Սև ծովի վրացական ափը՝ Կախովկայից հետո․ ի՞նչ ճակատագիր է սպասվում ծովին, զբոսաշրջությանն ու տնտեսությանը
Արդյո՞ք անվտանգ է Սև ծովը
Սև ծովի ջուրը Վրաստանի ափերին աղտոտված չէ, հայտարարում է կառավարությունը։ Սակայն այս տեղեկությունը չի հանգստացնում բնակչությանը․ զբոսաշրջային սեզոնն Աջարիայում խաթարման եզրին է։
Համավարակի ժամանակ երկամյա խաթարումից հետո զբոսաշրջային սեզոնը Վրաստանում կրկին տապալման եզրին է։ Հատկապես՝ Սև ծովի ափին, որտեղ զբոսաշրջությունը տեղացիների եկամտի հիմնական աղբյուրն է։
Զբոսաշրջային սեզոնը վտանգվել է Ուկրաինայում Կախովկայի ամբարտակի պայթյունի հետևանքով։
Որքանո՞վ է անվտանգ հանգիստը Սև ծովում։ Արդյո՞ք ջրի միջոցով հիվանդությունների տարածման ռիսկ կա։ Արդյո՞ք ջուրը կարող է ռումբ բերել․ հենց այսպիսի հարցեր են հաճախ տալիս սոցցանցերում։
Հունի 6-ին ռուսական օկուպացիոն ուժերը պայթեցրել են Կախովկայի ամբարտակն Ուկրաինայում։ Դրա հետևանքով՝ տասնյակ մարդիկ են զոհվել, տասնյակ հազարավորներն անտուն և առանց մաքուր ջրի են մնացել։ Ամբարտակի ջրի ուժեղ հոսանքը հեղեղել է և սրբել տարել շուրջ 80 բնակավայր, գերեզմանոցներ, անասնագերեզմաններ, մեքենաների լցակայաններ և քիմիական գործարան։ Ուկրաինայում կարծում են, որ ջրի հոսքը ծով է տարել ավելի քան 20 հազար սատկած կենդանիների դիեր, 150 տոննա նավթ, վառելանյութ, թունաքիմիկատներ և թունավոր այլ նյութեր։ Միլիոնավոր ձկներ են սատկել։
Կախովկայի ամբարտակը տեղի հիդրաէլեկտրակայանների համալիրի մի մասն է։ Ամբարտակի բարձրությունը 30 մ էր, երկարությունը՝ 3,2 կմ։ Դրա շինարարությունը սկսվել է Ստալինի ժամանակ և ավարտվել Նիկիտա Խրուշչովի կառավարման տարիներին։ Աշխատում է 1953 թ-ից։ Ամբարտակը կառուցված է Դնեպրի ձախ ափին, որի տարածքն օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Դնեպրի աջ ափը, ներառյալ Խերսոն քաղաքն, Ուկրաինայի իշխանության վերահսկողության տակ է։
Սև ծովը լուրջ հիվանդությունների աղբյուր է դարձել։ Խոլերա, բոտուլիզմ, սիբիրախտ՝ ահա այն հիվանդությունների ոչ ամբողջական ցանկը, որոնք կարող են տարածվել վարակված ջրի հետևանքով։
Վերջին տասնամյակների խոշորագույն էկոցիդ․ այսպես է գնահատվել այս իրադարձությունը։
Ուկրաինայում արգելել են լողալ և ձուկ որսալ Սև ծովում։ Ամբարտակի պայթյունը սպառնալիքի տակ է դրել Սևծովյան ավազանի նաև մյուս երկրների, այդ թվում՝ Վրաստանի ափերը։
Սոցցանցերի վրացական տիրույթում ջրի վարակման մասին չստուգված շատ տեղեկություններ են տարածվում։ Գրում են, թե Սև ծովը վտանգավոր է լինելու մոտակա 4-5 տարիներին, սատկած կենդանիների լուսանկարներ են տարածվում, որոնց դիերն իբր ափ են նետվել Բաթումում, տեսանյութեր, որոնք ջրի վրա յուղի հետքեր են պատկերում, և անգամ՝ զինվորական համազգեստով մարդու դի և այլն։
«Ութ տեղ՝ «Վիշապիկի» վրա»․ ի՞նչ է կատարվում Բաթումում
Հուլիսի վերջը Բաթումում ծովային սեզոնի ամենաթեժ պահն է։ Որպես կանոն, այդ ժամանակահատվածում Վրաստանի ամենամեծ ծովային հանգստավայրի լողափերին ազատ պառկելաթոռներ չկան, բուլվարի առափնյա հատվածը լի է զբոսաշրջիկներով, մարդիկ սրճարանի և ռեստորանի հերթ են կանգնում։ Բայց այս տարի ամեն ինչ այդպես չէ։
— Սա սպիտակ եգիպտացորեն է, սա՝ դեղին։ Ո՞րն եք ուզում, — կոտրտված ռուսերենով ասում է երիտասարդը և տաք եգիպտացորեն ընտրում պառկելաթոռների վրա տեղավորված ընտանիքի համար։
— Մորի տեղական, սառը մորի, — նրա հետևից է մոտենում մի ուրիշ վաճառող։
Բաթումում լողափին և բուլվարում հիմնականում ռուսական խոսք է հնչում։ Երբեմն թվում է, թե ռուսախոսներն այստեղ ավելի շատ են, քան վրացիները։ Նրանց մի մասն, այսպես կոչված, ռելոկանտներն են, որոնք պատերազմից հետո Վրաստան են տեղափոխվել ապրելու, մյուս մասը՝ զբոսաշրջիկներ։
Եգիպտացորեն և զովացուցիչ ըմպելիքներ վաճառողները նույնպես հարմարվել են նոր իրողություններին և ռուսական արտահայտություններ սովորել։ Թեև ռուսաստանցիները նրանց հետ մրցակցում են․ շատերը ծովափին փոքր բիզնես են բացել, այդ թվում՝ եգիպտացորեն և ըմպելիքներ են վաճառում և տարբեր ծառայություններ առաջարկում։
— «Վիշապիկում» ութ տեղ է մնացել։ Ո՞վ է ուզում նստել։ Ընդամենը ութ տեղ է մնացել, լիքը էքստրիմ։ Առանց լողազգեստի աղջիկների համար անվճար է, առանց լողազգեստի տղամարդկանց համար գին կրկնակի է, — վարժ ռուսերենով ասում է մկանուտ երիտասարդը, որը լողափով քայլում է բարձրախոսով։
- Հետքովիդյան սեզոն։ Զբոսաշրջիկները Վրաստան են վերադառնում
- Անակլիա՝ հանգստավայր Վրաստանում, որը քաղաքակնության պատանդ է դարձել
- Սառեցված սեզոն։ Ինչպե՞ս է համավարակն ազդել Վրաստանի ձմեռային հանգստավայրերի վրա
- Վրաստան․ ի՞նչ է լինելու զբոսաշրջության հետ
«Այստեղ այժմ բոլորը ռուսներ են, հատկապես՝ այն հատվածում, որտեղ մեծ հյուրանոցներն են», — ինձ ասում է արևի տակ ամբողջությամբ սևացած երիտասարդը, որը պառկելաթոռներ է վարձակալության տալիս։
Դա տաքսու տեղացի վարորդների քննարկման սիրած թեման է։
«Որոշ ռուսներ Բաթումն արդեն ինձնից լավ գիտեն։ Նրանք արդեն ամեն ինչ ունեն այստեղ և միայն միմյանց հետ են աշխատում․ բնակարաններ են վարձակալում, էքսկուրսիաներ կազմակերպում, միմյանց սրճարաններ ու բարեր այցելում։ Միակ բանը որ չեն արել, տաքսու վարորդ դառնալն է, բայց շուտով դա էլ կանեն», — ասում է տաքսու երիտասարդ վարորդը։
Այն, որ այս տարի Բաթումում հանգստացողները քիչ են, խոստովանում է հյուրընկալության ոլորտում ներգրավված յուրաքանչյուր մարդ, և շատերն են դա կապում Ուկրաինայում ՀԷԿ-ի պայթյունի հետ։
Մենք զբոսաշրջիկներին հարցրինք, թե ինչ գիտեն ջրի անվտանգության մասին։ Եթե լողալն արգելված չէ, ուրեմն՝ ամեն ինչ նորմալ է, կարծում են նրանք։
Մարինա Տադեևան Բաթում է եկել Սանկտ Պետերբուրգից։ Նա ասում է, որ ոչինչ չի լսել Կախովկայի ամբարտակի մասին։
«Ես ոչինչ չգիտեմ։ Կարող եմ ասել, որ Բաթումը շատ եմ հավանում, ծովն էլ է անսովոր։ Ես ամբարտակի մասին չեմ լսել»։
«Ոչինչ չգիտեմ ջրի անվտանգության մասին, բայց, ինչ վերաբերում է մաքրությանն, ապա ծովը մաքուր է», — ասում է Դավիթը, որը Ռուսաստանի քաղաքացի է և պատերազմից հետո Թբիլիսի է տեղափոխվել, իսկ հիմա ընկերոջ հետ հանգստանում է Բաթումում։
«Մենք ամբողջ ընտանիքով Ղազախստանից ենք եկել հուլիսի 15-ին։ Ջուրը հիանալի է, բոլորը լողում են․․․ Մենք հավատում ենք Ալլահին», — ասում է Թալգաթ Սիսեմիվիչը, որը Վրաստան է եկել Ղազախստանից։
«Ես աչք եմ փակում այդ տեղեկության վրա։ Կարծում եմ, որ Կախովայի ՀԷԿ-ի պայթյունը երկարաժամկետ հետևանքներ է ունենալու, բայց այժմ ջուրն աղտոտված չէ, կարդացել եմ այս մասին», — ասում է Ռինատը։ Նա նույնպես Ղազախստանից է։
«Անկեղծ ասած, շատ էի վախենում հանգստի մեկնել։ Ծանոթներիցս շատերը որոշեցին բաց թողնել այս սեզոնը։ Բայց ես, այնուամենայնիվ, ռիսկի դիմեցի։ Եթե վտնգավոր լիներ, իշխանությունը կասեր։ Չէ՞ որ այդպիսի բանը չես թաքցնի», — ասում է Մերի Օրկոդաշվիլին, որը միջին տարիքի կին է և հանգստանալու է եկել քրոջ հետ։
«Մենք այստեղ ենք եղել մոտ վեց օր, ևոչ մի խնդիր չի եղել։ Եթե չհավատայի, որ ծովը մաքուր է, երեխաներին հետս չէի վերցնի։ Ավանդաբար, երբ մենք ծով ենք գալիս, երեխաները միշտ էնտերավիրուս են ընկնում, բայց այս տարի նույնիսկ դա չի եղել», — ասում է Մեգի Սուլավան, որը Բաթումում հանգստանում է իր երեք փոքր երեխաների հետ։ Մեգին ասում է, որ եթե ծովի ջուրը վտանգավոր լիներ, առավարությունը չէր հանդգնի թաքցնել դա։
Արդյո՞ք ՀԷԿ-ի պայթյունն ազդել է զբոսաշրջային սեզոնի վրա
Իրակլի Թավարթքիլաձեն, որը «Աջարիա տուր» զբոսաշրջային գործակալության տնօրենն է և «Ակրոպոլ» բարձր դասի ռեստորանի համասեփականատերը, երկար տարիներ խոշոր խաղացող է զբոսաշրջային բիզնեսում և լավ գիտի շուկան։
Նա ասում է, որ այժմ հաճախ Բաթում են գալիս հյուրեր Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Իսրայելից և արաբական երկրներից։
Եվ նա նշում է, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Բաթումում զբոսաշրջիկներն ավելի քիչ են․
«Խուճապն արդեն իրենն արել է։ Ուզենք, թե չուզենք, համոզենք մեր բնակչությանը, թե ոչ, այդ նախադեպն արդեն եղել է։ Մենք բավականին վատ կադրեր ենք տեսել Օդեսայում և Ուկրաինայի տարածքում ծովի աղտոտման վերաբերյալ։ Դրան գումարվում են նաև կեղծ լուրերն այն մասին, թե Սև ծովում հանգստանալը վտանգավոր է։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ բնակչությունը վախենում է»։
Նրա տեղեկությունների համաձայն՝ Բաթումում ամրագրումների շուրջ տասը տոկոսը չեղարկվել է Կախովկայի ՀԷԿ-ի պայթունի հետևանքներից հետո։ Թավարթքիլաձեն ասում է, որ իր բիզնեսի համար դա այնքան մեծ կորուստ չէ, սակայն փոքր բիզնեսի համար դժվար է լինելու։
«Չաոն» Բաթումի հնագույն հյուրանոցներից է։ Քառահարկ շինությունը, որը բացվել է 2008 թ-ին, 60 հոգու համար նախատեսված 23 համար ունի։ Հյուրանոցի մենեջեր Գուգա Լոմաշվիլին ասում է, որ այս տարի չեղարկվել է ամրագրումների 20 տոկոսը․
«Մեծ հոսք էինք սպասում, բայց սպասումները չարդարացան։ Մարդիկ շատ քիչ են ոչ միայն այստեղ, այլև ընդհանրապես Բաթումում, լողափը դատարկ է»։
Հատկապես տուժել են այն տեղացիները, որոնք գումար են վաստակում՝ սեզոնին բնակարան վարձակալության տալով։ Այս տարի նրանք բախվել են կրկնակի խոչընդոտի․ մի կողմից՝ խուճապը ՀԷԿ-ի շուրջ, մյուս կողմից՝ ռուսաստանցիների հետ մրցակցությունը։ Բանն այն է, որ պատերազմից հետո Վրաստան տեղափոխված ռուսաստանցիներն արդեն հարմարվել են անշարժ գույքի տեղական շուկային, իրենք են բնակարաններ հանձնում ռուսախոս զբոսաշրջիկներին՝ շրջանցելով տեղացիներին։
«Ութամյա փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ այս տարի ամենավատ սեզոնն է, որովհետև բնակարանների գները շատ ցածր են, և հանգստացողներն այնքան էլ շատ չեն», — ասում է տեղի բնակիչ Գիորգի Շալիկաշվիլին, որը տարիներով բնակարան է վարձակալության տալիս ծովի մոտ։
Ինչի՞ց են վախենում հանգստացողները, ի՞նչ միֆեր են տարածվում Սև ծովի մասին
Վերջին մի քանի օրվա ընթացքում մարդիկ սոցցանցերում կիսվում էին տեսանյութով, որում երևում է զինվորական համազգեստով մարդու դի՝ ափին ընկած։
Տեսանյութի տակ արված գրառումն ասում է, որ դա զոհված ռուսաստանցի զինվորի մարմին է, որը վերջերս ծովն ափ է նետել Աջարիայում։
Սակայն, ինչպես պարզվել է, կադրերը Վրաստանում չեն արվել, բայց այս տարի ծովում հանգստանալուց հրաժարվողներից շատերը մինչ օրս այդ ֆեյքը նշում են՝ որպես փաստարկ։
«Ես չեմ վստահում այս կառավարությանն ու նրա տարածած տեղեկություններին։ Նրանց համար գլխավորը զբոսաշրջային սեզոնը փրկելն է, զբոսաշրջությունը սրբազան կով է, մարդկանց առողջությունը նրանց համար կարևոր չէ», — գրել է մեկը, որը կիսվել է այս տեսանյութով։
Սոցցանցերում պարբերաբար պատմում են նաև սատկած կենդանիների մասին, որոնք ափ են նետվել։ Խոսում են Սևծովյան ավազանի երկրներում դելֆինների զանգվածային անկման դեպքերի մասին։
«Չեք կարող մի տարի նշել, երբ ծովը սատկած դելֆին ափ նետած չլինի։ Դա տարբեր պատճառներ ունի, նրանք հաճախ են ուռկանն ընկնում, նրանք նաև իրենց հիվանդություններն ունեն», — ասում է բաթումցի բնապահպան Կախա Գուչմանիձեն։
Նա կարծում է, որ այդ միֆերն ու ապատեղեկատվությունը ռուսական քարոզչության հետևանք են։ Նրա խոսքով՝ Սև ծովում հոսանքներն այնպես են շարժվում, որ դիերն Ուկրաինայից չեն կարող այս ժամանակահատվածում Վրաստանում հայտնվել, առավել ևս՝ անապական։
«Կադրեր էին տարածվում, թե Սուխումում ծովն ափ է նետել սատկած անասուններ։ Աշխարհագրական տրամաբանության համաձայն՝ ջուրը դրանք հաստատ Ուկրաինայից չի բերել։ Հնարավոր է, որ ինչ-որ գետ է բերել, կամ էլ դրանք սարքած կադրեր էին»։
Իրո՞ք վտանգավոր է ծովի ջուրը
Այն, որ քարոզչություն աշխատում է խուճապ մտցնել բնակչության շրջանում, չի նշանակում, որ իրավիճակը Վրաստանի ափին մշտադիտարկման և զգոնության կարիք չունի, կարծում են բնապահպանները։
