Արմեն Սարգսյան, Երևան
Նորից եկավ սեպտեմբերը և Գիտելիքի օրը: Հուզված դպրոցականները (ոչ այնքան միանշանակ արցունքոտ աչքերով) ոտք դրեցին կրթության տաճարներ: Ուսուցիչները երկարաշունչ ճառեր հղեցին, իսկ դպրոցների ճակատներին կախեցին «Ճանաչել զիմաստություն…» մաշտոցյան խրատը:
Սովետական տարիներին մեզ հորդորում էին «երկրին պիտանի» մարդիկ դառնալ, իսկ հիմա ավելի շատ «լավ գործի անցնելու» խորհուրդներ են տալիս:
Ո՞րն է, ուրեմն, այդ «լավ գործը», որի համար արժե բարձրանալ դպրոցի տասներկուամյա աստիճաններով, մտնել բակալավրիատի խորխորատներ, «հանձնվել» մագիստրատուրայի և դոկտորանտուրայի «հմայքներին»: Բայց նույնիսկ այսքանը կարող է բավարար չլինել ամենալավ գործին անցնելու համար: Սովորաբար աշխատանքի հայտարարություններում չեն գրում «Պահանջվում է մասնագետ աշխարհի ամենալավ գործին անցնելու համար»: Չնայած, այդպիսի մի դեպք պատահել է 2009 թվականին:
Ավստրալիայի Քուինսլենդի տուրիզմի կորպորացիան շուրջ 2000 կիլոմետրանոց տուրիստական գոտու հմայքները վայելելու և փորձարկելու համար հայտարարեց «Աշխարհի լավագույն գործի մրցույթ»:
Աշխատանքային պարտականություններն էին. 6 ամիս ճամփորդել նավով, ուղղաթիռով, մեքենայով, պառկել լողափին, իջնել ջրի հատակը, մերսում ընդունել, կոկտեյլներ խմել, ուտել լավագույն ռեստորաններում, այցելել պարահրապարակներ, մասնակցել լողափի զվարճանքներին, լուսանկարվել, հարցազրույցներ տալ և դրանք տեղադրել սոցցանցերում: Այս ամենի համար վճարում էր ընկերությունը և աշխատողին հավելյալ տրամադրում մոտ 105.000 ԱՄՆ դոլար աշխատավարձ:
200 երկրից 35 հազար մարդ դիմեց աշխարհի լավագույն գործին: Հաղթեց բրիտանացի Բեն Սաութհոլը: Ահա մի քանի դրվագ նրա աշխատանքային լարված առօրյայից:
Բեն Սաութհոլը դարձավ գրքերի և մուլտիմեդիա հրատարակությունների հեղինակ, իսկ նրա կայքը՝ մի առանձին ժամանցի վայր:
Իհարկե, սա ժամանակավոր աշխատանք էր: Տուրիստական գործակալությունը 7 միլիոն դոլար ծախսելուց հետո լիովին համոզվեց, որ այդ լողափը իսկապես շատ լավն է, ու նոր մրցույթ չհայտարարեց: Աշխատանքի այսպիսի հնարավորությունը, ինչպես և սպասվում էր, տրվեց մեկ անգամ, և չարժե տարիներով սպասել նոր պատահականության: Պետք է փնտրել նոր մասնագիտություններ, որոնք պահանջված են եզակի և որոնց շատ քիչ մարդ է տիրապետում… առայժմ:
Աշխարհի առաջատար բուհերը հիմա «սովորական» դարձած բժիշկի, լրագրողի, ճարտարագետի, քիմիկոսի, ծրագրավորողի մասնագիտության հետ զուգահեռ առաջարկում են նաև այնպիսիք, որոնց անվանումներն արդեն տարակուսանք են առաջացնում: Բայց դա միայն՝ առաջին հայացքից:
Լիվերպուլի Հոուփ համալսարանը արդեն 6 տարի առաջարկում է բարձագույն կրթություն Բիթլզի, փոփ-արվեստի և հասարակագիտության գծով:
Սան Ֆրանսցիսկոյի պետական համալսարանը սեռերի և սեքսի թեկնածուական է առաջարկում արդեն ավելի քան 50 տարի: Այստեղ խոստանում են ստեղծագործական աշխատանք, մեթոդներ և տեխնոլոգիաներ, գիտելիքների գործնական կիրառում:
Իտալիայի հյուսիսում գտնվող Եվրոպական ակադեմիան թեկնածուական գիտական աստիճան է խոստանում Սառցե մարդու գծով: Եթե ոմանք դա համարում են լեգենդ ու այդ խորհրդավոր «Մեշոկ պապիկով» վախեցնում են երեխաներին, շատերն էլ տարիներով ուսումնասիրում են այդ առասպելական արարածին:
Մարդիկ ուզում են լավ սովորել, որ փաթեթավորող չդառնան, իսկ Միչիգանի համալսարանն առաջարկում է Փաթեթավորման դոկտորի գիտական աստիճան: Այս կոչումը ձեռք բերելու համար պետք է սովորել նվազագույնը 8 տարի:
Եվ վերջում. եթե դեռ չեք կողմնորոշվել՝ ինչ եք դառնալու, դառնալու՞ եք թե չէ, ինչու՞ եք դառնալու, կամ ուզու՞մ եք դառնալ… կամ էլ այլ բազում հարցեր են պտտվում ձեր գլխում, ուրեմն՝ նախ 4 տարի սովորեք և ավարտեք Ինդիանայի համալսարանի Որոշում ընդունելու ֆակուլտետը և դարձեք Որոշումների դոկտոր:
Այդ ժամանակ երևի հեշտ կլինի կողմնորոշվել ու վերջապես հասկանալ, թե ինչ նպատակով էիք 16 տարի առաջ սեպտեմբերի 1-ին գնացել դպրոց՝ «զխրատ իմանալու զբանս հանճարոյ»:
Հրապարակվել է՝ 05.09.2016