Արմեն Սարգսյան, Երևան
Հեռախոսով մարդիկ երաժշտություն են լսում ու գրքեր կարդում, լուրեր ստանում ու տարածում, խաղում ու ֆիլմեր նկարում, մեկ-մեկ էլ… զանգում: Հեռախոսը մեզ համար զարթուցիչ ու օրորոցային է, պահպանում է մեր հիշողությունը, թաքցնում կամ ցուցադրում մեր հույզերը:
Նոր սերնդի համար հեռախոսը տեխնիկական կցորդից վերածվել է մարմնի մասի՝ իրենից բխող բոլոր հետևանքներով: 2013 թվականին Ամերիկյան հոգեբանների ասոցացիան իր տարեկան տեղեկագրքում մտավոր խանգարումների ախտորոշման մի նոր բաժին ավելացրեց:
Հոգեբանները «գտան» ժամանակակից վախի մի տեսակ, որը կոչեցին նոմոֆոբիա (nomophobia), անգլերեն no mobile phone phobia արտահայտությունից (առանց բջջային հեռախոսի մնալու վախ): Պաշտոնական կարճ սահմանումն այսպիսին է.
Նոմոֆոբիա (գոյական)՝ աննորմալ և իռացիոնալ վիճակ առանց հեռախոսի հայտնվելու դեպքում, հեռախոսով կապ հաստատելու անկարողության, հեռախոսի ծածկույթից անհասանելի լինելու զգացում:
Նոմոֆոբիա բառն առաջին անգամ լսեցի 2015 թվականին Մոսկվայում: Մեդիա գրագիտության գիտաժողովում իսպանացի պրոֆեսոր Չարո Սաբադան հայտարարեց, որ կախվածությունը սմարթֆոնից արդեն պաշտոնական անուն ունի. նոմոֆոբիա:
Նավարրայի համալսարանի հաղորդակցության և նոր մեդիայի ֆակուլտետի ճանաչված դասախոսին ընդմիջմանը հրավիրեցի սուրճի, որ պարզեմ, թե ինչ ախտանիշեր ունի այս նոր ֆոբիան: Չարո Սաբադան շեշտեց նորագույն մտավոր խանգարման 4 հատկանիշները.
Չարո Սաբադա, Նավարրայի համալսարանի դասախոս, լուսանկարը՝ համալսարանի կայքից
— հեռախոսը գոնե մի քանի րոպեով անջատելու ցանկության բացակայություն,
— հնարավոր բաց թողնված զանգերը չնկատելու անհանգստություն,
— հեռախոսի մարտկոցի լիցքավորման չափը անընդհատ ստուգելու զգացում:
Չորրորդ ախտանիշը տիկին Սաբադան նշեց տխուր ժպիտով. հեռախոսով զուգարան գնալու անխախտ սովորությունը: 2013 թվականի ապրիլին, երբ նոմոֆոբիան դեռ պաշտոնական գրանցում չուներ, Հարավային Կորեայում հոսպիտալացվեց այս ախտանիշով առաջին հիվանդներից մեկը, 19-ամյա Էմմա Յունը (անունը փոխված է): Ըստ ծնողների գանգատների՝ աղջիկը «կտրվել է իր հետաքրքրություններից, դասերից, չի կարողանում ուտել, մինչեւ հեռախոսով չնկարի ուտելիքը…»
BBC-ն գրում է, որ երիտասարդ պացիենտը բժիշկներին այսպես է նկարագրել իր վիճակը. «Ամեն անգամ, երբ հեռախոսս մոռանում էի, արագ սրտխփոց էի ունենում և ափերս քրտնում էին»:
Այս դեպքում իհարկե պետք է տարբերակել հեռախոսը կորցնելու վախը հեռախոսը մոռանալու վախից: Հեռախոսը կորցնելու վախն էլ ինչ ասես արժի, հատկապես՝ Հայաստանում, հատկապես՝ եթե այն ապառիկով ես ձեռք բերել, ու դեռ «պաշտոնապես» քոնը չէ:
Հեռախոսից կտրվելու հայկական մի ուրիշ վախ էլ կա: Դա «րոպե չունենալու» վախն է, որը միշտ ստիպում է ապագա նոմոֆոբներին գոնե «մի ծնգոցի» բալանս պահել՝ աշխարհի, պապայի կամ ընկերուհու հետ կապ հաստատելու համար:
Նրանք, ովքեր կասկածում են, ունե՞ն նոմոֆոբիա թե չէ, առաջարկում եմ անցնել առցանց համապատասխան ստուգում:
Նոմոֆոբիայի առցանց թեստ
Նոմոֆոբիային վերաբերող կայքում կարելի է ծախսել մի քանի րոպե եւ իմանալ, վարակվե՞լ ես 21-րդ դարի ամենաերիտասարդ հիվանդություններից մեկով, թե չէ:
Հրապարակվել է՝ 02.05.2016