Վրաստանում ծովի ջուրը ստուգում է բնապահպանության նախարարության Ազգային բնապահպանական գործակալությունն ու Աջարիայի շրջակա միջավայրի պահպանման վարչությունը։
Ջրի ֆիզիկաքիմիական և բակտերիաբանական անալիզ է իրականացվում։ Ստուգվում է ռադիացիայի մակարդակը, օրգանական նյութերի և թունավոր միներալների քանակն, ինչպես նաև՝ թե որքան ախտածին վիրուսներ ու մակաբույծներ կան ջրում, այսինքն՝ թե ինչ որակի է ջուրը լողալու համար։
Ջրի նմուշառում է արվում 10 օրը մեկ 12 կայաններից, տարբեր խորություններից։ Հետազոտության արդյունքները բացահայտ հրապարակվում են նախարարության կայքում։
Վերջին այդպիսի տեղեկությունը հրապարակվել է հուլիսի 29-ին։ Այն արտացոլում է հուլիսի 16-ի և 20-ի ստուգման արդյունքները։
Գործակալությունը գրում է, որ 59 պարամետրերի արժեքները, որոնք որոշվել են Սև ծովի ջրի նմուշառման ժամանակ, նորմայի սահմաններում են։
Բնապահպանության նախարարությունը JAMnews-ին հայտնել է, որ Վրաստանում Սև ծովի ջուրն անվտանգ է․
«Կախովկայի միջադեպի հետևանքով ծով է լցվել 18 կուբամետր քաղցրահամ ջուր, ինչն ակնհայտորեն փափկացրել է ծովի ջուրը, որը շրջապատում է Ուկրաինան, սակայն, ելնելով Սև ծովի մասշտաբներից (555 000 կուբամետր) և հոսանքների առանձնահատկություններից, որոնք բնորոշում են Սև ծովը, դա ոչ մի կերպ չի ազդի վրացական ափի վրա»։
Սակայն, պաշտոնական հետազոտություններից զատ Վրաստանում Սև ծովի ջրի այլընտրանքային ոչ մի նմուշառում չի արվում։ Բնապահպանների խոսքով՝ դա թանկարժեք գործընթաց է, դրա վրա միլիոններ են ծախսվում, և հասարակական կազմակերպություններն այդպիսի գումարներ չունեն։
Այդ պատճառով էլ բնապահպանների գնահատականը, թե արդյոք Սև ծովն անվտանգ է, հիմնված է միայն պետական մարմինների անցկացրած հետազոտությունների վրա։ Բնապահպանները նշում են նաև Սև ծովում ջրի հոսանքների շարժման հետագիծն ու ծովի՝ ինքնազտման ընդունակությունը։
«Մակերեսային հոսանքները շարժվում են դեպի հյուսիս-արևմուտք, անցնում տարածքով, որը հարում է Ռումինիային, Բուլղարիային, Վառնային, այնուհետև անցնում են Բոսֆորը, Անատոլիական հարթավայրը, և սկսում շարժվել դեպի հարավ, այնուհետև այդ ամենը Վրաստան հասնելիս երկու հոսանքի է բաժանվում։ Պատկերացնո՞ւմ եք, թե քանի հարյուր կիլոմետր պետք է անցնի հոսանքը, որպեսզի այդ ամենը – այս դեպքում՝ աղտոտող նյութերը – Վրաստան հասնեն», — ասում է բաթումցի բնապահպան Կախա Գուչմանիձեն։
Մյուս բնապահպան Նինո Չոբաձեն, որը «Երկրի ընկերներ — Վրաստան» կանաչ շարժման նախագահն է, ասում է, որ աղտոտված ջրի հոսքը Վրաստան կհասնի գրեթե մի տարուց․
«Օդեսայից ջրի հոսքը մեզ կհասնի մոտավորապես 8-11 ամսից։ Դժվար է կանխատեսել, թե ինչ կբերի այդ ջուրը Վրաստան։ Ջուրն ինքնազտման հատկություն ունի, պետք է կարծել, որ այն ինքն է զտելու վտանգավոր նյութերը»։
Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ Դնեպրի ափերին է լցվել վտանգավոր նյութերի մեծ քանակ։ Իսկ այն, ինչ ջրում է մնացել, ըստ ամենայնի, ճանապարհին դանդաղ կնստի․
