Ադրբեջանում նվազագույն աշխատավարձն ու թոշակն ավելացել են. փորձագետները դժգոհ են
Աշխատավարձի բարձրացում Ադրբեջանում
2023 թվականի հունվարի 1-ից Ադրբեջանում բարձրացել են նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը։ Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կազմել է 15 տոկոս, իսկ նվազագույն կենսաթոշակինը` 16 տոկոս։ Փորձագետների կարծիքով՝ աշխատավարձի աճը զիջում է գնաճի տեմպերին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուն կարծում է՝ Ադրբեջանը խախտում է Եվրոպական սոցիալական խարտիան, ըստ որի՝ նվազագույն աշխատավարձը չի կարող միջին աշխատավարձից ցածր լինել 40 տոկոսից ավելիով։
- Որքա՞ն գումար է պետք վաստակել հարմարավետ կյանքի համար: Հարցում
- Բիզնես սահմանային Ջերմուկում․ շահավետ՝ ընտանիքի, օգտակար՝ քաղաքի համար
- Աղքատություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ երկրում նվազագույն աշխատավարձը 300-ից դարձել է 345 մանաթ (մոտ 203 դոլար) կամ բարձրացել 15 տոկոսով։
Վերջին անգամ Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը բարձրացել էր ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հունվարի 1-ին, մոտավորապես նույն չափով։
Միաժամանակ երկրի կառավարությանը հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել նվազագույն աշխատանքային կենսաթոշակը 240-ից 16,6 տոկոսով՝ մինչև 280 մանաթի [մոտ 165 դոլար] հասցնելու, ինչպես նաև սոցիալական նպաստների և կրթաթոշակների բարձրացման վերաբերյալ։
Եվրոպական սոցիալական խարտիայի խախտում
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանում միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 830 մանաթ [մոտ 488 դոլար]։ 2023 թվականի հունվարի 1-ից երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է 345 մանաթ [մոտ 203 դոլար]։ Այսպիսով, նվազագույն աշխատավարձը կազմում է միջին ամսական աշխատավարձի ընդամենը 41,6 տոկոսը։
Տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն նվազագույն աշխատավարձի այս բարձրացումը անբավարար է համարում, քանի որ Եվրոպական սոցիալական խարտիայի (ESC) պահանջը նախատեսում է Ադրբեջանում նվազագույն աշխատավարձի բարձրացում մինչև ամսական 500 մանաթ։ «Կառավարությունը պարտավորվել է կատարել պահանջը ESC-ի, որին անդամակցում է Ադրբեջանի Հանրապետությունը», — գրել է Իբադօղլուն իր ֆեյսբուքյան էջում։
«ESC-ի հանդեպ Ադրբեջանի պարտավորության համաձայն՝ երկրում նվազագույն աշխատավարձը չպետք է ցածր լինի միջին աշխատավարձի 60 տոկոսից։ Սա նշանակում է, որ նվազագույն աշխատավարձը պետք է լինի ամսական առնվազն 500 մանաթ»,- ընդգծել է տնտեսագետը։
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կազդի նաև ժամավճարով աշխատողների վարձատրության վրա։
Իբադօղլուն կարծում է, որ ավելի ճիշտ է նվազագույն աշխատավարձը որոշել ժամավճարով։ «ԱՄՆ-ում ժամավճարներն ընդունված են։ Հունվարի 1-ից հանրապետությունում ժամային նվազագույն աշխատավարձը կկազմի 1 մանաթ 76 գյափիկ, իսկ հարկերը հանելուց հետո կմնա 1,7 մանաթ, այսինքն՝ մեկ դոլար»,- հավելել է փորձագետը։
Գնաճի տեմպերին ոչ համարժեք
Ադրբեջանում նվազագույն աշխատավարձի բարձրացումը մինչև 345 մանաթ համարժեք չէ գնաճի տեմպերին։ Turan-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ, «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության քաղաքական կոմիտեի անդամ Նաթիգ Ջաֆարլին։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանում տարեկան գնաճը կազմել է 13,7 տոկոս։ Անկախ փորձագետները կարծում են, որ իրական գնաճը մի քանի անգամ բարձր է պաշտոնապես հայտարարվածից։