ պետնախարարի՝ Թաթունաշվիլիի գործը Էրգնեթիում հունիսի 7-ին կայանալիք հանդիպմանը քննարկվելիք հիմնական հարցերից մեկն է:
«Վաղն Էրգնեթիում կկայանա միջադեպերի կանխման և դրանց արձագանքելու հարցերով հերթական հանդիպումը: Կարևորագույն հարցը, որը քննարկվելու է, Թաթունաշվիլիի գործն է: Նախորդ հանդիպմանը վրացական պատվիրակությունը մի քանի ժամ նվիրեց այդ գործի մանրամասներին և տեղեկատվության ստացմանը, որն անհրաժեշտ էր քննության աշխատանքի, կատարվածի համար պատասխանատու անձանց հայտնաբերմանը: Մենք դա վաղը կշարունակենք, և վստահաբար կարող եմ ասել, որ վրացական կողմը առաջ կտանի քննությունը», — հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին:
Վրաստանի քաղաքացիներ Արչիլ Թաթունաշվիլին, Լևան Քութաշվիլին և Իոսեբ Պավլիաշվիլին ձերբակալվել են 2018 թ—ի փետրվարի 22-ին Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների կողմից: Հաջորդ օրն Արչիլ Թաթունաշվիլին մահացել է Ցխինվալիում, չպարզված հանգամանքներում: Օսական կողմը հայտարարել է, թե 35-ամյա Թաթունաշվիլին «փետրվարի 23-ի երեկոյան ընկել է Ցխինվալիի մեկուսարանի աստիճաններին և մահացել Ցխինվալիի հիվանդանոցում սրտի անբավարարության հետևանքով»:
Այդ վարկածին չի հավատում ոչ պաշտոնական Թբիլիսին, ոչ Թաթունաշվիլիի ընտանիքը: Վրացական կողմը կասկածում է, որ Թաթունաշվիլիի մահը բռնության հետևանք է: Կասկածներն անուղղակիորեն հաստատվում են նաև նրանով, որ օսական կողմը գրեթե մեկ ամիս հրաժարվում էր վրացական կողմին փոխանցել Թաթունաշվիլիի մարմինը:
Թաթունաշվիլիի մարմինը Ցխինվալին վրացական կողմին է հանձնել մարտի 20-ին՝ մահվանից գրեթե մեկ ամիս անց: JAM-news-ն առաջին լրատվամիջոցն էր, որը ձեռք էր բերել և հրապարակել տեղեկատվություն այն մասին, որ մարմինը փոխանցվել է վրացական կողմին առանց սրտի և գլխուղեղի:
Իրավաբան Թամար Ավալիանիի խոսքով, ըստ բժշկական եզրակացության, Արչիլ Թաթունաշվիլիի մահվան հստակ պատճառն անհնար է պարզել, այդ պատճառով էլ խելամիտ ժամկետներում անհրաժեշտ է միջնորդային փորձագիտություն անցկացնել: Թամար Ավալիանին ընդգծել է, որ բժշկական փորձաքննության մեջ խոսքը գնում է միայն Թաթունաշվիլիի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքների մասին: