«Հետընթաց էլ կա, առաջընթաց էլ»․ ՀՀ ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասին
Արմեն Գրիգորյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Պաշտոնական Երևանը հունվարի 4-ին պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ ադրբեջանական կողմի առաջարկներին և այժմ սպասում է Բաքվի արձագանքին։ Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում այդ մասին հայտնել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հարցեր կան, որոնք բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել: Բայց, ընդհանուր առմամբ, նաև կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել»,- շեշտել է Գրիգորյանը։
Այլ մանրամասներ, սակայն, չի հաղորդել՝ հաշվի առնելով «զուտ բանակցային էթիկայի սկզբունքները»։ Նրա փոխանցմամբ՝ կա դրական դինամիկա, բայց կողմերն ակնկալում են, որ հնարավոր կլինի առաջընթաց գրանցել նաև դեռևս չլուծված հարցերի ուղղությամբ և «հնարավորինս շուտ վերջնականացնել և կնքել խաղաղության պայմանագիրը»։
Բաքուն վերջին շրջանում ակտիվորեն խոսում է խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ՝ առանց միջնորդների բանակցելու նպատակահարմարության մասին։ Պարզ չէ՝ արդյոք այդ տարբերակն ընդունելի է հայկական կողմի համար։ Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասում է․
«Ուղիղ այդպիսի առաջարկ, կոնկրետ պայմաններով, տեղով, ժամով Հայաստանին դեռ չի արվել։ Երբ լինի այդպիսի առաջարկ, Հայաստանը կմտածի դրա ուղղությամբ՝ ընդունել, թե մերժել, բայց հրապարակային հայտարարությունները մենք չենք կարող վերագրել որպես կոնկրետ առաջարկներ»։
«Չի կարող ստորագրվել ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ»
ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը ծանոթացել են խաղաղության պայմանագրի տեքստի նախնական տարբերակին և պնդում են, որ այնտեղ ներկայացված են միայն Ադրբեջանի շահերը։ Ի պատասխան՝ Գրիգորյանը նկատել է՝ Հայաստանի շահն այն է, որ խաղաղության պայմանագրով պաշտպանվեն երկրի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը։ Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմը հենց դրա շուրջ է բանակցում։
«Կասկած չունեմ, որ եթե մենք հասնենք խաղաղության պայմանագիր ստորագրելուն, այն ամբողջովին համապատասխանելու է ՀՀ շահերին»,- հայտարարել է նա։
Ասում է՝ ադրբեջանական կողմը նաև բանավոր վստահեցրել է՝ ընդունում է տարածաշրջանի կոմունիկացիաների բացման վերաբերյալ ՀՀ չորս սկզբունքները՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ դրանք ևս տեղ են գտնելու խաղաղության պայմանագրում․
«Այս չորս սկզբունքների արձանագրումը նշանակում է որևէ միջանցքային տրամաբանության [նկատի ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»] բացառում»։
Սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն հունվարի վերջին
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ կա ձեռքբերված համաձայնություն։
«Հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- նշել է Արմեն Գրիգորյանը։
Սահմանազատման հանձնաժողովները գլխավորում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Մինչ օրս հանձնաժողովները հինգ հանդիպում են անցկացրել։ Դրանք կազմակերպվել են Մոսկվայում, Բրյուսելում, ինչպես նաև սահմանին։ Վերջինը նոյեմբերի 30-ին էր՝ Իջևանի և Ղազախի հատվածում, այն առաջին անգամ տեղի ունեցավ առանց միջնորդների մասնակցության։
Այդ հանդիպումից հետո հայտարարվեց, որ կողմերը նախնական համաձայնեցրել են հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Դեկտեմբերի 14-ին Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատեց այն։ Նույն օրը այդ մասին որոշում ստորագրեց նաև Ադրբեջանի վարչապետը։
Կկազմակերպվի՞ հանդիպում Վաշինգտոնում
Այս հարցին հստակ պատասխան Գրիգորյանը չի տվել։ Նշել է միայն, որ Նահանգներում եռակողմ հանդիպում կազմակերպելու նպատակով է Հայաստան եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն։
«Հայաստանն իր համաձայնությունը տվել է։ Հենց վերջնական համաձայնություն լինի բոլոր կողմերի միջև, ՀՀ-ն պատրաստ կլինի գնալ այդ հանդիպմանը»,- շեշտել է նա։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հանդիպել են հունվարի 8-ին Երևանում։
Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխանցմամբ՝ զրուցակիցները
- քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը,
- անդրադարձել են վերջին շրջանում տեղի ունեցած բանակցություններին ու դրանց շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
«Արմեն Գրիգորյանը մեկ անգամ ևս վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը տարածաշրջանում հաստատելու երկարատև և համապարփակ խաղաղություն»,- ասված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արմեն Գրիգորյանը՝ խաղաղության պայմանագրի մասին