«Աշխատանքային միգրացիան ՀՀ-ից դեպի Ռուսաստան մեծ վտանգի տակ է»․ ժողովրդագիր
Աշխատանքային միգրացիան ՀՀ-ից դեպի Ռուսաստան մեծ վտանգի տակ է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ։ Այս մասին հայտարարել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը ապրիլի 20-ին կազմակերպված «Դեպոպուլյացիա, ծերացող երկիր, միգրացիա. դեմոգրաֆիկ խնդիրները՝ Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ։
Իսկ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը հայտնել է, որ այս տարվա առաջին ամիսներին ծնունդների բացարձակ թվաքանակը նվազել է, մահացածների թիվն՝ աճել։ Եվ եթե այս միտումը պահպանվի, երկրում կդիտվի դեպոպուլյացիա։
Միգրացիոն գործընթացների և դեպոպուլյացիայի մասին քննարկման ժամանակ հնչած հիմնական թեզերը։
«Պատերազմն Ուկրաինայում նշանակալի ազդեցություն է ունենալու հայ միգրանտների վրա»
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով՝ 2018 թ․-ին ՀՀ-ում ձևավորվել է միգրացիոն գործընթացներում ներգրավվելու մտադրություն ունեցողների թվի նվազման միտում։
«Մարդիկ ակնկալում էին, որ բարելավվելու է իրավիճակը՝ և՛ սոցիալական, և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումներով, և ավելի քիչ մարդիկ էին ձգտում միգրացիայի»,- նշել է նա ու հավելել, որ այս ակնկալիքները իշխանափոխության հետևանքով էին ձևավորվել։
Եգանյանի գնահատմամբ՝ 2018 թ․-ին ձևավորված նվազման միտումը շարունակվել է նաև նախորդ տարի՝ 2021 թ․-ին։
Ասում է՝ այդ մասին են վկայում հետազոտական տվյալները։
«Եթե 2017 թ. հետազոտության տվյալներով՝ միգրացիոն գործընթացներում ներառված էին Հայաստանի տնային տնտեսությունների մոտ 35%-ը, այսինքն՝ ամեն 3-րդից ավելին, ապա 2019–ին այդ ցուցանիշը նվազել էր՝ հասնելով մինչև 26%-ի:
2021 թ. հետազոտության համաձայն՝ այդ նվազման միտումը շարունակվել է, և տնային տնտեսությունների ներառվածությունը միգրացիոն գործընթացներում հասել է 18%-ի, այսինքն՝ ՀՀ-ում ամեն 5-րդ ընտանիքն էր ներառված միգրացիոն գործընթացներում»,- ընդգծել է փորձագետը։
Ասում է՝ գործընթացների վրա ազդեցություն են ունեցել նաև համավարակն ու 44-օրյա պատերազմը․ եթե կորոնավիրուսը չլիներ, պատերազմից հետո միգրանտների թիվն ավելի կշատանար։
Եգանյանի կարծիքով՝ հետազոտական տվյալները որոշ չափով կորցրել են իրենց հրատապությունը՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ։
Փորձագետն ասում է՝ պատերազմն Ուկրաինայում նշանակալի ազդեցություն է ունենալու հայ միգրանտների վրա․
«Դժվարանում եմ գնահատական տալ, բայց ակհնայտ է մի բան, որ աշխատանքային միգրացիան դեպի ՌԴ մեծ վտանգի տակ է։ Ամեն տարի ունենում էինք մոտ 80 հազար միգրանտ, որոնք գնում էին, վաստակում ու գալիս, հիմա՝ որքանո՞վ կկարողանան գնալ, ինչպե՞ս կփոխվի նրանց վաստակած գումարի չափը, հստակ չեմ պատկերացնում»։
2022 թ․-ի աշնանը՝ հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում մարդահամար է անցկացվելու։ Ըստ Եգանյանի՝ այն կօգնի հավաստի տվյալներ ունենալ Հայաստանի բնակչության մասին՝ հնարավորինս բացառելով «բնակչության թվաքականի գերհաշվառման» դեպքերը։
«Եթե այս միտումը պահպանվի, կունենանք դեպոպուլյացիա»․ փորձագետ
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ 2022 թ․ հունվար և փետրվար ամիսներին ծնունդների բացարձակ թվաքանակը նվազել է, մահացածների թիվն՝ աճել։
Փորձագետի գնահատմամբ՝ եթե այս միտումը պահպանվի, կունենանք դեպոպուլյացիա․
«Նման միտման պահպանման դեպքում կունենանք մի երևույթ, որը կոչվում է դեպոպուլյացիա, երբ մահերի թիվը գերազանցում է ծնունդների թվին, և բնական հավելաճը լինում է բացասական»:
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Հայաստանում երբևէ չի գրանցվել բնական հավելաճի բացասական ցուցանիշ, երբ համեմատվել են միայն ծնունդների և մահերի ցուցանիշները։ Պատկերը, սակայն, փոխվում է, երբ դրան գումարվում է «միգրացիայի մնացորդը»․
«Երբ միգրացիայի մնացորդը (մեկնածների և ժամանածների բացարձակ թվաքանակի տարբերությունը) գումարվել է դրան, բնական հավելաճի դրական ցուցանիշը միշտ նվազել է՝ բացառությամբ մեկ-երկու տարիների»։
1992-2002 թվականներին բնական աճը Հայաստանում նվազել էր 60 %-ով։ Սա ամենամեծ անկումն էր նախկին ԽՍՀՄ երկրների թվում, երկրորդ տեղում Վրաստանն էր՝ 57 %-ով։
1992 թվականին գրանցվել էր շուրջ 70 հազար ծնունդ, իսկ 2002 թվականին այդ ցուցանիշն իջել էր՝ հասնելով 32 065-ի։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, եթե 1992 թվականին Հայաստանում հաշվառված է եղել 3 մլն 633 հազար մարդ, ապա 2019 թվականին այս թիվը նվազել է 668.000-ով։
2020 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը տարեսկզբի համեմատ աճել էր շուրջ 8200-ով, սակայն դրա հիմնական պատճառը կորոնավիրուսն ու փակ սահմաններն էին:
Ծնելիության թվի նվազման պատճառները հասկանալու համար, ըստ փորձագետի, պետք է իրականացնել խորքային հետազոտություններ։ Իսկ ժողովրդագրական պատկերն ավելի հստակ կլինի, երբ ամփոփեն 2022 թ․-ի տարեկան տվյալները։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցչի կարծիքով՝ տարեվերջին ժողովրդագրական պատկերն այլ կլինի․
«Սովորաբար ժողովրդագրության մեջ ծնունդների գերակշիռ մասն ընկնում է տարեվերջի վրա»։
Անդրադառնալով Հայաստանի՝ ծերացող երկիր լինելուն՝ Հովհաննիսյանը պարզաբանել է, որ ՄԱԿ-ի սանդղակի համաձայն՝ եթե երկրում տարեցների տեսակարար կշիռը 7%-ից բարձր է, ապա այն համարվում է ծերացող։ ՀՀ-ում տարեցների տեսակարար կշիռը 14% է։
Փորձագետը կարծում է՝ պետք է փորձել օգտվել տարեցների ներուժից՝ խուսափելով նրանց դիտարկել որպես «բեռ», «առողջապահական կամ սոցիալական ծախս»։