«Շատ բաներից բավարարված չենք»․ ՀՀ արտգործնախարարը՝ ՌԴ հետ կապերի մասին
ՌԴ հետ կապերի մասին
«Շատ բաներից մենք բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք։ Որքան հասկանում եմ` Ռուսաստանի Դաշնությունում էլ նույնպիսի վերաբերմունք կա»,- այսօր խորհրդարանում հայ-ռուսական հարաբերությունների մասին նման տեսակետ է հայտնել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա փոխանցմամբ՝ տեսանելի է, որ հարաբերություններում կան որոշ խնդիրներ։ Վստահեցրել է՝ Հայաստանն այլ դիրքորոշում չունի, քան «կառուցողական կերպով խնդիրները քննարկելը, հասկանալը, հարթելը, բարեկամաբար ու գործընկերաբար առաջ շարժվելը»։ Միրզոյանն իր խոսքում նշել է, որ Երևանը շարունակելու է համագործակցությունը ինչպես ՌԴ, այնպես էլ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ։
Նախարարն Ազգային ժողովում մասնակցել է 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներին։ Անդրադարձել է ոչ միայն ՌԴ, այլև Թուրքիայի հետ հարաբերություններին, Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիային, պաշտպանական զենքի ձեռքբերմանը։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
«Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածք Ադրբեջանի վերահսկողության տակ է»
Խորհրդարանականները նախարարից հետաքրքրվել են՝ «ՀՀ տարածքից քանի՞ քառ. կմ տարածք է օկուպացված Ադրբեջանի կողմից»։
«Ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառ. կմ ՀՀ տարածք, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»,- արձագանքել է Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ կան դեռ 1990-ականներից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, ինչպես նաև «թարմ օրինակներ»։ Նկատի ունի 2021 թ․-ի մայիսին Ադրբեջանի ԶՈՒ ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, ինչպես նաև երկրի վրա հարձակումը 2022 թ․-ի սեպտեմբերին։
«Լավ նորություն» Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ հիշեցրել է, որ վերջերս («3+3» հանդիպման շրջանակներում) Թեհրանում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, ավելի վաղ հանդիպումներ է ունեցել նաև նախկին նախարար Չավուշօղլուի հետ: Նաև կան երկու երկրների ղեկավարների կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են հարաբերությունների կարգավորմամբ։
«Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա կարգավորման գործընթացը»,- շեշտել է Միրզոյանը։
Արտգործնախարարը լավատես է՝ գուցե մոտ ապագայում լավ նորություն լինի դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով։
Երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը նման պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս 2022 թ․-ի հուլիսին։ Խոսք էր գնում «ամենասեղմ ժամկետների» մասին, սակայն այդ ուղղությամբ գործնական քայլեր մինչ օրս չեն արվել։
Զենքի ձեռքբերումն իրականացվում է ավելի շատ երկրներից, քան նախկինում
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դիտարկում է արել, թե «գործող իշխանությունը չի կարողանում զենք ձեռք բերել»։
«Մենք կարողանում ենք զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը [նախկին իշխանությունները] կհանդգներ կամ ամենապայծառ երազում կերազեր այդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ և խնդրել»,- ի պատասխան հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Հայաստանի ԱԳ նախարարը վստահեցրել է՝ ՀՀ-ը որևէ հարձակողական նպատակ չունի և շեշտել՝ պաշտպանական զինատեսակների ձեռքբերումը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։
«Մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ: Գաղտնիք չէ, որ այդպիսի խնդիրներ կան»,- ասել է նա։
«Բացահայտում ենք ԵՄ հետ համագործակցության նոր հարթակներ»
Արարատ Միրզոյանը խոսել է ԵՄ հետ համագործակցության նոր ուղղությունների՝ «քաղաքական և անվտանգային երկխոսության» մասին։ Հիշեցրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրով ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին:
ԱԳ նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանը շարունակելու է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ:
«Ուզում եմ հատուկ ընդգծել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը մինչև այս պահը ՀՀ սահմանային կայունության և անվտանգության գործում»,- շեշտել է նա։
Դիվանագիտական ներկայացուցչություններ կբացվեն Սեուլում և Լյուքսեմբուրգում
Նախարար Միրզոյանի փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգի հետ վաղուց ձևավորվել են հրաշալի հարաբերություններ։ Հայաստանը ցանկություն ունի դիվանագիտական ներկայացուցչություն բացել նաև Կորեայում՝ Սեուլում։ Միրզոյանը հայտնել է, որ վերջերս Կորեան պաշտոնական նոտայով տեղեկացրել է՝ մտադիր են 2024 թ․-ի առաջին կիսամյակում դեսպանություն հիմնել Երևանում։
«Կարծում ենք, որ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում և փոխադարձաբար դեսպանության բացումը երկու մայրաքաղաքներում կնպաստի, որ այդ ներուժն ավելի լավ իրացվի»,- ասել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՌԴ հետ կապերի մասին