«Հիմա մեզ մնում է միայն սպասել և հետևել ջրին։ Միևնույն ժամանակ՝ մենք պետք է սերտ կապ պահպանենք Սևծովյան ավազանի երկրների հետ»։
Բնապահպանները բացառում են նաև ռադիոակտիվ նյութերի առկայությունը ծովում և ևս մի վախ՝ ձկան թունավորումը։
«Կախված որսաձկան արագությունից և գտնվելու վայրից՝ վտանգը, թե աղտոտող նյութերը մեր որսաձկան մեջ կմտնեն այն քանակությամբ, որ մեր սննդային շղթայում կհայտնվեն և որևէ վնաս կհասցնեն, նույնպես բավականին քիչ է», — ասում է Կախա Գուչմանիձեն։
Իսկ ականնե՞րը
Միակ վտանգը, որը նրանք չեն կարող բացառել, և որը չի կարող զտել ծովը, ականներն են։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Բաթումում արդեն մի ական պայթել է այս տարվա փետրվարին։
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ «ջրհեղեղի և ջրի արագ ընթացքի պատճառով» ականները կարող էին հայտնվել շրջաններում, «որոնք ավելի վաղ անվտանգ էին համարվում»։
Պաշտոնաթող գեներալ-մայոր, Գլխավոր շտաբի նախկին պետ Վախթանգ Կապանաձեն JAMnews-ին հայտարարել է, որ ականների վրա պայթելու վտանգ կա, բայց այն փոքր է․ «Սակայն մենք պետք է զգույշ լինենք»։
Նրա խոսքով՝ ծանր հակատանկային ականներն ու արկերն արդեն հատակը կանցնեին Օդեսայի ափերի մոտ։ Սակայն 100-150 գրամ քաշով հակահրետանային ականներ կան, որոնք հոսանքը կարող է մեծ տարածություններ տեղափոխել․
«Խոսքը խորհրդային արտադրության ֆագուսային արկերի մասին է, որոնք ձևի պատճառով ավանում են թիթեռաձև արկեր։ Դրանք պատրաստված են պլաստիկից, անջրաթափանց են և բավականին թեթև, այդ պատճառով էլ կարող են երկար տարածություններ հաղթահարել»։
Կարելի՞ է, արդյոք, փրկել սեզոնը
Ծովային սեզոնի ավարտին դեռ ավելի քան մեկ ամիս կա։ Բաթումում ամենաակտիվ ժամանակահատվածը մինչև օգոստոսի վերջն է։ Փորձագետները կարծում են, որ սեզոնը դեռ կարելի է փրկել, եթե պետական մարմինները հարկ եղած ձևով աշխատեն։
Կախա Գուչմանիձեն կարծում է, որ պետական մարմինները մինչ այս ուշացումով են արձագանքել․
«Եթե համաքաղաքացիների հետ ճիշտ հարաբերություններ և փոխազդեցություն, ինչպես նաև՝ համաշխարհային մասշտաբով ճիշտ փիար լիներ, սեզոնը չէր տապալվի։ Երբ հանրային հետաքրքրությունն այսքան բարձր է, պետք է ջուրը ստուգել ոչ թե 10 օրը մեկ, այլ ամեն օր և կայքում թարմացված տեղեկություններ տեղադրել՝ մի քանի լեզվով թարգմանված»։
Իրակլի Թավարթքիլաձեն, որն արդեն 10 տարի է՝ այս շուկայում խոշորագույն զբոսաշրջային օպերատորներից մեկն է, նույնպես ասում է, որ կառավարությունը պետք է աշխատի տեղեկության պակասը լրացնելու ուղղությամբ․
«Որքան լավ իրազեկված լինի հասարակությունն, այնքան այն վստահ կլինի, և մարդիկ հանգիստ ծովը կմտնեն և կլողան։ Հեռուստաընկերությունների եթերում և սոցցանցերում պետք է փաստեր տարածվեն, որոնք հիմնված են վստահելի աղբյուրների վրա, այլ ոչ թե ֆեյքեր, ոչ կոմպետենտություն և խուճապ»։
Արդյո՞ք Սև ծովն անվտանգ է
Նյութը պատրաստվել է Լուրերի փոխանակման ռուսալեզու մեդիցանցի (Медиасеть) աջակցությամբ