Ապրել՞, թե՞ մահանալ
Այո, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Աբխազիայի բնակիչները բուժվում են Վրաստանում: Շատ հավանական է, որ վրացական բժշկությունից օգտվածների թիվը հարյուրների է հասնում:
Վերջերս վրացական Аbkhazeti.info կայքում մի պատմություն հայտնվեց, թե ինչպես է Ինգուրի հետ սահմանին աբխազ սահմանապահը թույլ տվել անցնել կրիտիկական վիճակում գտնվող 6 տարեկան երեխային:
Ականատեսներն ասում են, որ սահմանապահը պատմել է, որ իր մայրը օնկոլոգիական հիվանդությամբ է տառապում, և նրան բուժում են վրացի բժիշկները: «Մորս վրացի բժիշկները ձեռքերի մեջ են պահում: Նույնիսկ եթե կորցնեմ աշխատանքս, այս տղային թույլ կտամ սահմանը հատել», — ասել է աբխազ սահմանապահը:
Վերջերս մեկ այլ դեպք էլ է եղել, երբ Աբխազիայի քաղաքացին Ֆեյսբուքում շնորհակալություն է հայտնել վրացի բժիշկներին, ովքեր օգնել են իր մոտ բարեկամին:
Հազվադեպ է լինում, որ վրացական բժշկությունից օգտվածները պատրաստ լինեն բաց ու հանրային կերպով շնորհակալություն հայտնել դրա համար, քանի որ կոլեկտիվ հասարակական կարծիքը նման մարդկանց քննադատում է: Սակայն փաստ է, որ բժշկական օգնություն ստանալու ակնկալիքով Վրաստանին շատերն են դիմում:
Վերջին ժամանակներս այդ մասին ավելի ու ավելի բաց են խոսում: Սակայն հասարակությունում այդ հարցը շարունակում է այսպես մնալ. ի՞նչն է աբխազներին ստիպում բուժման համար Թբիլիսի մեկնել, և ի՞նչն է այնուամենայնիվ ավելի կարևոր՝ կյա՞նքը, թե՞ սկզբունքները:
Բժշկության ցածր մակարդակն Աբխազիայում
Այս հարցը երկու հարթություն ունի՝ զուտ հումանիտար և քաղաքական: Իսկ հիմնական պատճառն Աբխազիայի բժշկության կրիտիկական անբավարար լինելն է:
Հանրապետական հիվանդանոցի վիրաբույժ Ռուսլան Սմիրը գլխավոր պատճառ է համարում ժամանակակից սարքավորումների պակասն ու որոշ մասնագիտությունների տիրապետող բժիշկների բացակայությունը՝ կարդիովիրաբուժություն, տարբեր ուղղվածության մանկական վիրաբուժություն, ալերգաբանություն, վարակաբանություն և այլն:
«Արդյունքում, մարդն ընտրության առջև է՝ Ռուսաստա՞ն գնալ, թե՞ Վրաստան: Վրաստանը պայմաններ է ստեղծում, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց մոտ անվճար բուժվեն: Եվ մարդիկ գնում են»:
Ըստ Ռուսլան Սմիրի՝ հիմնականում դա օնկոլոգիա է, վնասվածքներ վթարից հետո, ինֆեկցիոն հիվանդություններ, ինչպես նաև ՄԻԱՎ և հեպատիտ:
«Ես մանկուց երիկամների խնդիր ունեմ: Ռուսաստանում բուժվելու հնարավորություն չունեմ, քանի որ ընտանիքիս ծախսերը ինքս եմ հոգում: Եթե ես վաստակած գումարը ծախսեմ բուժման վրա, երեխաներս ուտելու բան չեն ունենա», — ասում է սուխումցի Յուրի Գինդիան:
Վրաստանում նա բարեկամներ ունի և նրանց միջոցով պարզել է մանրամասները:
«Երբ Թբիլիսի հասա, ինձ այնտեղ արդեն սպասում էին, լավ ընդունեցին: Մոտ մեկ ամիս եմ այնտեղ անցկացրել, այդ ընթացքում ոչ ոք ինձնից փող չի ուզել, բուժումը բացարձակ անվճար էր: Ուզում եմ նաև նշել բժշկության բարձր մակարդակը, բոլոր սարքավորումները նոր են, բժիշկները բարձր որակավորում ունեն, իսկ կլինիկան ժամանակակից է: Բուժման առաջին կուրսն անցել եմ, շուտով պլանավորում եմ կրկին մեկնել»:
Յուրին ասում է, որ երբ ծանոթներն իմացան, որ նա բուժվել է Թբիլիսիում, մի քանիսը իրեն դավաճան անվանեցին: «Սակայն ես չեմ կարծում, որ ես դավաճանել եմ հայրենիքս: Ես ընդամենը ընդունել եմ օգնությունը, որն ինձ չեն կարող առաջարկել իմ երկրում», — ասում է նա:
«Ես Վրաստան մեկնեցի բուժվելու, քանի որ կանացի խնդիրներ ունեի: Աբխազիայում այնպիսի գինեկոլոգներ չկան, ովքեր ինձ կարող էին վիրահատել: Վրաստանում ես բարեկամներ ունեմ, և նրանց միջոցով գտա այս ծրագիրը», — սա ևս մեկ պատմություն է նման փորձի մասին, ուղղակի այն պատմած կինը խնդրեց չնշել իր անունը:
«Ինձ մասնավոր հիվանդանոցում տեղավորեցին: Դա շատ լավ հիվանդանոց է, բժիշկները շատ լավն են: Եթե Աբխազիայից ես, քեզ միանգամից լավագույն կլինիկա են ուղարկում: Եվ ինձ ոչ ոք չի խնդրել Վրաստանի քաղաքացիություն ստանալ, դա հիմարություն է: Ինձ բարեհաջող վիրահատեցին, և դա բոլորովին էլ չի նշանակում, որ ես դավաճանել եմ հայրենիքս», — ասում է նա:
Քաղաքականությունն այն բանից հետո, երբ քաղաքականությունը հեռացավ
Վրաստանում Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների բուժսպասարկման կազմակերպման գաղափարի հեղինակ կարելի է համարել Միխայիլ Սահակաշվիլիին: Սակայն նրա կառավարման տարիներին ծրագիրը քաղաքականացված էր: Նրանք, ովքեր ուզում էին Վրաստան գալ, պետք է քաղաքացիություն ստանային կամ գոնե անձնագիր, այնուհետև նաև այդ անձնագրի վրա գրանցված ապահովագրություն ստանային: Բայց դա դեռ ամենը չէ:
Աբխազիայից կամ Հարավային Օսիայից եկած հիվանդը հիվանդանոցի միջանցքներում կարող էր հեռուստատեսության նկարահանող խմբին հանդիպել, որը եկել է ռեպորտաժ նկարելու:
Մի խոսքով, մարդկանց օգնում էին, սակայն դա զուտ PR և քաղաքականություն էր:
Այժմ ամեն ինչ այլ է: Վրաստանի կլինիկաներում բուժումն արդեն կոնկրետ հիվանդի խնդիրն է, այլ ոչ թե «քաղաքական նախագիծ»: Ոչ ոք քաղաքացիություն չի պարտադրում, չնայած որ Աբխազիայի բնակիչները նախկինի պես անվճար են բուժվում և լավագույն հիվանդանոցներում: Բացի այդ, այս թեմայի շուրջ PR չկա:
Սակայն բնականաբար այս ծրագրից քաղաքականությունը ոչ մի տեղ չի կորել:
Ցանկալի են միայն էթնիկ աբխազները
Նման եզրակացություն կարելի է անել գոնե այն պատճառով, որ Գալի շրջանի բնակիչները մեծ մասամբ Վրաստանի քաղաքացիներ են, սակայն չեն կարողանում օգտվել ծրագրի շրջանակում առաջարկվող լավագույն և անվճար բժշկական օգնությունից:
Բացի այդ, իմ տեղեկատվությամբ, առանց ավելորդ պատրաստակամության վրացական կլինիկաներում ընդունում են նաև Աբխազիայի՝ ազգությամբ ոչ աբխազ քաղաքացիներին:
«Գալի բնակիչներին այս ծրագրով չեն բուժում, քանի որ նրանք վրացիներ և Վրաստանի քաղաքացիներ են: Որոշ բժշկական խորհրդատվություն նրանք կարող են ստանալ զեղչով: Սակայն միայն որոշ: Թբիլիսի հասնելու համար Գալի բնակիչները ծախսում են 120 լարի [$ 60], բացի այդ, նրանք ստիպված են վճարել շատ պրոցեդուրաների համար», — պատմում է շրջանի բնակիչներից մեկն, ով նույնպես չցանկացավ անունը նշել:
Արդյունքում հակառակ հոսք առաջացավ. Գալի բնակիչների մեծ մասն, ովքեր աբխազական փաստաթղթեր ունեն, Սուխում են մեկնում բուժվելու:
Հեռանկարներ. աբխազների համար ավելի շատ հնարավորություններ Վրաստանում
2016թ-ին Վրաստանի Զուգդիդիի շրջանի Ռուխի գյուղում, այսինքն՝ Աբխազիայի հետ սահմանին, պլանավորվում է 220 տեղանոց ժամանակակից բազմապրոֆիլային բժշկական կենտրոն կառուցել: Այնտեղ կաշխատի Վրաստանի լավագույն բժշկական անձնակազմը, բժիշկներն այժմ վերապատրաստում են անցնում տարբեր երկրների կլինիկաներում, այդ թվում՝ Եվրոպայի, Ռուսաստանի և Իսրայելի:
Բժշկական կենտրոնի հարևանությամբ պլանավորվում է 3-աստղանի հյուրանոց կառուցել
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախագծի վրա մոտ 20 մլն դոլար կծախսվի: Այստեղ աշխատելու է մոտ 600 մարդ:
Խորհրդանշական է այն, որ խորհրդային տարիներին Ռուխիում վրաց-աբխազական բարեկամության փառատոններ էին անցկացվում: Այժմ այդ բարեկամությունը խորհրդանշելու է բժշկական կենտրոնը:
Կյա՞նք, թե՝ սկզբունքներ
Աբխազիայի ղեկավարությունը ստեղծված իրավիճակին պատասխանում է Վրաստանի հետ սահմանի հատման պայմանների խստացմամբ: Սակայն այդ միջոցների արդյունավետությունը կասկածելի է:
Առաջին հերթին, ծայրահեղ դեպքում Աբխազիայի բժշկական հաստատություններն իրենք են դիմում վրացի գործընկերների օգնությանը, և եղել են դեպքեր, երբ Զուգդիդիից շտապօգնության մեքենաները Սուխում են եկել հիվանդին տանելու:
Երկրորդ հերթին, Վրաստան Սոչիով հասնելը խնդիր չէ, որտեղից Բաթում և Փոթի տանող ծովային տրանսպորտ կա:
«Մի քանի տարի առաջ Սուխումի բժիշկների սխալի պատճառով քիչ էր մնացել նորածին երեխայիս կորցնեի: Շտապօգնության մեքենայով մենք նրան Թբիլիսի հասցրինք, և վրացի բժիշկները փրկեցին: Եթե դա չլիներ, երեխաս պարզապես կմահանար», — պատմում է Սուխումի բնակիչն, ում խնդրանքով, անունը չենք նշում:
Նրա խոսքով, այդ պատմությունից հետո Աբխազիայում պետական մակարդակով մեծ սկանդալ է եղել: «Փաստացի ասացին, որ քաղաքական շահերը մեր երեխաների կյանքերից թանկ են: Սակայն երկրորդ երեխայիս որոշեցի Վրաստանում ունենալ, նախորդ ձմռանը Թբիլիսիում գեղեցիկ աղջիկ ունեցա»:
Ակնհայտ է, որ Աբխազիայում մոտ ապագայում առողջապահության այն մակարդակը չի հաստատվի, որը թույլ կտա որակյալ օգնություն ստանալ երկրի ներսում:
«Խնդիրն այն է, որ մեզ մոտ հաճախ են հիվանդներ լինում, ում բուժելու համար պետք է մի ամբողջ նոր հիվանդանոց կառուցել», — ասում է վիրաբույժ Ռուսլան Սմիրը:
«Մենք ռենտգեն չունենք, որը կարող է գոնե լեյկոզը կանխորոշել, էլ չեմ խոսում մասնագետների և սարքավորումների մասին, որոնք պետք են այն բուժելու համար: Իմ պրակտիկայում մի դեպք է եղել, երբ լեղապարկի քարերը ընկել են լեղածորան, և այդ վիրահատությունը մենք արդեն չէինք կարող անել, ստիպված էինք հիվանդին Ռուսաստան ուղարկել»:
Խնդիրը մասամբ կարող է լուծվել, եթե Աբխազիայի և Ռուսաստանի միջև ֆորմալ հարցերը կարգավորվեն, և հիվանդները կարողանան այնտեղ բժշկական օգնություն ստանալ: Սակայն այնուամենայնիվ վրացական բժշկության հետ մրցակցելը դժվար կլինի:
Այն մարդկանց թիվն, ում փրկել են Վրաստանում, աճում է: Նրանց հարազատների հաշվին այդ երկրի հանդեպ բավականին չեզոք տրամադրված մարդկանց լայն բազա է ձևավորվում: Դրանում ոչ մի վատ բան չէր լինի, եթե Վրաստանն Աբխազիային վերաբերվեր որպես հարևան երկրի, որի հետ պետք է նորմալ հարաբերություններ կառուցել:
Սակայն, հաշվի առնելով Թբիլիսիի պլանները, որն ուզում է Աբխազիային ինտեգրել «վրացական աշխարհ», իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում անկանխատեսելի է թվում:
Ելքեր. 1) արգելել 2) ատել 3) զարգանալ
«Ես երբեք չեմ հասկանա այն մարդկանց, ովքեր Վրաստան բուժվելու են գնում, նրանց դավաճաններ եմ համարում: Չէ՞ որ այդ վրացիները մեր եղբայրներին են սպանել, իսկ մենք գնում ենք նրանց մոտ բուժվելու: Ավելի լավ է պարտքով փող վերցնես ու գնաս մեկ այլ երկիր, բայց ոչ Վրաստան», — կարծում է Աբխազիայի բնակիչ Թենգիզ Կիուտը:
Այս երկու ելքերը՝ արգելել և/կամ ատել նրանց, ովքեր կյանքն այլ արժեքներից բարձր են դասում, բավականին տարածված են հասարակությունում: Մյուս կողմից, եթե Աբխազիան արդեն կայացել է որպես երկիր, որպես քաղաքական և գաղափարական արժեքների համալիր, ապա այս կամ այն պատճառով Վրաստան մեկնող մարդկանց հանդեպ անվստահությունը ցուցադրում է միայն անցյալի բարդույթները նրանց գիտակցությունում:
Մենք ապրում ենք ծայրահեղ մոբիլության դարաշրջանում: Մարդիկ հնարավորույթուն ունեն մեկնել այնտեղ, որտեղ մթերքն ավելի լավն է, բժշկությունն ավելի որակյալ է, որտեղ ավելի շատ գումար կարելի է վաստակել և այլն: Մեր հարևանությամբ մի ամբողջ երկիր կա, որն ուզում է աբխազների համար ծայրահեղ գրավիչ լինել: Վրաստանն այնպիսի տնտեսություն չունի, որը կարող է Աբխազիայից աշխատանքային ռեսուրսներ ներգրավել կամ բնակության առանձնահատուկ գրավիչ միջավայր ապահովել: Սակայն այն ոլորտում, որտեղ Վրաստանը կարող է կյանքի որակ ապահովել, անում է:
Խնդիրն այն չէ, որ մարդիկ գնում են այնտեղ բուժվելու: Խնդիրը Աբխազիայում առկա մշտական կոլապսն է: Մենք կորցնելու ենք մարդկային կապիտալը, և պարտադիր չէ, որ դա կապված լինի Վրաստանի հետ: Շատերն իրենց կենսական ռազմավարությունները Ռուսատսանի հետ են կապում կամ մեկ այլ երկրի:
Քանի դեռ մեզ մոտ իսկական զարգացում չի սկսվել, մենք երկարաժամկետ հեռանկարում տանուլ ենք տալու ապագայի համար պայքարը:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