«Ատում եմ պատերազմը»
Երեկ պատերազմ էր․․․ այն տևեց 44 օր, բայց «44-օրյա պատերազմ» ձևակերպումը միայն պատմության գրքերում գրելու, մեկ էլ՝ մնացած պատերազմներից տարբերակելու համար է: Այն սկսվեց 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 7 անց 20-ին, ու մինչև օրս չի ավարտվել… ամեն օր պատերազմ է իմ, քո, ծառայության մեջ գտնվող զինվորի ու զինվորի ծնողի համար:
Պատերազմի առաջին օրերն էին. զույգ եղբայրներիցս մեկին կանչեցին զինկոմիսարիատ: Այդ օրից պատերազմը մտավ նաև մեր տուն։ Մինչ այդ հույս ունեինք, որ ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա, եղբայրներիս ծանուցում չեն ուղարկի։ Բայց ուղարկեցին՝ միայն մեկին։ Ճանապարհեցինք, արտաքուստ գոտեպնդող խոսքեր ասացինք, ներքուստ՝ հոգեմաշ անող ահ ու սարսափի ձայնը խլացնելով: Ճակատից եկող լուրերը հավատի համար ոչ մի հույս չէին թողել: Եղբայրս գնաց, երկու ժամ հետո հետ եկավ: Ասել էին՝ դեռ տանկիստի անհրաժեշտություն չկա, գնա ու սպասիր, նորից կկանչենք:
Զինկոմիսարիատ տարած առաջին անհրաժեշտության պարագաներով ուսապարկը տան բազմոցին մնաց 44 օր. միգուցե հենց վա՞ղը տանկիստի կարիք լինի: Ինչպես ասում են, մինչ դժվարությունը դուռդ չի գալիս, չես հասկանում դրա գինը։ 44 օր մենք սարսափում էինք եղբորս հեռախոսի յուրաքանչյուր զանգից, թվում էր, թե ամեն զանգից հետո եղբայրս պետք է ասեր՝ կանչեցին, գնում եմ։ Կամ ամեն առավոտ, եթե եղբայրս աշխատանքային ժամից շուտ էր դուրս գալիս իր սենյակից սրտներս արագ էր աշխատում, էլի նույն խոսքերին էինք սպասում։
Մյուս կողմից էլ մեկ-մեկ մեզ մխիթարելու համար ասում էինք․ «Լավ դե կգնաս կկռվես, հետո պատմելու ու մեր հաղթանակով հպարտանալու առիթ կունենաս»։ Երբեմն էլ լինում էին պահեր, երբ անզորությունից չէինք կարողանում զսպել մեզ և բարձրաձայնում էինք այն, ինչ իրականում զգում էինք․ «Եթե զինկոմիսարիատից զանգեն չենք թողնի գնա, չենք դիմանա»։
Բայց մեր այս պոռթկումներին հաջորդում էր եղբորս զայրույթը․ «Բայց մյուսներից ես ինչո՞վ եմ ավելի։ Ինչո՞ւ պետք է նրանք գնան կռվեն ու մեռնեն, իսկ ես ինձ համար ամեն օր գնամ աշխատանքի ու տուն գամ՝ կարծես սահմանին ոչինչ չի կատարվում, Արցախում հանգիստ ու խաղաղ է»։ Ու այսպես 44 օր պատերազմը մեր տանից դուրս չեկավ։
Ճիշտ է, եղբայրս այսօր իմ կողքին է, իսկ շատ ու շատերի եղբայրներն այդպես էլ չվերադարձան, այդ թվում՝ մեր ծանոթներից Նարինեի քրոջ տղան՝ Գոռը։ Սեպտեմբերի 28-ին էր մեկնել ռազմաճակատ, նոյեմբերի 9-ին հոգեհանգիստն էր։ Վերջին անգամ հասցրել էր Շուշին տեսել, հենց Շուշիի համար մղված մարտերի ժամանակ էլ զոհվել էր։ Ամեն բան այնքան դաժան չի թվում, քանի դեռ զոհերի թվում քո ծանոթի անունը չի հայտնվում։
Գոռը մեզ համար հայրենասերի, անվախի ու հերոսի կերպար մնաց, իսկ մեկ այլ իրականության մեջ մեր մյուս հարևանի տղան է։ Նրան ևս կանչել էին զինկոմիսարիատ, բայց նա այդպես էլ չներկայացավ։ Ասել էր, թե ընկել ու ոտքը վնասել է, չի կարողանում քայլել։
Դրանից մեկ օր անց նրան փողոցում տեսա, քայլելով ինչ-որ տեղ էր գնում, առաջին բանը, որ մտածեցի՝ վախկոտի մեկը։ Հետո փորձեցի հասկանալ նրան․ ամուսնացած է, երկու երեխա ունի, միգուցե դրա համար է «ոտքը ցավել»։ Բայց մյուս կողմից էլ մտածում էի, թող ինքն էլ գնար զինկոմիսարիատ, միգուցե իրեն էլ տուն ուղարկեին, ինչպես եղբորս։ Հետո կրկին փորձում էի նրան հասկանալ, բա որ գնար զինկոմիսարիատ ու անմիջապես տանեին ռազմական գործողությունների ամենաթեժ կետն ու զոհվեր՝ ինչպես Գոռը։
Մեր մյուս հարևանի տղան էլ հաջորդ տարի պետք է զորակոչվի բանակ: Երբ նա դեռ նոր էր ծնվել նրա մայրը անթաքույց հույս ուներ. «Երբ բանակ գնալու հերթն իմ տղային հասնի՝ Արցախի հարցը լուծված կլինի»: Հերթը հասել է, սակայն Արցախի հարցը ոչ միայն չի լուծվել, այլև առավել է խճճվել: Վառոդի հոտն անընդհատ գալիս է, թնդանոթի ձայներն էլ չեն լռում. թե մեր ականջներում, թե իրականության մեջ… պատերազմը ոչ միայն օդում է, այլև ցամաքում:
Պատերազմի վտանգը միշտ է եղել, բայց դրա մասին չէի մտածում 2019 թվականի աշնանը, երբ վերջին անգամ էի Արցախում։ Մեկ օրով մեկնել էինք նկարահանումների։ Ստեփանակերտից պետք է Երևան վերադառնայինք, օպերատորիս խնդրեցի՝ գոնե Շուշի մտնենք, հետո ճանապարհ ընկնենք։ Հավեսը տեղը չէր, ասաց՝ հաջորդ անգամ։ Չառարկեցի, մտածեցի՝ լավ, Շուշին չի փախչի, հաջորդ անգամ կգնանք։ Տեսնե՞ս երբ է այդ հաջորդ անգամը… Հաջորդ անգամը ընդամենը մի քանի օր առաջ էր. Ղազանչեցոցի մոտակայքում զբոսնում էի, բավական շատ մարդ կար, բոլորը հայեր էին։ Ափսոս, չհասցրեցի Ջդրդուզը տեսնել. զարթուցիչը զնգաց․․․
Ատում եմ պատերազմը․․․
դրա մասին մտքերը անօդ տարածության պես են. շունչդ կտրվում է, աշխարհը կանգ է առնում, կյանքը՝ անիմաստ թվում, ապագայի մասին սարսափում ես մտածել, սարսափում ես ճշմարտությունից, կեղեքող իրականությունից, որը դամոկլյան սրի պես 44 օր ու առ այսօր կախված է քո գլխավերևում՝ ամեն վայրկյան պոկվելու ու քեզ պատրանքներից դառը իրականություն բերելու սպառնալիքով:
Պատերազմն արնահոսող վերքի նման է. այն չի փակվում, ուր մնաց թե սպիանա. ո՞նց սպիանա, երբ Արցախի անտառներում հող դարձած զինվորին մեկ տարի անց են միայն հողին հանձնում, իսկ դրան զուգահեռ նոր զոհերի մասին ենք լսում:
Ատում եմ պատերազմը, քանի որ նոր պատերազմի վտանգն ինձ ստիպում է երկիրս լքելու մասին մտածել. այն երկիրը, որտեղ ծնվել եմ, մեծացել ու որի ամեն մի քար ու քուռ ինձ այդքան հարազատ են, այն երկիրը, որտեղ ապրելու ու արարելու ընտրությունս այնքան աներկբա է եղել: Այն կրկին աներկբա է դառնում, երբ լսում եմ ՊՆ այդքան սպասելի տեղեկությունը՝ սահմանին կրակոցները դադարել են, իրավիճակը հարաբերական կայուն է: Պարզապես չգիտես, թե այդ «հարաբերականը» երբ է նորից խախտվելու ու երբ է այն բացարձակ դառնալու:
Ատում եմ պատերազմը, որ հազարավոր տղերքի առավ իր գարշելի երախն ու դեռ չի հագեցել: Ատում եմ պատերազը, որովհետև այն իր հետ տանում է նրանց, ովքեր ծառայության մեկնելիս խոստացել էին, որ հետ են գալու:
Ատում եմ պատերազմը, որովհետև այն ինձ ուղեկցում է կյանքիս առաջին իսկ օրերից։ Ես ծնվել եմ արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 1992 թվականին: Առաջին պատերազմի ավարտին դեռ 2 տարի կար, սակայն ո՞վ կմտածեր, որ երեսուն տարի անց էլ այն դեռ ավարտված չէր լինելու:
Հիշում եմ՝ երբ արդեն քիչ, թե շատ գիտակից էի, մի օր լսեցի, որ մեր հարևան Արմենն ու Երեմը մասնակցել են պատերազմին ու վերադարձել՝ վիրավոր։ Ինձ համար անհասկանալի մի բան էր. ի՞նչ է պատերազմը, ինչի՞ համար են պատերազմները։ Արցախի մասին էլ առանձնապես շատ բան չգիտեի: Տարիներ անց ոչ միայն իմանալու էի ամեն հնարավոր բան, այլև, ցավոք, զգալու էի, թե ինչ է պատերազմը։
Ատում եմ պատերազմը, որովհետև ոչ միայն ես, այլ նաև տղաս է ծնվել պատերազմի տարում։ Չգիտեմ, թե ինչ զգացողություններ ունեմ 2020 թվականի առնչությամբ. անձնական երջանկությունս շատ արագ ստվերվելու էր համազգային ողբերգությամբ: Ու հիմա ես էլ մեր հարևանի պես ինձ հույս եմ տալիս. «Մինչև տղայիս զորակոչի ժամանակը գա՝ Արցախի հարցը լուծված կլինի»։ Բայց մեկ այլ միտք էլ անընդհատ ուղեղ է սղոցում՝ «բա մինչև այդ բանակ զորակոչվող տղաները հե՞չ»: