Անսպասելի իրադարձություններ Ուկրաինայի հակամարտության գոտում
Ուկրաինայի հակամարտության գոտում անսպասելի իրադարձություններ են: Պատերազմի թատերաբեմ դարձած երկու ինքնահռչակ հանրապետություններից մեկում տեղի է ունեցել զինված հեղաշրջում և իշխանափոխություն: Խոսքը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, կամ ինչպես հաճախ ասում են՝ ԼԺՀ-ի մասին է:
Ընդ որում, ուժայիններին հեղաշրջումն իրականացնելու գործում օգնել են մյուս ինքնահռչակ հանրապետության՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) գործընկերները:
Իրադարձությունները զարգացել են դրամատիկ կերպով: ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկին ընդհարվել է ուժային կառույցների հետ, արդյունքում նրանց հետ պայքարում պարտվել է և փախուստի դիմել մի քանի համախոհների հետ: Իշխանության են եկել մարդիկ, որոնք հսկում են ուժային կառույցները, կատարվում են ձերբակալություններ:
Չճանաչված ԼԺՀ նախկին ղեկավար Իգոր Պլոտնիցկի REUTERS/Alexander Ermochenko
Երկու տարածքներն էլ՝ և՛ ԼԺՀ-ն, և ԴԺՀ-ն, գտնվում են Ուկրաինայի հարավ-արևելքում և վերահսկվում են տեղի անջատողականների կողմից՝ Ռուսաստանի ծպտյալ աջակցությամբ: Փորձագետների մեծ մասը տարակարծիք են այն հարցում, որ իրավիճակը, երբ մի հանրապետության ուժայիններն օգնում են տապալել իշխանությունը մյուսում, պատահականություն չէ:
Շատերը ենթադրում են, որ այդ ամբողջ պատմությունը, միգուցե, փորձ է Ռուսաստանի կողմից՝ միավորելու ապստամբ և Մոսկվային հավատարիմ երկու տարածքները և դրանով իրավիճակն ավելի կառավարելի դարձնելու:
Փորձագետների մեծ մասը, սակայն, պնդում է, որ նման փոփոխությունների համար հարմար ժամանակ չի ընտրվել:
Բանն այն է, որ Ուկրաինայի հակամարտության գոտում գործընթացների միակ միջազգային կարգավորողը այսպես կոչված Մինսկի համաձայնագրերն են: Դրանք ստորագրվել են 2014թ. և 2015թ. Մինսկում, փաստաթղթերի տակ դրված են ԵԱՀԿ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի ներկայացուցիչների և ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ստորագրությունները:
Այժմ ձևավորվում է անորոշ իրավիճակ: ԼԺՀ-ն չի ճանաչել կարգավորման գործընթացի ոչ մի մասնակից, այդ թվում Ռուսաստանը, և փաստաթղթի տակ իր ստորագրությունը դրած ԼԺՀ առաջնորդ Իգոր Պլոտնիցկին անձամբ հանդիսանում է ԼԺՀ-ի կողմից դրանց իրականացման միակ երաշխավորը:
Այժմ նա փախուստի է դիմել, և ինչ է լինելու պայմանագրերի հետ՝ պարզ չէ:
«Նովայա գազետա»-ն գրում է, որ իրադարձությունները կարող են զարգանալ երեք հնարավոր սցենարներով.
- Պլոտնիցկիի վերադարձ և նրա վերահսկողության վերահաստատում ԼԺՀ ուժային բլոկի վրա:
- Պլոտնիցկիի փոխարինում Լուգանսկի «վերնախավի» մեկ այլ ներկայացուցչով՝ պահպանելով իշխանության ձևավորված կառուցվածքը ինքնահռչակ հանրապետությունում:
- ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի միավորում և նոր ինքնահռչակ հանրապետության ձևավորում
Գլխավոր միջանկյան արդյունքը սակայն նրանում է, որ այդ սցենարներից ոչ մեկ չի նպաստի Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանը, իսկ երրորդը դրանք պարզապես կչեղարկի:
Մոսկվան իրադարձությունները չի մեկնաբանել: Կիևի կողմից առայժմ հնչել է միայն նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը, որն ասել է.
«Խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են իրավիճակի ցանկացած զարգացման»: