«Կովկասում նոր դարաշրջան բացելու նախադրյալներ կան»․ ՀՀ արտգործնախարար
Արարատ Միրզոյանը Անթալիայի ֆորումի մասին
Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը Հայաստան-Թուրքիա, եթե ոչ երկկողմ օրակարգի, ապա խոսակցության, շփումների մաս է: Պայմանավորվածությունների կատարման տեմպի առումով թուրքական կողմը որոշակի սահմանափակումներ է ենթադրում` պայմանավորված Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։ «Սիվիլնեթի» հետ զրույցում ամփոփելով Անթալիայի դիվանագիտական ֆորումը՝ նման արձանագրումներ է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը;
«Մեր մոտեցումն իրականում այլ է: Կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա ուղղությամբ առաջընթացն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա»,- հայտարարել է նա և հավելել, որ կա ընկալումների որոշակի տարբերություն։
Հարցազրույցում արտգործնախարար Միրզոյանն անդրադարձել է դիվանագիտական ֆորումի շրջանակում ունեցած հանդիպումներին, խոսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների, ինչպես նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին։
Ապրիլի 11-13-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Երրորդ տարին է, ինչ Հայաստանը մասնակցում է միջոցառմանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ։ Բացի այդ, ՀՀ, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները մասնակցել են Հարավային Կովկասին նվիրված պանելային քննարկման։
Անթալիայի ֆորումի կարևոր դրվագները, Միրզոյանի հարցազրույցի շեշտադրումները՝ ստորև
- «Բաքուն պատրաստ չէ փաստաթուղթ ստորագրել և կաշկանդել ինքն իրեն»․ կարծիքներ Երևանից
- «ՀՀ-ն պետք է դիմի ԱՄՆ-ին և խնդրի դառնալ խաղաղության պայմանագրի երաշխավոր»․ կարծիք
- «Բաքվի պահանջների տակ թաքնված ռումբ կա»․ կարծիք Երևանից
- Ուղերձ Բաքվին, բայց ոչ միայն նրան․ կարծիք հայ-իրանական զորավարժությունների մասին
Ի՞նչ է հաղորդվել երկկողմ հանդիպումների մասին
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Անթալիայում քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։
«Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Արտգործնախարարությունը սուղ տեղեկություններ է հաղորդել նաև Միրզոյան-Ֆիդան հանդիպման վերաբերյալ։ Մասնավրապես՝ հայտնել է, որ նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։
«Մենք ունենք ընտրության հնարավորություն»․ Միրզոյան
«Կա ընտրության հնարավորություն մեզ համար, մեր ադրբեջանցի, վրացի, թուրք ընկերների համար: Կա ընտրություն. սպասել ևս հարյուր կամ երկու հարյուր տարի, որպեսզի համոզվենք, որ փոփոխություններն անշրջելի են, կամ սկսել գործընթաց՝ դնելով մեկ աղյուս, հետո մեկ այլ աղյուս, հետո ևս մեկը՝ այս կերպ կառուցելով խաղաղ տարածաշրջան, հաստատել համագործակցություն՝ էներգետիկ ծրագրեր, տարանցիկ ծրագրեր»,- պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Հայաստանի ԱԳ նախարարի համոզմամբ՝ ՀՀ-ն ընտրում է համագործակցության ուղին, սակայն չի կարող գործակցել ինքն իր հետ։ Պետք է մյուս կողմը՝ Ադրբեջանը նույնպես պատրաստ լինի համագործակցության։ Օրինակ է բերել տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման Երևանի առաջարկը։ Շեշտել է՝ արվել է շատ կոնկրետ առաջարկ, սակայն դրական պատասխան չկա։
Քննարկման մոդերատորը Միրզոյանին հարցրել է՝ արդյո՞ք ընդունում է, որ Բաքվի համար ՀՀ Սահմանադրությունը կարող է մտահոգիչ լինել՝ հաշվի առնելով Բայրամովի հայտարարությունը, ըստ որի՝ այժմ Հայաստանի մայր օրենքն արձանագրում է, թե «Ղարաբաղը ՀՀ մաս է»։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում չկա որևէ ձևակերպում, որն ասում է, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Չկա»,- հայտարարել է Միրզոյանը։
Ըստ նրա՝ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։ Բացի այդ, նշել է՝ խաղաղության պայմանագրի տեսքտում կա դրույթ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, կա նաև մեկ այլ դրույթ, որի համաձայն՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ համաձայնագրի դրույթների չկատարման համար արդարանալու նպատակով։
Նախարարն ընդգծել է՝ ի տարբերություն ՀՀ Սահմանադրության Ադրբեջանի մայր օրենքում կան տարածքային պահանջներ․
«Ադրբեջանն իրեն հռչակում է որպես Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդ: Գիտենք, որ այդ հանրապետությունն իր ինքնիշխանությունը հռչակել է շատ ավելի մեծ տարածքների վրա, որոնք ընդգրկում են Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60%-ը»։
Հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումն, ըստ Միրզոյանի, քաղաքական կամքի հարց է։
«Սա այն հարցի մասին է, թե ինչի վրա ենք կենտրոնանում. մենք կառուցո՞ւմ ենք խաղաղություն, օգտագործելո՞ւ ենք հնարավորությունները, թե՞ փակելու ենք գործընթացը՝ ունենալով մտահոգություններ։ Եթե կամք ունենք օգտագործելու հնարավորությունները, ապա ճանապարհը կգտնենք»,- ասել է նա։
Վստահ է՝ առկա են դրական նախադրյալներ համաձայնագիրը ստորագրելու, երկխոսության նոր փուլ սկսելու, Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում խաղաղ հարաբերությունների և բարգավաճման նոր դարաշրջան բացելու համար։
«Անթալիայի ֆորումը թուրք գործընկերների հետ հանդիպելու լավ հնարավորություն է»
Արարատ Միրզոյանը «Սիվիլնեթի» հետ զրույցում նշել է՝ այլ երկրների պատվիրակությունների հետ հանդիպելու հնարավորություն կա նաև այլ հարթակներում։ Կարևորել է հատկապես Թուրքիայի ներկայացուցիչների, թուրք գործընկերների հետ հանդիպելու հանգամանքը․
«Ֆիդանի հետ մենք, մասնավորապես՝ քննարկեցինք Հայաստան-Թուրքիա երկխոսության ներկա վիճակը, քայլերը, որոնք արվել են, քայլերը, որոնք կարող են արվել»։
Կարծում է՝ նման միջոցառումները պետք չէ բաց թողնել: Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում ևս մայիսի վերջին կանցկացվի «Երևանյան երկխոսությունը»։ Հրավերներ են ուղարկվում տարբեր երկրներ։ Միրզոյանը, սակայն, չի հստակեցրել՝ արդյո՞ք հրավիրելու են նաև Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնակիցներին։
«Կա Թուրքիայի հետ ավելի մեծ համագործակցության հեռանկար»
Արարատ Միրզոյանի արձանագրմամբ՝ ինչպես Երևանը, այնպես էլ Անկարան տեսնում են ոչ միայն հարաբերությունների հաստատման, այլև շատ էական միջպետական առևտրի, տարանցիկ փոխադրումների, էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն․
«Համագործակցության հնարավորություններ կան: Մենք չենք խոսում մինիմալ հարաբերությունների հաստատման և փոխհանդուրժողականության մասին: Կա ըմբռնում, որ կան շատ ավելի մեծ համագործակցության հեռանկարներ»։
Նախարարից հետաքրքրվել են՝ արդյո՞ք կարելի է ակնկալել տեղաշարժ հայ-թուրքական գործընթացում։ Ի պատասխան Արարատ Միրզոյանը թվարկել է արդեն իսկ իրականացված քայլերը, մասնավորապես՝
- օդային տարածքի օգտագործման հարցի լուծումը,
- Մարգարա-Ալիջան սահմանային ենթակառուցվածքների վիճակի դիտարկումը,
- Գյումրի-Կարս երկաթուղային անցման, այլ ենթակառուցվածքների վիճակի գնահատման ուղղությամբ աշխատանքները,
- տարբեր գերատեսչությունների մասնագետների հանդիպումները Անիի պատմական կամրջի վերականգնման աշխատանքների շրջանակում:
Միրզոյանի գնահատմամբ՝ կան համաձայնություններ, որոնք դեռ չեն իրականացվել, օրինակ՝ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
«Սա գործընթաց է, որոշակի բաներ արագ են առաջ գնում, որոշակի բաներ՝ դանդաղ: Բայց կարող եմ ասել` կա ընդհանուր պատկերացում, որ երկխոսությունը հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական կապերի հաստատման և սահմանի բացման մասին է»,- նկատել է նա։
«Մեծ չափազանցություն կլինի ասել, թե ստացվեց առաջընթաց գրանցել»․ Բայրամովի հետ հանդիպման մասին
Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումից հետո առաջին անգամ Թուրքիայում հանդիպել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Միրզոյանի խոսքով՝ քննարկել են պայմանագրի ստորագրման հարցը։
«Մեր մոտեցումը սա է` անմիջապես ձեռնամուխ լինել ստորագրմանն ու վավերացմանը, և հետո ընթացքում փորձել լուծել մնացած հարցերը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։
Հիշեցրել է նաև նախքան պայմանագրի ստորագրումը ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի նախապայմանների մասին։ Ըստ Միրզոյանի՝ երկրի մայր օրենքն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։
Բացի այդ, բուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ Երևանն ու Բաքուն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբին՝ նախարարն ասում է՝ դրա գոյության կարիքը չի լինի, երբ հակամարտությունը դադարի գոյություն ունենալ, այն է՝ ստորագրված լինի խաղաղության պայմանագիրը․
«Պատրաստ ենք միաժամանակ այդ երկու գործողությունն իրականացնել: Այն է` ստորագրել պայմանագիրն ու միասին հանդես գալ նախաձեռնությամբ՝ դադարեցնելու Մինսկի խմբի գործունեությունը` դիմելով ԵԱՀԿ մյուս գործընկերներին, քարտուղարությանը և անդամ երկրներին»։
Միրզոյանի խոսքով՝ մեծ չափազանցություն կլինի ասել, թե Բայրամովի հետ հանդիպմանը հաջողվել է «առաջընթաց գրանցել, համոզել միմյանց փոխել դիրքորոշումները»։
«Բանակցությունները պետք է շարունակվեն այնքան, մինչև դրական լուծումներ գտնվեն: Բանակցությունների դադարումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ ընդհանուր կարգավորման գործընթացի, էլ չասած` Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վրա»,- ընդգծել է նա։
«Արվելու է ամեն բան, որ հայ-ադրբեջանական գործընթացը փակուղի չգնա»
Արտգործնախարարի գնահատմամբ՝ ՀՀ-ն պատրաստ է փաստաթուղթ ստորագրել ամենամոտ ապագայում․
«Սակայն այդպիսի պատրաստակամություն Ադրբեջանից չի հնչում։ Արվելու է ամեն բան, որ գործընթացը փակուղի չգնա: Փակուղի մենք չենք ուզում, և այս ամբողջ գործընթացում մեր ցուցաբերած կառուցողական մոտեցումը հենց դրա մասին է վկայում»։
Շեշտել է՝ հայկական կողմն Ադրբեջանին մի շարք առաջարկներ է արել, այդ թվում՝ սպառազինությունների վերահսկման, ինչպես նաև սահմանային միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ։ Բացի այդ, հանդես է եկել նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ առանձին առաջարկով, որը հասցեագրում է Բաքվի մտահոգությունները․
«Սկզբում ադրբեջանական կողմից քիչ, թե շատ դրական արձագանք նկատեցինք: Բայց հիմա տեսնում ենք ավելի սառը վերաբերմունք այս առաջարկին: Կդժվարանամ պատասխանել, թե ինչով է սա պայմանավորված»։
Միրզոյանը նկատել է՝ խոսքը երկաթուղային ցանցով ապրանքներ ուղարկելու և ստանալու հնարավորության մասին է։
Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ն երաշխավորում է իր տարածքով անցնող բեռների անվտանգությունը։ Սակայն պատրաստ է կիրառել նաև «ապահովագրության գործիքներ, որոնք որևէ արտակարգ իրավիճակի կամ պատահարի դեպքում կարող են ենթադրել ֆինանսական փոխհատուցում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Արարատ Միրզոյանը Անթալիայի ֆորումի մասին