Աշխատանք պատերազմի մասնակիցների համար․ ինչ է արվում Հայաստանում
Աշխատանք պատերազմի մասնակիցների համար
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների զբաղվածության ապահովումը Հայաստանում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է: Նրանցից շատերը վերադարձել են առողջական, հոգեբանական խնդիրներով։ Որպեսզի նրանց հաջողվի վերադառնալ բնականոն կյանքին, վերագտնել իրենց հետաքրքրություններն ու հոգեկան հավասարակշռության գալ, մասնագետները կարևորում են աշխատանք ունենալու գործոնը:
Այս խնդրի լուծման ուղղությամբ տարբեր ծրագրեր են իրականացվում տեղական ու միջազգային կազմակերպությունների, մասնավոր ու պետական կառույցների կողմից: Բայց և՛ շահառուները, և՛ ծրագրերն իրականացնողները փաստում են, որ դրանք բավարար չեն։
Իրավիճակի մասին՝ այն կազմակերպությունների տեսանկյունից, որոնք լուծում են տղաների զբաղվածության հարցը, նաև՝ հենց իրենց, վիրավորում ու հաշմանդամություն ստացած պատերազմի մասնակիցների:
- Անվտանգության գոտու պահանջ Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներից
- «Հայաստանը կարող է կրկնել Սինգապուրի հաջողությունը»․ Ռուսաստանից տեղափոխված գործարարներ
- Արցախից տեղահանվածները` Հայաստանի գյուղերում։ Անձնական պատմություններ
«Բիզնեսը զարգացնել ու ծառայակիցներին ապահովել աշխատանքով»
Մի քանի ամիս է, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Սուրիկ Բայաթյանը Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքում հիմնել է սեփական փայտագործական արհեստանոցը: Արհեստանոցն ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով ու գործիքներով: Այստեղ հիմնականում մեղվափեթակներ են պատրաստվում:
«Մեղվաբուծությունը մեր տարածաշրջանում զարգացման մեծ պոտենցիալ ունի: Մենք ավանդաբար, երկար տարիներ զբաղվել ենք մեղվաբուծությամբ. Նախ՝ պապիկս, հետո՝ հորեղբայրս, հիմա՝ ես: Մեղվափեթակներն անընդհատ ուրիշներից էինք գնում, ու միշտ մտածում էի, որ լավ կլիներ, եթե մենք ունենայինք մեղվափեթակների պատրաստման մեր արհեստանոցը»,- պատմում է Սուրիկը:
Սեփական արհեստանոցն ունենալու երազանքը հաջողվել է իրականություն դարձնել «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շնորհիվ:
Ծրագրին դիմել ու սեփական բիզնեսի հիմնման նախագծեր են ներկայացրել Արցախյան պատերազմի ավելի քան 400 մասնակից: Առաջին փուլով ընտրվել և ֆինանսական աջակցություն են ստացել 23-ը:
«Զինվորի տան» սոցիալական ծառայության ղեկավար Անուշ Ավետիսյանի խոսքով՝ պատերազմի մասնակիցները բավական ակտիվ ու մոտիվացված են դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու ու սեփական գործը հիմնելու առումով․
«Տղաներ ունենք, որոնք դիմել են ծրագրին, լավ միավորներ են հավաքել և հիմա սպասում են ծրագրի երկրորդ փուլին: Ներկայացված բիզնես նախագծերը շատ բազմազան են. ջերմոցի, արհեստանոցի, թռչնաբուծարանի, անասնաֆերմայի, կարի արտադրամասի, ֆոտոստուդիայի ու այլ ծառայությունների հիմնում։ Մեզ համար կարևոր է, որ, անկախ նախընտրելի ոլորտից, նմանատիպ ծրագրերի արդյունքում փոխվի նրանց կյանքի որակը, ու կարողանան ունենալ սեփական եկամտի աղբյուր»:
Սուրիկի ու ծառայակից տղաների համար սեփական բիզնեսի հիմնման, զբաղվածության խնդրի լուծումն այսօր առաջնահերթությունների շարքում է ոչ միայն սոցիալական ապահովվածության, այլ, նախ և առաջ, հոգեբանական խնդիրների հաղթահարման առումով:
«Պատերազմից հետո տղաներից շատերը դեռ ուշքի չեն եկել, նրանցից շատերն այլևս նախկինը չեն, այնպիսին չեն, ինչպիսին մենք գիտեինք նրանց պատերազմից առաջ: Այդ խնդիրը կա նաև իմ ընկերների շրջանում: Պետք է, որ նրանք հետաքրքրող ինչ-որ զբաղմունք ունենան, որպեսզի փորձեն տարվել այդ զբաղմունքով ու դուրս գան այդ վիճակից»,- ասում է Սուրիկը:
Նա առաջնագծում է եղել կրտսեր եղբոր ու հոր հետ, որը կամավորագրվել էր որդիներին կողքին լինելու համար: Սուրիկն ասում է՝ պատերազմի ժամանակ վիրավորվելուց ու հոսպիտալում հայտնվելուց հետո մտածում էր միայն օր առաջ առաջնագիծ վերադառնալու մասին՝ հոր ու եղբոր մոտ: Հիմա արդեն, երբ երեքն էլ վերադարձել են տուն, մտածում է բիզնեսը զարգացնելու ու ծառայակից մյուս տղաներին աշխատանքով ապահովելու մասին:
«Որքան աշխատողի կարիք զգացվի, մեր արհեստանոցում բոլորը պարտադիր պետք է լինեն պատերազմի մասնակիցներ»,- նշում է նա:
«Զինվորի տան» կողմից 2020-2022 թվականներին տարաբնույթ կրթական ծրագրեր են իրականացվել ավելի քան 600 երիտասարդների համար, նրանցից 120-ը պետական ու մասնավոր կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում տեղավորվել են աշխատանքի:
Այս կազմակերպությունը գործատուների ու պատերազմի մասնակիցների միջև կապող օղակ է հանդիսացել ստեղծման պահից։ Սոցիալական ծառայության ղեկավար Անուշ Ավետիսյանի դիտարկմամբ՝ հատկապես 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո ակտիվացել է գործատուների շահագրգռվածությունը՝ վիրավորված տղաներին աշխատանքի ընդունելու հարցում․
«Շատ դեպքերում գործատուներն իրենք են գալիս «Զինվորի տուն» և տղաներին առաջարկում աշխատանք՝ բարենպաստ պայմաններով: Մենք էլ փորձում ենք մեր կողմից աջակցել այդ նպատակին հասնելու համար»:
«Զինվորի տունն», ի թիվս այլ կառույցների, ակտիվորեն համագործակցում է Պետական եկամուտների կոմիտեի, Քաղավիացիայի կոմիտեի, Մաքսային ծառայության, մեծ թվով բանկերի, ՏՏ և լոգիստիկ ընկերությունների, նաև՝ արհեստագործական կազմակերպությունների հետ:
Գործատուները պատերազմի մասնակիցներին աշխատանքի ընդունելուց առաջ նաև կրթական ծրագրեր են իրականացնում նրանց համար: Վերապատրաստված ու աշխատանքի անցած տղաներից շատերը հաճախ կրկին վերադառնում են «Զինվորի տուն»՝ ծառայակից տղաներին իրենց ստացած հմտություններն ու փորձը փոխանցելու համար:
«Փորձում ենք օգնել երիտասարդներին վերադառնալ աշխատաշուկա»
2020-ի պատերազմի մասնակիցների համար մասնագիտական հմտությունների բարելավմանն ու զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրեր իրականացնող կազմակերպությունների թվում է նաև «Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիան»: Այս կազմակերպության «Նոր էջ» նախագծի շրջանակներում տարբեր կրթական ծրագրերի մասնակցելու ու նոր հմտություններ ձեռք բերելու համար դիմել է պատերազմի շուրջ 2000 մասնակից:
Պրոյեկտի շարունակականությունն ապահովելու համար ասոցիացիան այժմ ակնկալում է բարեգործական կազմակերպություննների ու անհատ բարերարների աջակցությունը:
Հիմնադրամի նախագահ Արփի Կարապետյանի խոսքով՝ նախագծի մեկնարկից առաջ աշխատանքային թիմն ուսումնասիրել է նոր հմտություններ սովորելու ցանկություն ունեցող երիտասարդների կարիքները, ապա՝ իրականացրել համապատասխան կրթական ծրագրեր՝ ըստ պահանջարկի․
«Այս կերպ փորձել ենք օգնել երիտասարդներին, որպեսզի նրանք վերաիմաստավորեն իրենց մասնագիտական կյանքը և վերադառնան աշխատաշուկա»:
Ծրագրին աջակցելու և իրենց փորձը տղաներին փոխանցելու ցանկություն են հայտնել տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 200 դասընթացավարներ ու 250 գործատուներ: Արդյունքում պատերազմի 45 մասնակից արդեն իսկ ապահովվել է աշխատանքով:
23-ամյա Տիգրան Մարգարյանը «Նոր էջ»-ի կրթական ծրագրերի շնորհիվ իր նախընտրած՝ բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտում աշխատանքի անցած մասնակիցներից է:
«Այսպիսի ծրագրերը պատերազմի մասնակիցներին հույս են ներշնչում, որ իրենք մոռացված չեն, մենակ չեն: Հույս, որ այս երկրում իրենք դեռ կարող են կայանալ: Հույս, որ կա շանս՝ սեփական կյանքը վերադասավորելու, ինքդ քեզ վերագտնելու համար»,- ասում է Տիգրանը։
Նա հատուկ շեշտում է՝ պատերազմի մասնակիցներն ունեն այդ հույսի կարիքը: Իսկ հասարակական տարբեր կառույցների կողմից իրականացվող ծրագրերին զուգահեռ նաև պետական մեծածավալ ծրագրերի իրականացման անհրաժեշտություն է տեսնում։ Այդպիսով օգտվողների թիվն ավելի մեծ կլինի, արդյունքը՝ ավելի նկատելի, կարծում է Տիգրանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյլալներով՝ տարբեր կառույցների հետ համագործակցության արդյունքում կրթական ու մասնագիտական ուսուցման ծրագրերի է մասնակցել 300-ից ավելի պատերազմի մասնակից կամ նրանց ընտանիքի անդամ:
2020թ.-ի պատերազմի ավարտից մինչև 2022թ.-ի փետրվար զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառվել, պետական ծրագրերով ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում աշխատանքով է ապահովվել 44-օրյա պատերազմի 131 մասնակից, պատերազմի մասնակցի ընտանիքի 174 անդամ, զոհվածի ընտանիքի 16 անդամ:
«Հայրենիքի պաշտպան» հիմնադրամի ղեկավար Հունան Հունանյանի խոսքով՝ պետական ծրագրերից օգտվողների թվի ավելացման համար նաև իրազեկվածության բարձրացման անհրաժեշտություն կա․
«Զբաղվածության ոլորտի պետական ծրագրերը բավականին հաջող են, բայց շատ դեպքերում պարզվում է, որ այդ ծրագրերի մասին տեղեկացված չեն թե՛ պատերազմի մասնակցիները, թե՛ գործատուները: Գործատուների մեծ մասը չգիտեն, որ կարող են համագործակցել զբաղվածության կենտրոնների հետ ու, հաշմանդամություն ստացած տղաներին աշխատանքի ընդունելով, օգտվել պետական փոխհատուցման ծրագրերից։ Խնդիրը մեղմելու նպատակով կազմակերպությունը փորձում է իրազեկման գործառույթ իրականացնել և կապող օղակ հանդիսանալ պետական կառույցի, գործատուների, պատերազմի մասնակիցների միջև»:
Հունանյանի դիտարկմամբ՝ պատերազմի մասնակիցների խնդիրներն այսօր անհատական մոտեցման, մանրակրկիտ ուսումնասիրության, ապա նաև՝ անհատական լուծումների կարիք ունեն․
«Նախ պետք է պետական մակարդակով ուսումնասիրվեն ու գնահատվեն տղաների կարիքները: Պետք է բոլորին անհատական տնայցեր անել, հասկանալ՝ ով ինչ կարող է անել, ով ինչ կարիքներ ունի: Եթե կարիքի ճիշտ գնահատում արվի, թե՛ պետության, թե՛ ՀԿ-ների ու թե՛ տղաների զբաղվածության ապահովման գործը բավականին կհեշտանա»:
Քանի դեռ այդ ամենն արված չէ, փորձում են հիմնադրամի կապերով ու բարեգործական ծրագրերի միջոցով օգնել նրանց, ովքեր ցանկանում են բիզնես գործունեություն ծավալել, բայց սարքավորումների կարիք ունեն: Կազմակերպության կողմից սարքավորումների տրամադրման ընթացիկ ծրագիրը հավաբուծության ու վարսահարդարման, խնամքի կենտրոնների ծառայությունների ոլորտում է:
Այս գործընթացի մեջ ներգրավված բոլոր մասնագետների կարծիքով՝ չնայած իրականացվող ծրագրերին, պետության ջանքերը դեռևս լիարժեք ու բավարար չեն։
«Միջոցներ, հավելյալ ջանքեր ու ռեսուրսներ են անհրաժեշտ բոլորի կարիքներն ու խնդիրներն ավելի արագ ու մեծ թափով հոգալու համար»,- նշում է Հունան Հունանյանը:
Այս տեսակետը կիսում է նաև «Զինվորի տան» սոցիալական ծառայության ղեկավար Անուշ Ավետիսյանը․
«Պետության կողմից ամեն ջանք ներդրվում է, որ տղաները կարողանան զբաղվածություն ունենալ։ Միգուցե ռեսուրսների բացակայությունն է, միգուցե որոշակի այլ մանր խնդիրներ կան, ինչի արդյունքում այդ բացն ամբողջությամբ չի փակվում:
Տղաներն ըմբռնումով են մոտենում հարցին ու ընդունում՝ բոլոր խնդիրները հնարավոր չէ միանգամից լուծել, բայց նրանց առաջնահերթ ակնկալիքը երկրից, կառավարությունից, հասարակությունից, մեկն է՝ պարզ, մարդկային ապրումակցումը»:
Աշխատանք պատերազմի մասնակիցների համար