«Անուղղակի սպառնալիքնե՞ր». Մոսկվայի ուղերձները եռակողմ հանդիպումից առաջ
Ռուսաստանի արձագանքը Արևմուտքի ակտիվությանը
«Արևմուտքն ակնհայտորեն փորձում է Ուկրաինայում փորձարկված առճակատման սցենարները տեղափոխել Անդրկովկաս։ Մենք տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվային չեն կարող չանհանգստացնել Հարավային Կովկասում թափ առնող «մտահոգիչ միտումները»: Զախարովան հանդես է եկել ծավալուն մեկնաբանությամբ՝ անդրադառնալով Արևմուտքի ներգրավվածությանը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, նաև Երևանի և Մոսկվայի վերջին շրջանում սրված հարաբերություններին:
JAMnews-ը զրուցել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ ու փորձել պարզել՝ Փաշինյան-Պուտին-Ալիև սպասվող հանդիպման ֆոնին ի՞նչ են նշանակում Զախարովայի հայտարարությունները:
Այսօր Կրեմլի խոսնակն ասել է, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցկացվելու են Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցություններ: Անցկացման վայրի ու ժամկետների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել:
Ռուսական «Վեդոմոստի» պարբերականի տեղեկություններով՝ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի վերջին: Պաշտոնական Երևանն այս լուրերը չի հերքել, բայց չի էլ հաստատել:
Ի՞նչ է հայտարարել Զախարովան
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ այդ նպատակով «Վաշինգտոնի և Բրյուսելի պատվերով» գործում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք էլ ձգտում են հայ հասարակության մեջ «հակառուսական տրամադրություններ սերմանել»:
Զախարովան ասել է, թե «Երևանին և Մոսկվային գժտեցնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվելու»:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ Արևմուտքն «աննրբանկատ մոտեցում» է ցուցաբերում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ։
«Հաշվի չի առնվում խնդրի ո՛չ տարածաշրջանային առանձնահատկությունը, ո՛չ էլ հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված լուծումների մշակումն է, այլ ինքնագովազդը և Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելը»,- նշել է նա:
Զախարովան ևս մեկ անգամ հնչեցրել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, թե Արևմուտքը փորձում է յուրացնել եռակողմ ձևաչափով գրանցած հաջողությունները.
«Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Դա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել դժվարին պայմաններում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա»:
Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքները նա անհիմն է որակել:
Ուշագրավ է, որ հակառակի վերաբերյալ փաստեր Զախարովան չի ներկայացրել, միայն հիշեցրել է, որ Ռուսաստանն է դադարեցրել Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ու տեղակայել խաղաղապահներ, որոնք խաղաղություն և կայունություն են բերել տարածաշրջան։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերմանը հասնելու արտաքին ուժերի փորձերը ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը»,— շեշտել է արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:
Զախարովայի փոխանցմամբ՝ «Ռուսաստանը վճռական է ամրապնդել Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցությունն ու բազմակողմ համագործակցությունը», ինչը թույլ կտա առկա մարտահրավերները հաղթահարել միասին:
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հիշատակումն անուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքը ոչինչ չի նախաձեռնել Ուկրաինայում, ագրեսիա և ներխուժում է իրականացրել Ռուսաստանը:
«Եթե նրանք այդ սցենարի և Հայաստանում տեղի ունեցող իրողությունների միջև զուգահեռներ են անցկացնում, անուղղակի կերպով սպառնում են, թե՝ տեսեք, Ուկրաինայում ինչ է ծավալվել, նույնը ձեզ մոտ կլինի»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Սիմոնյանը:
Ասում է՝ Մոսկվան մշտապես փորձելու է Երևանին սցենարներ պարտադրել: Հնչող հայտարարությունները ևս վկայում են այդ մասին:
Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում բանակցային գործընթացը ռուսական հարթակներ տեղափոխելու փորձ չի արվելու:
«Այդ հանդիպմանը զուտ տարանցիկ ուղիների հետ կապված քննարկում է ծավալվելու: Մերկանտիլ շահերով պայմանավորված՝ հստակ առաջադրանքներ են դնելու, փորձելու են շանտաժի միջոցով իրենց մոտեցումներն առաջ մղել»:
Սիմոնյանի խոսքով՝ այստեղ է, որ վճռորոշ դեր են խաղալու Հայաստանի դիմադրողականության աստիճանն ու Արևմուտքի օժանդակության չափը: Հիշեցնում է՝ Միացյալ Նահանգների գործուն միջամտության շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան:
Ըստ նրա՝ Արևմուտքը զբաղված է ռեալ քաղաքականությամբ, ոչ թե ինքնագովազդով, ինչպես պնդում է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նկատում է՝ նման հայտարարություններով պաշտոնական Մոսկվան փորձում է իրավիճակը ճոճել, ինչը տեղավորվում է ՌԴ-Արևմուտք հակամարտության համատեքստում:
Քաղաքագետի գնահատմամբ՝ սպասվող եռակողմ բանակցությունները կարելի է դիտարկել որպես «նահանջ քայլ» Հայաստանի դեմ ագրեսիա կիրառող բևեռի կողմից:
«Եթե նախկինում նրանք [Ռուսաստանն ու Ադրբեջանը] բիրտ ուժի կիրառմամբ էին ուզում հարցը կարգավորել, ապա հիմա փորձում են բանակցել: Այսինքն՝ դե ֆակտո ընդունում են Հայաստանը որպես այդ կոմունիկացիոն ուղիների կողմ, ճանաչում են Սյունիքի նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունը»:
Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ եթե առաջիկա հանդիպման ընթացքում չկարողանան Հայաստանին պարտադրել և ստիպել, հավանաբար կքննարկեն «ինչ-որ փոխադարձ շահավետ մոդելներ»:
Քաղաքագետն ասում է՝ շրջանառվում է հիպոթեզ, ըստ որի՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ընթանում էր միջանցքային տրամաբանության համատեքստում:
«Պատերազմը կանգնեցվեց, որովհետև բուն նպատակը ԼՂ-ի նկատմամբ վերահսկողության հաստատումը չէր, այլ շանտաժի հարթակ ձևավորելն էր, որ ապագայում կարողանան Սյունիքի նկատմամբ իրենց ռազմաքաղաքական նկրտումները զարգացնել և Հայաստանի վրա ճնշում գործադրել, որպեսզի դա իրականություն դառնա»,- ամփոփել է Սիմոնյանը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ռուսաստանի արձագանքը Արևմուտքի ակտիվությանը