Առաջին տեղեկատվականը
Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող իրադարձություններն առաջին իսկ օրվանից տեղեկատվական բաղադրիչ էին պարունակում: Երկկողմանի օգտագործվում էին պրոպագանդայի տարբեր մեթոդներ: Սկզբում այս ամենը տարերային բնույթ էր կրում՝ բնազդային մակարդակում: Ավելի ուշ՝ պատերազմից հետո, ինտերնետի զարգացման ժամանակաշրջանում այդ ամենը փոխակերպվեց կիբերակտիվիստների պարտիզանական խմբավորումների զարգացման, որոնք շոշափելի պատերազմներ էին վարում ֆորումներում:
Տեխնոլոգիաների զարգացումը, հակամարտությունում պետությունների դերի աճը հանգեցրեց նրան, որ այժմ երկու կողմերն էլ զարգացած կառույցներ ունեն, որոնք կապված են տեղեկատվական անվտանգության, պրոպագանդայի և հակապրոպագանդայի հետ, վերջին երկու-երեք տարիներին նկատվում են տարբեր մոտեցումներ տեղեկատվական պատերազմների հանդեպ:
Ադրբեջանը սկսեց զբաղվել իշխանության ուղղահայացի կառուցմամբ, աստիճանաբար բեմահարթակից անհետացան պարտիզանական խմբերը, լրատվամիջոցները երկրում գործնականում դարձան ամբողջությամբ վերահսկելի: Որպես արդյունք, ստեղծվել է հստակ վերահսկվող և օպերատիվ գործող, խորհրդային կառույցին մոտ մոդել: Հայաստանը գնաց ավելի հիբրիդային մոդելի կառուցման ուղղությամբ, որը ենթադրում է պետական և ազատ խմբերի ինտեգրացիա մեկ բաշխիչ ցանցում:
Ռազմական գործողությունների սկիզբը ցույց տվեց, թե ինչպես են գործում երկու մոդելները: Ադրբեջանական ուղղահայաց կառավարումը առաջին ձախողումն ունեցավ հենց սկզբում: Ադրբեջանական զորքերի գործողությունները, որը բլից-կրիգ էր ենթադրում և ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ուժերի մխրճում ղարաբաղյան պաշտպանության խորքերը, ձախողվեց: Արդեն առավոտյան մի շարք ուղություններով, ղարաբաղյան գերատեսչությունների հաղորդմամբ, հայ զինվորականներն անցել էին հակահարձակման՝ զգալի վնասներ հասցնելով հակառակորդի կենդանի ուժին և տեխնիկային:
Տեղեկատվական ոլորտում կտրուկ արգելակում սկսվեց. ադրբեջանական մամուլն օրվա առաջին կեսին ընդհանրապես ոչինչ չէր հաղորդում: Եվ դա այն դեպքում, որ ամենուրեք ռեպորտաժներ էին ռազմական գործողությունների սկզբի մասին: Դատելով այս ամենից՝ հենց ուղղահայաց հարաբերությունները թույլ չտվեցին մամուլին ինչ-որ կերպ լուսաբանել իրադարձությունները, իսկ զինվորականները չգիտեին, թե ինչպես նկարագրել այն, ինչն այնպես չգնաց, ինչպես նախապես պլանավորվել էր:
Սակայն արդեն օրվա վերջում երկու կողմերն էլ հունի մեջ ընկան և իսկական տեղեկատվական պատերազմ ծավալվեց բոլոր ուղղություններով: Փաստացի երկու կողմերն էլ օգտագործում են բոլոր հնարավոր տեղեկատվական միջոցները: Երկկողմանի կիբերհարձակումներ են իրականացվում: Հայկական և ադրբեջանական լրատվական և պաշտոնական կայքերն անընդհատ DDoS-հարձակման են ենթարկվում (ադրբեջանական կողմին այդ հարցում օգնում էր նաև մեկ թուրքական հաքերային խմբավորում):
Մամուլի միջոցով տարածվում են պրոպագանդիստական նյութեր: Բավական էր միայն հրապարակված իբր հետախուզության կողմից առգրավված ԼՂՀ պաշտպանության նախարարի նամակը Հայաստանի իր գործընկերոջը: Նամակը գրված է սարսափելի, մանկական սխալներով: Բայց լիովին պիտանի էր ներքին լսարանի օգտագործման համար:
Թերևս ամենաակտիվ պատերազմը ընթանում է սոցկայքերում, քանի որ այստեղ ներկայացված են գրեթե բոլորը, ամեն մեկը կարող է կիրառություն գտնել իր ունակություններին և ազատ ժամանակին: Առավել խորամանկները (հավանաբար նույնիսկ հատուկ ծառայություններում աշխատողները) փորձում են օգտատերերի վստահությունը շահել՝ հայկական անուններով հադես գալով, և տեղեկություն ստանալ առաջնագծում, Երևանում և Ստեփանակերտում տիրող իրավիճակից՝ արդյո՞ք խուճապ չկա, ո՞ւր են գնում զորքերը և այլն: Կամ խուճապ են սերմանում՝ վկայակոչելոլվ առաջնագծում գնտվող իրեն ծանոթներին, ովքեր հաստատ իրենց աչքերով են տեսել, որ ամեն ինչ կորած է:
Մնացածը բանավիճում են՝ մեկնաբանություններ գրելով հոդվածների տակ: Սակայն ամենատարածված զանգվածը հայհոյողներն են: Հայհոյում են, ինչեպս և որ լեզուներով կարողանում են, եթե չեն կարողանում Գուգլով են թարգմանում և միևնույնն է՝ հայհոյում են:
Տարբեր ուղղություններով պայքարի տեղեկատվական մեթոդների օգտագործումը ղարաբաղյան հակամարտության վերջին տարիների հարակից բաղադրիչն է եղել: Սակայն վերջին ռազմական գործողություններ տեղեկատվական դիմակայությունը տեղափոխեցին նոր մակարդակ՝ դարձնելով այն իրական տեղեկատվական պատերազմ, որը լուրջ ազդեցություն ունի առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Երկու հասարակությունների ներգրավումը նման մասշտաբի տեղեկատվական դիմակայությանը իրոք նոր մի բան է: Եվ այն իր պտուղները կտա ապագայում: Քաղաքական գործիչները պետք է հաշվի նստեն այն փաստի հետ, որ գրեթե ողջ հասարակությանը ներգրավեցին ակտիվ տեղեկատվական դիմակայության մեջ: Իսկ հասարակ մարդկանց ավելի դժվար է գործողությունների ավարտից հետո տուն ուղարկել, ինչպես զինվորներին՝ զորանոց:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 06.04.2016