Արդյո՞ք Վրաստանում աճել է հանցավորության մակարդակը
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել երկրում հանցավորության մասին։ 2018թ-ին, դրա նախորդ տարվա համեմատ հանցագործությունների ընդհանուր քանակն ավելացել է 54%-ով։ Տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 58 412 իրավախախտում է կատարվել, ինչը վերջին տարիների տխուր ռեկորդ է։ Մինչ այդ առավելագույն ցուցանիշ գրանցվել էր 2013թ-ին՝ 43 028 իրավախախտում։ Սակայն հարկ է նշել, որ 2013թ-ի այդ բարձր ցուցանիշը բացատրվում էր հաշվարկի մեթոդաբանության փոփոխմամբ։
• Կտտանքներ, առևանգումներ, շինծու գործեր. հրապարակվել են վրացի նախկին դատախազի բացահայտումները
Որքանո՞վ է տագնապալի գրանցված իրավախախտումների քանակի այս աննախադեպ աճը։ Արդյո՞ք վիճակագրական տվյալները հիմքեր են տալիս մտածելու, որ Վրաստանում քրեական հանցագործությունների հետ կապված իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Ի՞նչ են այս առթիվ ասում իշխանություններն ու ընդդիմությունը։
Ինչո՞ւ է անվստահություն առաջացնում նախորդ տարիների վիճակագրությունը
2012թ-ին «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո վիճակագրական տվյալների մշակումն ու դրանց հրապարակումը խնդրահարույց դարձավ։ Իսկ ավելի հստակ՝ 2016թ-ի հունվարից հետո՝ Գեորգի Մգեբրիշվիլիի կողմից ՆԳՆ-ն ղեկավարելու փուլում, գերատեսչությունը դադարեց հրապարակել ցանկացած վիճակագրական տվյալ։ Հրապարակման պրակտիկան վերականգնվեց երկու տարի անց նոր նախարար Գիորգի Գախարիայի նախաձեռնությամբ։
Հարկ է ընդգծել, որ գրանցված իրավախախտումների քանակն իրերի դասավորությունը նույնությամբ չի արտացոլում, քանի որ այդ ցուցանիշներում արտահայտված են բացահայտված իրավախախտումներն ու «բնակչության դիմումների» արդյունքում գրանցվածները։ Դա նշանակում է, որ գրանցված հանցագործությունների ցածր ցուցանիշը կարող է կապված լինել իրավապահ մարմինների հանդեպ տուժածների անվստահության հետ, այսինքն՝ տուժածները ոստիկանություն չեն դիմել։
2018թ-ի սկզբից գրանցված իրավախախտումների քանակը կտրուկ աճել է։ ՆԳՆ ղեկավար Գիորգի Գախարիան դա բացատրում է նրանով, որ 2018թ-ին նախարարությունը հրաժարվել է վիճակագրությունը «գեղեցկացնելու» պրակտիկայից և անցել է առավելագույն իրատեսական պատկերի հրապարակման, որի համար անհրաժեշտ բարեփոխումներ է կատարել։ Դրանցից որոշներն ուղղակիորեն միտված են իրավապահ մարմինների հանդեպ բնակչության վստահության մակարդակի բարձրացմանը։
Արդյունքում՝ անհասկանալի է․ հրապարակված թվերը ոստիկանության հանդեպ այդ վստահության ավելացման արդյո՞ւնք են, թե՞ իրավիճակն, այնուամենայնիվ, վատթարացել է։
Ընդդիմության կարծիքը
Միացյալ ընդդիմությունը Վրաստանում քրեածին իրավիճակի վերաբերյալ իր տվյալներն է հրապարակում։ Այդ տվյալների համաձայն՝ այս տարի հանցավորության մակարդակը 2017թ-ի համեմատ 60%-ով աճել է։
Նվազել է հանցագործությունների բացահայտման տոկոսը։ Ընդդիմությունը դրա պատասխանատվությունը դնում է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի վրա։ Բացի այդ, ընդդիմությունը վերին աստիճանի տագնապալի է անվանում ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործերի քանակի ավելացումը։ Տվյալ ցուցանիշն աճել է 170%-ով։
«Հանցագործությունների քանակը 2017թ-ի համեմատ աճել է 60%-ով։ Ինքնասպանության հասցնելու դեպքերի քանակն ավելացել է 170 տոկոսով, ինքնասպանության փորձերը՝ 34 տոկոսով, գողությունների թիվը՝ 89 տոկոսով, կողոպուտի թիվը՝ 30 տոկոսով», — ասում է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման առաջնորդներից մեկը՝ Պաատա Դավիթայան։
«Ազգային շարժման» ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանքը» սկսել է նմանվել «քրեական կարտելի»։
«Ասում եք, թե հանցագործությունների քանակի աճը կապված է քրեական մտածելակերպի՞ հետ, իսկ ո՞վ է ստեղծել այդ մտածելակերպը։ Մի՞թե ձեր ոչ պաշտոնական կառավարումը չէ, Բիձինա Իվանիշվիլին չէ՞, որը, կարծես գողական ավանդույթներով, գործարարներին հարց պարզելու է կանչում», — իշխանություններին հարցադրում է անում Սալոմե Սամադաշվիլին։
Իշխանության փաստարկները
Իշխանությունը համաձայն չէ քրեական մակարդակի ավելացման մասին ընդդիմության պնդումների հետ։ Ընդդիմության հարցերին մարտի 22-ին խորհրդարանում պատասխանել է վարչապետ Մամուկա Բախտաձեն։
Բախտաձեն սխալ է անվանել «Ազգային շարժման» առաջնորդներից մեկի՝ Ռոման Գոցիրիձեի այն հայտարարությունը, թե քրեածին միջավայրի ավելացումը պայմանավորված է համաներմամբ, որը հայտարարել էր «Վրացական երազանքն» իշխանության գալուց հետո։ Վարչապետի խոսքով՝ կառավարության համար անընդունելի է նախորդ իշխանությունների քաղաքականությունը՝ հանցավոր աշխարհի հանդեպ հայտարարագրված «զրոյական հանդուրժողականությամբ», քանի որ «Վրացական երազանքի» համար գլխավոր առաջնահերթությունը մարդն է և մարդու իրավունքները։
Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ասում է, որ ընդդիմության հայտարարությունները զուտ քաղաքական համատեքստ ունեն և կտրված են իրականությունից։ Նրա տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին ուշադրություն է հրավիրել բացահայտման ցուցանիշի վրա և նշել, որ 2017թ-ի համեմատ այն չի փոխվել։
«Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ նվազել է ծանր հանցագործությունների քանակը։ Միաժամանակ նա համաձայնել է, որ աճել է ընտանեկան բռնության հետ կապված հանցագործությունների քանակը։
Իշխանության ներկայացուցիչներն ուշադրություն են հրավիրել նաև այն փաստի վրա, որ նախորդ տարիներին վիճակագրությունում չեն ներառվել իրավախախտումները, որոնք կապված են, մասնավորապես, գույք փչացնելու և մի շարք այլ երևույթների հետ։ Դրանց հաշվառումը սկսվել է այս տարի, ինչը նույնպես անդրադարձել է իրավախախտումների վիճակագրության աճի վրա։