Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հոսպիտալացվել է Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Ներկա պահին նա հետազոտություններ է անցնում։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրա միզաքարային հիվանդությունն է սրվել, կյանքին վտանգ չի սպառնում։ Բայց հասարակության մեջ այլ վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ հնարավոր թունավորման։ Հիշեցնում են 2019 թվականին՝ ընդդիմության առաջնորդ լինելու ժամանակ նրա թունավորման պատմությունը, որն այդպես էլ առեղծված մնաց։
2019 թվականի ապրիլի կեսերին այն ժամանակ ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր Մոսկվայի կլինիկաներից մեկում, իսկ ավելի ուշ տեղափոխվել Բեռլին։ Գերմանիայում արված անալիզների համաձայն՝ նրան թունավորել էին։ Այդ մասին հայտարարել էին անձամբ Բժանիան և նրա կողմնակիցները։ Նրա արյան մեջ հայտնաբերվել էր սնդիկի, կադմիումի և ալյումինի մեծ խտություն։ Աբխազիան այն ժամանակ պատրաստվում էր նախագահական ընտրություններին, Բժանիան գործող նախագահ Ռաուլ Խաջիմբայի գլխավոր մրցակիցն էր։ Բոլորը քննարկում էին այն, որ ընդդիմության առաջնորդի հանկարծակի հիվանդությունը կապված է նախագահական ընտրությունների հետ։
Արդյունքում 2020 թվականի մարտին Աբխազիայի նախագահ դառնալուց հետո Ասլան Բժանիան հայտարարեց, որ «ներել է» իրեն թունավորողներին, և ընդդիմության առաջնորդի թունավորման փաստի հետ կապված որևէ հետաքննություն չիրականացվեց։
Եվ ահա այդ վարկածը վերադարձել է: «Это еще не конец» ռուսական տելեգրամյան ալիքը, որը հայտնի է իր իրազեկվածությամբ, հայտնում է, որ Ասլան Բժանիան թունավորման կասկածանքով գտնվում է Մոսկվայի կլինիկաներից մեկի թունաբանական բաժանմունքում: Հաղորդվում է, որ նա այդ վիճակով է Սուխումիից ժամանել Մոսկվա։
Բժանիայի վատառողջ լինելու մասին խոսակցությունները աբխազական հասարակության մեջ ի հայտ են եկել դեռևս այն ժամանակներից, երբ նա, իր իսկ հավաստիացմամբ, թունավորումից բուժվում էր Գերմանիայում։ Այն ժամանակ դատախազությունը հայտնել էր, թե թունավորման փաստը բժիշկների կողմից հաստատված չէ, և հիվանդի ընտանիքի համաձայնությամբ բարձրաձայնել էր նրա կլինիկական ախտորոշումը` Գիյեն-Բարեի համախտանիշ։
Դատախազն այդ ժամանակ հայտարարել էր, որ ընտանիքը չի համաձայնել տրամադրել բժշկական պատմության պատճենը, որն անհրաժեշտ էր դատաբժշկական փորձաքննության իրականացման համար։
Հրապարակումների մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով։