Ապագա «դրախտ» զբոսաշրջիկների համա՞ր։ Ֆոտոռեպորտաժ Վրաստանի Դաշբաշ կիրճից
«Վրաստանում զբոսաշրջիկների համար նոր դրախտ ենք կառուցում»․ մոտավորապես այսպես է հնչում ներդրումային նախագծի խնդիրը, որը գործարկվել է 2019թ-ի ամռանը Թբիլիսիից դեպի հարավ գտնվող Դաշբաշ կիրճում։ Տեղացիները լի են սպասումներով։ Նրանց թվում է նաև Լեյլան՝ կիրճի մուտքի մոտ տեղակայված փոքր խանութի տերը։
Գյուղն ու կիրճը Վրաստանի հարավում գտնվող Քվեմո Քարթլի շրջանի Ծալկա ոչ մեծ քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա են։ Դաշբաշը հանգիստ վայր է, նույնիսկ ամռան հանգստյան օրերին, երբ այստեղ շատ են զբոսաշրջիկները։ Տեղացիները հասկանում են, որ կարող էին բիզնես կառուցել զբոսաշրջիկների շնորհիվ, սակայն ոչ ոք նախնական կապիտալ չունի։ Լեյլան բացառություն է։
Գրեթե բոլոր զբոսաշրջիկները մտնում են Լեյլայի խանութ։ Եվ լիմոնադ խմելու, և նրա այգուց բացվող տեսարանը վայելելու։ «Դաշբաշում ուրիշ ոչինչ չկա։ Մեզ կօգնեն միայն ներդրումները», - սահուն ասում է Լեյլան։
Նրա հույսերը կարող են արդարանալ շատ մոտ ապագայում։ 2019թ-ի մայիսին վրացական Պահպանվող տարածքների հարցերի գործակալությունը նոր նախագծի մեկնարկի մասին է հայտարարել։ Ներդրողն իսրայելական Kass Land ընկերությունն է։ Նախագիծն ամեն ինչից զատ ենթադրում է 240մ երկարությամբ կիրճի վրա թափանցիկ կամրջի շինարարություն, որի միջնամասում բազրիքներ են լինելու։
«Նախագիծը գործարկվել է օգոստոսին և կավարտվի 2020թ-ին։ Հույս ունենք, որ սեզոնին այստեղ օրական 2-3 հազար զբոսաշրջիկ է գալու։ Մենք պլանավորում ենք մոտ 60 մլն դոլար ներդնել», - JAMnews-ին պատմել է նախագծի մենեջեր Անա Շանիձեն։
Ակնկալվում է, որ Դաշբաշում նոր հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ են հայտնվելու։ Kass Land-ը պլանավորում է նաև երաժշտական փառատոնի անցկացում։ Սակայն կիրճի մուտքն արդեն անվճար չի լինի, ինչպես հիմա է։ Մուտքը 15 լարի է լինելու [մոտ $5]։
«Ես շատ գոհ եմ։ Մեզ մոտ նոր աշխատատեղեր և նոր հնարավորություններ կհայտնվեն», - ասում է մի երիտասարդ Դաշբաշից, որը որպես բանվոր է տեղավորվել արդեն սկսված շինարարությունում։
Նոր ներդրումներից հաճելի սպասումները բացատրվում են, նախևառաջ, այդ շրջանում շատ ցածր կենսամակարդակով։ Աշխատատեղերը քիչ են։ Այստեղ՝ մեծ բարձրության վրա, դաշտերով և արոտավայրերով շրջապատված, միասին ապրում են վրացիները, հայերն, ադրբեջանցիներն ու հույները։ Նրանց գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Տիպիկ պատկեր այս վայրերի համար․ ոչխարների մեծ հոտեր՝ հովիվների ուղեկցությամբ։
Ներդրումային նախագծի մենեջեր Անա Շանիձեն, սակայն, միանգամից զգուշացնում է․ «Պայմանագիրը մեզ չի պարտավորեցնում առաջին հերթին տեղացիներին աշխատանքով ապահովել։ Սակայն ինչ-որ աշխատատեղեր մենք նրանց իհարկե կառաջարկենք»։
Դաշբաշում ոչ բոլորն են հիմնվում նոր աշխատատեղերի խոստումների վրա։ Ոմանք սեփական պլաններն են կազմում։ Օրինակ, Լեռնիկը՝ տարեց մի տղամարդ, վերջերս փոքր խանութ է բացել Ծալկա քաղաքում՝ կիրճից երեք կիլոմետր հեռավորության վրա։
«Եթե զբոսաշրջիկներն ավելանան, հոսթել էլ կբացեմ։ Դաշբաշում մեծ տուն ունեմ, այն պետք է պարզապես վերանորոգել», - ասում է նա։
Կասկած չկա, որ կյանքն այս վայրերում զգալիորեն կփոխվի։ Սակայն միաժամանակ կհայտնվեն նաև նոր սպառնալիքներ շրջակա միջավայրի համար։ Kass Land ընկերությունը պնդում է, որ տեղի բացառիկ բնությունը չի տուժի, քանի որ ողջ շինարարությունն ընթանալու է պահպանվող տարածքներից դուրս։
Այս տեղեկությունները Պահպանվող տարածքների հարցերի գործակալությունում ճշտել չստացվեց․ JAMnews-ի հարցումներն անպատասխան մնացին։ Վրացական բնապահպանական հասարակական կազմակերպություններն ու ակտիվիստները հաղորդել են, որ նույնպես սպասում են սկսվող նախագծի մասին ավելի մանրամասն տեղեկությունների։