Ավանդույթներն անձեռնմխելի՞ են, թե՞ դրանց թարմացում է անհրաժեշտ. Հյուսիսային Օսիայի փորձը
Հյուսիսային Օսիայում ակտիվ քննարկումներ են ընթանում ավանդույթների թեմայի շուրջ: Հարցը դրվում է այսպես. արդյո՞ք պետք է փորձել պահպանել ավանդույթները սկզբնական վիճակով, թե՞ մշակույթը, հասարակության մտածելակերպը, ինչպես և ինքը՝ հանրապետությունը, պետք է մոդեռնիզացիայի ենթարկվեն, թարմացվեն:
Մենք ծանոթացել ենք երկու կողմերի կարծիքներին:
•Օսական լեզուն անհետանում է, ասում է UNESCO-ն
•Հյուսիսային Օսիա. պատգամավորը ծեծե՞լ է ուսուցչուհուն
Սեփական ուղին
«Ուացամոնգա» օսական երգերի անսամբլի մասնակից Գեորգի Չիխավիևը վստահորեն իրեն վերագրում է խիստ ավանդույթների կողմնակիցներին:
«Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ ժամանակակից ազգային մշակույթը դժվարությամբ է դիմակայում ժամանակների ճնշմանը: Ավանդական բարոյական հասարակարգն անհետանում է, և փոխարինելու են գալիս, մեղմ ասած, տվյալ հասարակությանը ոչ բնորոշ արժեքներ»:
Ինչ վերաբերում է հենց օսական մշակույթին, ասում է Չիխավիևը, «իրավիճակը ողբալի է, դա միայն 20%-ն է այն մշակույթի, որ երբեմն ունեցել են օսերը»:
Եթե այն, ինչ մնացել է, սկսենք հարմարեցնել ինչ-որ ժամանակակից սկբունքների, ամբողջը կորցնելու վտանգ կա: Այդ ժամանակ մենք էլ չենք լինի օսեր, կլինենք ոչ ոք:
Չիխավիևը համաձայն է, որ այժմեականությունն էլ ունի դրական գծեր: Պարզապես, ասում է նա, «պետք է որոշակի մաղով անցկացնել, իսկ այ դա օսերին չի հաջողվում»:
«Ինչո՞ւ մենք անպայման պետք է ինչ-որ տեղ ինտեգրվենք: Ինչո՞ւ մենք չենք կարող հավատարիմ մնալ մեր ազգային ուղուն: Պետք է մնալ օս, խոսել մայրենի լեզվով, իմանալ ավանդույթները, մշակույթը, սովորություները: Մենք խոսում ենք հենց դրա մասին, ոչ թե որ պետք է կրել երկար շրջազգեստ և չերկեսկա: Կարելի է կրել ժամանակակից դասական հագուստ և մնալ օս:
Պետք չէ առանձնանալ աշխարհից, պետք է աշխարհից վերցնել լավագույնը, դրականը՝ ոչ թե ամեն ինչ»:
«Տեղում դոփել՝ նշանակում է չզարգանալ»
JAMnews-ը բլից հարցում է անցկացրել Instagram-ում հետևյալ հարցի շուրջ. «Ինչի՞ վրա է ավելի կարևոր ջանք գործադրել՝ ավանդական մշակույթի վերածննդի՞, թե հասարակության այժմեականացման վրա»:
Պարզվել է, Գեորգի Չիխավիևի կարծիքը կիսում են հարցման մասնակիցների 62 տոկոսը. էթնոսի մշակույթը պետք է մնա անփոփոխ:
Հարցման մասնակիցների 38 տոկոսը հանդես են եկել ժամանակակից մոտեցման և արժեքների օգտին:
«Ավանդույթները չեն կարող պարզապես նույնը մնալ ժողովրդի պատմության ողջ ընթացքում»,- JAMnews-ին ասել է հեռուստալրագրող Իննա Մակիևան:
«Տեղում դոփել՝ նշանակում է չզարգանալ, լավը չդառնալ, առաջընթաց չընդունել: 19-րդ դարի արժեքների մեջ է մնում նաև արյան վրեժը, հարսնացուի համար տրվող ղալիմը, հանգուցյալներին ձիեր նվիրելը»:
Անկասկած, ավանդույթները և մշակույթը այն է, ինչն օսերին առանձնացնում է պերուացիներից, իսկ գերմանացիներին՝ Ճապոնիայի բնակիչներից, բայց չէ՞ որ այժմեականության ազդեցության տակ փոխվում է նաև լեզուն, ասում է Մակիևան:
Հարսնացուն փեսայի տանը ծիսական շրջան է կատարում օջախի վրա ձգված շղթայի շուրջ, որպեսզի Սաֆան (օսերի մոտ ընտանիքի հովանավորը) ընդունի նրան: Բայց չէ՞ որ հիմա, շնորհիվ տեխնիկական առաջընթացի, մեր տները օջախով չեն տաքացվում: Եվ շղթան էլ փեսային չի պատկանում, վարձով են վերցրել: Հետևաբար ի՞նչ իմաստ ունի այս ծեսին հետևելը:
«Հին ավանդույթներն ու ծեսերը վերակենդանացնելու փորձերը հազիվ թե որևէ լավ բանի հանգեցնեն: Դա ավելի շուտ հիշեցնում է շատ վատ գավառական թատրոն»,- ասում է Իննա Մակիևան:
Պարեր և աշտարակներ, դիմակայության էքսցեսներ
Պարը օսական մշակույթի ամենաճանաչելի տարրերից մեկն է: Մի քանի պարային խմբեր պարբերաբար Հյուսիսային Օսիան ներկայացնում են միջագային փառատոններում:
Եվ թվում էր՝ որոշ պարեր չեն կարող դառնալ վեճերի թեմա: Այդպես էր, քանի դեռ մոդեռնիստները դրանք իրենց ձևով չներկայացրին:
Հյուսիսային Օսիայից բլոգեր Արթուր Ենալդիևը և նրա ընկեր Սոսլան Գաբարաևը Ամանորին տեսանյութ էին նկարել, որում գիրոսկուտերների վրա կանգնած՝ պարում են օսական ժողովրդական «հոնգա» պարը՝ փափախներով և օսական դրոշներով:
Տեսանյութը բուռն էմոցիաների և վեճերի տեղիք տվեց:
Կային նաև անմեղ և անգամ դրական մեկնաբանություններ. «ծույլ հոնգա», «թույն է»: Բայց ի հայտ եկավ նաև մեծ ագրեսիա, վիրավորանքներ և առաջարկ «պարողներին գժանոցում հերթի կանգնեցնել»:
Մոդեռնիստների և անվադապաշտների միջև ևս մեկ բնորոշիչ վեճ տեղի ունեցավ 2019թ. ապրիլին, երբ Հյուսիսային Օսիա էր ժամանել հայտնի ռուս Instagram-բլոգեր Կրիս Շելեստը:
Նա Instagram-ի իր էջում տեղադրել էր հնագույն աշտարակների լուսանկար, և հենց այդ երևույթը մոդեռնիստների համար կարևոր էր. 700 հազար լսարան ունեցող բլոգերը փաստացի տուրիսատական գովազդ է անում Հյուսիսային Օսիայի համար:
Բայց ավանդական մշակույթի կողմնակիցներին վրդովեցրել էր մի լուսանկար: Բլոգերը, ոչինչ չկասկածելով, տեղադրել էր մի լուսանկար՝ հեծանվային շորտով:
Շելեստի հասցեին տեղացին ոչ միայն վիրավորական մեկնաբանություններ, այլև սպառնալիքներ: Ռուսական պարբերականներում հրապարակվում էին հետևյալ վերնագրերով հոդվածներ. «Օսիայի բնակիչները վիրավորել և ստորացրել են կին բլոգերին՝ լեգինսի պատճառով», «Բլոգերը ատելություն վաստակեց Օսիայի լեռներում արված լուսանկարում կանգնած դիրքի համար», «Պարզվում է՝ կադրում հինգերորդ կետը կարող է ուժեղ վրդովեցնել»:
Ավելի ուշ Կրիս Շելեստից ներողություն խնդրեցին օս պաշտոնյաները և բազմաթիվ տեղի բնակիչներ: Նա ասաց, որ սպառնալիքներն ու վիրավորանքները չեն փոխել իր վերաբերմունքը Կովկասի նկատմամբ:
Բայց ի՞նչ կարծիք է ձևավորվել նրա բազմահազարանոց լսարանի մոտ, որոնք հետևում էին ցասումնալից մեկնաբանություններին:
Համատեղ ջանքերով
Տարբեր մոտեցումների կողմնակիցները, չնայած համակարծիք չեն ազգային մշակույթի զարգացման ուղղության հարցում, բայց համակարծիք են, որ այն անպայման անհրաժեշտ է զարգացնել: Եվ դրանով Հյուսիսային Օսիայում զբաղվում են ինչպես իշխանությունները, այնպես էլ ակտիվիստները:
Վերջին շրջանում ամենակարևոր իրադարձություններից մեկը դաձավ առաջին ազգային հեռուստաալիքի՝ «Օսիա-Իրիստոն»-ի հիմնումը: Այն հեռարձակվում է շուրջօրյա, իսկ սեփական կոնտենտը, ինչպես պնդում են կայքում, կազմում է 60 տոկոս:
Կարևոր է, որ այդ կոնտենտը ստեղծում են հիմնականում երիտասարդ լրագրողները, որոնց վրա էլ հենց դրվել էր շեշտը հեռուստաընկերությունը հիմնելիս:
Հեռուստաեթերում ժամանցային նախագծերից բացի հեռարձակվում են մշակութային-լուսավորչական ծրագրեր, օրինակ, դասախոսություններ տարբեր ազգային ավանդույթների մասին և Նարտյան էպոսի ընթերցումներ: Շատ հաղորդումներ հենց օսերենով են:
Եվս մեկ կարևոր նախագիծ, որը նպաստում է մշակույթի պահպանմանը, օսերենով առցանց գրադարանն է՝ Bærzæfcæg-ը: Այն գործում է արդեն մոտ յոթ տարի, դրանում կա ավելի քան 7000 գիրք՝ անվճար հասանելիությամբ:
Նաև հայտնվել են միանգամից մի քանի բջջային հավելվածներ, ուղղված օսական լեզվի և գրականության ժողովրդականացմանը։ Դրանցից մեկը «Իրոն չինիգ»-ն է (Օսական գիրք): Այնտեղ կան աուդիոներկայացումներ և աուդիոգրքեր՝ պատմազրույցներից, ինչպես նաև օսական դասական գրականության ստեղծագործություններից ձայնագրություններ:
Հանրապետությունում նաև գործում են օսերենի անվճար դասընթացներ, ռուսերենից թարգմանվում և կրկնօրինակվում են մուլտֆիլմեր:
Երկա՞ր ժամանակով
«Անգամ ամենաչնչին առաջընթացը պահանջում է հասունացման տանջալից երկար տարիներ»,— գրել է ֆրանսիացի գրող Էմիլ Զոլիան:
Հարցը՝ արդյոք առաջընթացը մահ է մշակույթի համար, թե, ընդհակառակը, գոյատևելու միջոց է, առայժմ սուր դիմակայություն է առաջ բերում տարբեր տեսակետների կողմնակիցների մոտ: Նրանք գրեթե միմյանց չեն լսում:
Բայց կարելի՞ է ասել, որ փոխզիջման հասնելու գործընթաց է գնում, քանի որ վեճերը շարունակվում են: