Արմեն Սարգսյան, Երևան
Անձնական օգնականների էլեկտրոնային դարաշրջան. վստահե՞լ թե չէ Ալեքսային ու Չառլիին
1830 թվականին Մանչեստրի և Լիվերպուլի միջև առաջին անգամ գործեց երկաթուղային հաղորդակցություն: Ձիերի զարմացած և կառապանների զայրացած հայացքների ուղեկցությամբ շոգեքարշը տեղափոխեց մի խումբ «հաճախորդների»: Կառքերի տերերը միանգամից հասկացան իրենց գլխի գալիքը: Երկաթե հրեշները կուլ կտան իրենց, և վերջ: Կառապաններից մեկը նույնիսկ «Թայմսում» հոդված գրեց, որն ավարտվում էր այսպես:
«Անվիճելի է, որ մարդիկ ժամանակ կշահեն կառքի փոխարեն շոգեքարշով երթևեկելու դեպքում, բայց ես հարց եմ տալիս, ի՞նչ են անելու նրանք այդ ազատ ժամանակը»:
Միանգամայն տեղին հարց: Հատկապես նրանց համար… մի խոսքով՝ բոլորիս համար: Ազատ ժամանակը մենք ծախսում ենք մտածելով, թե ո՞նց անենք, որ ավելի շատ ժամանակ ունենանք:
Հայաստանի առողջապահության զբաղված նախարարն, օրինակ, պահում է 8 խորհրդական և երկու օգնական, որ հասցնի կատարել իր աշխատանքը: Այլ բան է, թե նա ինչքան ժամանակ է ծախսում այդ 10 հոգու աշխատանքը կազմակերպելու համար: Մի ուրիշ հարց է, թե քանի մարդ է աշխատում՝ բյուջեից նրանց միջինը 300,000 դրամ ($626) աշխատավարձ ապահովելու համար:
Չեմ ուզում համեմատվել բազմազբաղ նախարարների հետ, բայց մենք էլ ենք ժամանակի խնդիր ունենում: Օրինակ, մեկ էլ տեսար՝ քնելուց առաջ ցանկացանք իմանալ, թե ե՞րբ է մահացել Հենրիկ Մորուքավորը, որո՞նք են սոխի 7 կախարդական հատկությունները, ինչու՞ են դրանք հենց 7-ը, և ինչպե՞ս է ջարդվել 849,000 դոլարանոց մի ծաղկաման (չփնտրեք, պատասխանը վերջում կա): Դրա համար մի փառավոր տարբերակ միշտ կա.
OK, Google…
Մարդկանց՝ օգնականներ ունենալու երազանքը հիմա շատ հեշտ է իրականանում: Ծախսեր կան, բայց դրանք հազիվ թե հասնեն 300,000-ի: Այդպիսի լուծումներից է Ալեքսան: Նրա լրիվ և իսկական անուն ազգանունն Ամազոն Իքո է՝ Amazon Echo:
Փոքր, սևուկ-մևուկ Ալեքսան լսում ու պատասխանում է, երաժշտություն է միացնում, զարթուցիչի ժամ դնում, գրքեր կարդում, հայտնում եղանակը, պիցցա պատվիրում, անելիքների ցանկ կազմում: Լավ է, շատ լավ է: Բայց Ալեքսայի ամենամեծ լավությունն այն կլիներ, որ ոչինչ էլ չաներ, այդ դեպքում մենք ավելի շատ ժամանակ կունենայինք: Միայն ուշ արթնանալն արդեն ինչ ասես արժե: Իսկ Ալեքսան արժե ընդամենը 140 դոլար:
Գուգլի Էմուն (Emu) իսկականն է՝ արդեն վաստակած ազատ ժամանակը ծախսելու համար: Սա մեծ ուշադրությամբ և քար լռությամբ (ինչը կարևոր է) հետևում է հեռախոսային նամակագրություններին և մի շատ էական պահի «մեջ է ընկնում» իր առաջարկությամբ: Եթե մի որևէ ֆիլմի մասին եք գրել, Էմուն անմիջապես կառաջարկի դիտել ֆիլմը, ձեզ ամենամոտը գտնվող կինոթատրոնում տոմս կպատվիրի, կուղարկի խցանումների քարտեզը և կառաջարկի կից գտնվող մի լավ սրճարան՝ ֆիլմը քննարկելու համար: Հայկական տարբերակում, իհարկե կավելանան «հանգստի սենյակները՝ ձեր ժամանցն առավել արդյունավետ անցկացնելու համար»:
Էմուին հակառակ՝ Չառլին օգնում է զուտ գործարար կապերն ամրապնդելու գործում: Այս մի օգնականը ձեր կոնտակտներում կամ օրացույցում գտնում է անուններ ու ազգանուններ, ինքնուրույն համադրում է դրանք, կազմում հատուկ «դոսյեներ» այն մարդկանց մասին, ում հանդիպելու եք. նրանց ֆեյսբուքյան վերջին գրառումը, Թվիթերում հետևողների քանակը, առավել ակտիվ ընկերների ցանկը, կազմակերպության ցուցանիշերը: Այս ամենը հանդիպումից մի քանի րոպե առաջ Չառլին ուղարկում է ձեզ, որ իմանաք՝ ով ում բարեկամն է, գոնե՝ ինտերնետում:
Անձնական օգնականները՝ ամենատարբեր էմուները, չառլիները, դոննաները, ալեքսաները, կորտանաները ուղղակի ենթադրում են, թե մեզ ինչ է պետք: Բայց դե հաճախ մենք ինքներս էլ չգիտենք, թե մեզ ի՞նչ է պետք. կինո՞ գնալ, գործի, թե հանգստանալու: Կամ էլ, ի վերջո, ուզում ենք իմանալ, թե ինչպես է ջարդվել միլիոնանոց ծաղկամանը:
Ի դեպ, այդ դեպքի մասին: 42 տարեկան Նիք Ֆլինը Անգլիայի մի թանգարանում հասկանում է, որ սխալ հարկ է բարձրացել, շտապ ներքև է իջնում և ոտքով խփում հենց նոր ստացած, ժամանակավորապես պատուհանի գոգին դրած չինական ծաղկամանին, որն արժեր 849,000 դոլար: Այս դեպքում հանգստանալու և զվարճանալու հերթն արդեն Գուգլինն է, Ալեքսայինն ու Չառլիինը…
Հրապարակվել է՝ 30.11.2016