«Նա պետք է հեռանա հենց հիմա»․ Թրամփին մեղադրում են Կապիտոլիումի վրա գրոհի կազմակերպման մեջ
ԱՄՆ Կապիտոլիումը պահպանության տակ է, չորս մարդ է զոհվել այն բանից հետո, երբ գործող նախագահ Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցներ հունվարի 6-ին ներխուժել են Կոնգրեսի դահլիճ՝ արգելափակելու նորընտիր նախագահ Բայդենի հաստատման գործընթացը։
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն այս իրադարձություններից մեկ կամ երկու ժամ առաջ իր տասնյակ հազարավոր կողմնակիցներին հանրահավաքի էր հրավիրել։
«Մենք երբեք չենք ընդունի պարտությունը», — հայտարարել է նա և իր կողմնակիցներին կոչ արել երթով շարժվել դեպի Կապիտոլիում։
- Բայդենն ԱՄՆ նոր նախագահ է դառնում։ Ինչո՞ւ է Թրամփը նախկինի պես ժողովրդականություն վայելում
- «Ձայնդ կտրի՛ր»․ Թրամփի և Բայդենի առաջին հեռուստադեբատները։ Տեսանյութ
Գրոհը դատապարտել են մի քանի ազդեցիկ հանրապետականներ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն ու սենատոր Միթ Ռոմնին։
Նախկին նախագահներ Օբաման ու Քլինթոնը, որոնք դեմոկրատներ են, ուղղակիորեն մեղադրել են Թրամփին բռնության հրահրման մեջ։
Թրամփի հռետորաբանությունը դատապարտել է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսը։
Սպիտակ տան մի քանի աշխատակից հրաժարական է տվել։
Հանրապետական կուսակցության (Թրամփի կուսակցությունը) ավելի ու ավելի շատ առաջնորդներ և նրա կաբինետի պաշտոնյաներ հայտարարել են, որ, իրենց կարծիքով, Թրամփը պետք է պաշտոնանկ արվի հունվարի 20-ից առաջ, երբ նա օրենքով պետք է լքի նախագահի պաշտոնը։
Իշխող կուսակցության չորս ներկայացուցիչ կոչ է արել իմպիչմենտի գործընթաց սկսել, մյուս երկուսը հայտարարել են, որ նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի, հաղորդում է CNN-ը։
«Այն, ինչ տեղի ունեցավ, մեծ ցնցում է համակարգի համար», — CNN-ին ասել է կաբինետի պաշտոնյաներից մեկը։ «Ինչպե՞ս կարող եք այսքանից հետո նրան դեռ պահել որպես նախագահ»։
Որպեսզի իմպիչմենտը հաստատվի, փոխնախագահ Մայք Փենսն ու կաբինետի անդամների մեծ մասը պետք է քվեարկեն Թրամփին հեռացնելու օգտին՝ «լիազորությունները կատարելու անընդունակության պատճառով», ինչն աննախադեպ քայլ կլինի։
Այնուհետև Սենատը կարող է քվեարկել ընդհանրապես որևէ դաշնային պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից Թրամփին զրկելու օգտին։
Կապիտոլիումի գրոհից չորս ժամ անց այն մաքրվել է ցուցարարներից, և Կոնգրեսի նիստը վերսկսվել է։ Բացելով այն՝ ԱՄՆ գործող փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ հաղթում է ոչ թե բռնությունը, այլ՝ ազատությունը։
Ի՞նչ էր կատարվում հունվարի 6-ին՝ տեսանյութ և լուսանկարներ
Տեղի ժամանակով ժամը 13:00-ին, երբ Կոնգրեսի նիստը սկսվեց, Թրամփն ավարտեց Վաշինգտոնում ցուցարարների առջև ունեցած իր ելույթը և կոչ արեց նրանց երթով շարժվել դեպի Կոնգրես։
Նրա կողմնակիցները միանգամից հազարավոր գրառումներ արեցին սոցցանցերում՝ կոչ անելով գրոհել Կապիտոլիումը։
Գրառումների տակ արված մեկնաբանություններում Թրամփի կողմնակիցները խորհուրդներով էին փոխանակվում, թե որ փողոցներից խուսափել՝ ոստիկանությանը չհանդիպելու համար, և անգամ՝ թե ինչ գործիքներ կիրառել՝ դռները կոտրելու համար։
Շատերը գրում էին, որ զենք են վերցնում իրենց հետ։
Ամբոխը ներխուժել էր Կապիտոլիում և անկարգություններ էր կատարել։
Կապիտոլիումը պահպանող սպաների դիմադրությունը հեշտությամբ հաղթահարվել էր ամբոխի կողմից, նրանց հրմշտել էին և քիմիական հեղուկներ լցրել նրանց վրա։
Կապիտոլիումի արևելյան կողմում ցուցարարները ճեղքել էին պահպանությունն ու հետ շպրտել աստիճանների վրա կանգնած սպաների շարքերը։
Հազարավոր մարդիկ բարձրանում էին պատերին և շինարարական կոնստրուկցիաների վրա, բարձրանում սպասարկման հարթակ, լուսանկարվում և վնասում կահույքն ու սարքավորումները Կապիտոլիումի ներսի գրասենյակներում։
Կապիտոլիումի կոնգրեսականներին, լրագրողներին և աշխատակիցներին տարհանել են, տարել են նաև ընտրիչների քվեարկության մասին փաստաթղթերի արկղերը։
Կարգուկանոնը վերականգնելու է ուղարկվել Ազգային գվարդիան։ Վաշինգտոնում քաղաքապետի հրամանով արտակարգ դրություն և պարետային ժամ է սահմանվել։
Վիրջինիայի նահանգապետը (այս նահանգին են պատկանում Վաշինգտոնի որոշ արվարձաններ) նույնպես արտակարգ դրություն է հայտարարել։
Կապիտոլիումի վրա միակ նախորդ հարձակումն իրականացվել է անգլիացիների կողմից, 1814 թ-ին։
«Նման բան ԱՄՆ Կապիտոլիումում չի եղել։ Սա բացարձակ աննախադեպ բան է։ Սա այնքան մոտ է սեպտեմբերի 11-ի գրոհին, որքան կարող եք պատկերացնել»,— New York Times-ին ասել է Վաշինգտոնում Police Executive Research Forum վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն Չակ Վեքսլերը։
Մեղքի մեծ մասը նա դրել է քաղաքական առաջնորդների վրա, որոնք լեգիտիմացնում են մարտնչող խմբերին։
«Եթե նախագահն իր կողմնակիցներին ասի՝ գնացեք, դա այն է, ինչ ես ուզում եմ որ անեք, դա կարող է շատ ավելի վճռորոշ գործոն լինել, քան հազարավոր ոստիկաններ», — ասել է նա։
Facebook-ը, Twitter-ն ու Instagram-ն արգելափակել են Թրամփի էջերը
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը խստորեն դատապարտել է բռնությունն ու գործող նախագահին կոչ արել հետ կանչել իր կողմնակիցներին։
Թրամփն ուշացումով տեսանյութ է հրապարակել, որում մարդկանց խնդրել է ցրվել, սակայն կրկնել է, որ ընտրությունները «գողացված» էին (թեև չի բերել դրա որևէ ապացույց), իսկ ջարդարարներին «առանձնահատուկ մարդ» է անվանել և ասել․ «Մենք ձեզ սիրում ենք»։
Ավելի ուշ նա ևս մեկ թվիթ է հրապարակել այն մասին, որ իրենից գողացել են հաղթանակը․ կրկին՝ առանց ասածի որևէ հիմնավորման։
Twitter-ը սկզբից այդ գրառումները նշել է որպես իրականությանը չհամապատասխանող, այնուհետև՝ հեռացրել դրանք, իսկ հետո 12 ժամով Թրամփին զրկել իր էջի հասանելիությունից։
Facebook-ը նույնպես հեռացրել է նախագահի ուղերձն ու մեկ օրով արգելափակել նրա էջը։
Instagram-ը միացել է մեկօրյա արգելափակմանը։