Վրաստանն ընդունում է ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Ֆոտոռեպորտաժ
Հուլիսի 30-ին Վազիանի ռազմաբազայում «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժություններ են սկսվել: Այդ միջոցառումը Վրաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս զորավարժությունն ամենամասշտաբայինն է: Վրաստանից բացի դրանց մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամև գործընկեր 8 երկիր: 13 օրվա ընթացքում վրացի զինվորականները մշակելու են փոխազդեցությունն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի, Հայաստանի և Ուկրաինայի զինծառայողների հետ:
Պաշտոնական մեկնաբանությունում ասվում է, որ «Արժանի գործընկեր-2017» զորավարժությունների նպատակը «կայնունության, պաշտպանության կամ գրոհի ապահովման գործողություններում ունակությունների բարելավումն է, ՆԱՏՕ-ի անդամների և գործընկերների զինված ուժերի փոխադարձ ռազմական համատեղելիության բարձրացումը, ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի (NRF) մարզումային հնարավորությունների զարգացումը և NRF-ի մասնակից երկրների միջև համագործակցության խորացումը»:
Զորավարժությունների գլխավոր ուղերձը հետևյալն է՝ «Ուժը գործընկերության մեջ է»: Դրանց ընդհանուր առմամբ մասնակցում է 2800 զինծառայող:
Զորավարժությունների բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանում արտոնագրված արտասահմանյան դիվանագետներ:
Ինչպես իր ելույթում ընդգծել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, զորավարժությունները չափազանց կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար և համագործակցության խորացման, և զինված ուժերի հնարավորությունների բարձրացման, և ՆԱՏՕ-ի չափանիշներին երկրների մերձեցման և զարգացման առումով:
Զորավարժություններին առաջին անգամ կներկայացվեն «Սթրայքեր» և «Բոքսեր» ամերիկյան և գերմանական զրահավոր փոխադրիչ մեքենաները: Կներկայացվի Վրաստանի զինված ուժերի հաշվառման մեջ գտնվող Տ-72 տեսակի տանկ, «Դանա» հրետանային կայանքն ու «Դիդգորի» զրահային փոխադրիչ մեքենան: Ինչպես նաև «Աբրամս» ամերիկյան տանկերը, «Բրեդլի» և «Սթրայքեր» մեքենաներն ու C-130 տեսակի ամերիկյան զինվորական ինքնաթիռը:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին հայտարարել է, որ «Արժանի գործընկեր» զորավարժությունները տարբերվում են և կարևոր են հենց իրենց բազմաֆունկիոնալությամբ: Նրա ախոսքով՝ դա այն միջոցառումն է, որում ԱՄՆ-ն միշտ Վրաստանի կողքին է լինելու: Զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությանը դեսպանն ընդգծել է, որ զորավարժություններն ուղղված չեն որևևէ պետության դեմ:
«Դուք տեսնում եք այստեղ ներկայացված երկրները: Այնպես որ, սա ինչ-որ ագրեսիայի ազդակ չէ, այլ ընդհակառակը, զորավարժությունները փորձ են Վրաստանին օգնելու ամրապնդել իր ինքնիշխանությունն ու անկախությունը»:
Զորավարժությունները կազմված են երեք փուլից: Առաջինը հրաձգությունն է, այդ թվում՝ զրահատեխնիկայի, հրետանային կայանքների և թեթև զինատեսակների մասնակցությամբ:
Երկրորդ փուլը հրաձգության տեսական և գործնական զորավարժություններ է ենթադրում ստորաբաժանումների մակարդակում:
Վերջնական երրորդ փուլը դաշտային տեխնիկական զորավարժություններն են, որոնց շրջանակում զինծառայողները կմասնակցեն պաշտպանական և գրոհային գործողություններին, ականապատման և ականազերծման գործողություններին:
«Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժությունները ԱՄՆ և Եվրոպայի բանակների՝ Սև ծովի ավազանում անցկացվող զորավարժությունների ցիկլի մի մասն են: Դրանք անցկացվում են 7 պետության տարածքում: Վրաստանում զորավարժությունների կազմակերպիչները երկրի զինված ուժերն ու ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարությունն է: «Արժանի գործընկեր» զորավարժությունները ղեկավարում է Վրաստանի զինված ուժերի արևելյան ցամաքային զորքերի հրամանատար գնդապետ Շավլեգո Տաբատաձեն: