Հայաստանի 3594 քաղաքացի օգտվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագրից
Անհուսալի վարկեր ունեցողների աջակցման ծրագիր
Հայաստանի կառավարությունը ևս 209 միլիոն դրամ կհատկացնի անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցելու համար։ Նախորդ տարվա դեկտեմբերին հաստատված ծրագրին մասնակցելու համար դիմել է 9630 քաղաքացի։ Դիմումներից 3594-ը հաստատվել են։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ լրացուցիչ միջոցները կուղղվեն ապրիլ և մայիս ամիսների ֆինանսավորմանը։
«Հաշվարկի հիմքում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2025 թվականի փետրվար և մարտ ամիսների ընթացքում դիմած շահառուների միջին թիվը կազմում է շուրջ 1500 անձ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
- 10 մահ՝ 4 ամսում․ Հայաստանի բանտերում իրավիճակը մտահոգիչ է
- ՀՀ կառավարությունը լրացուցիչ ծրագիր կգործարկի ԼՂ-ից տեղահանվածների համար
- ՀՀ-ում մեկ տարում գրեթե եռակի ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը
Դիմումները կընդունվեն մինչև 2026 թ․-ը
«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» ծրագրի տևողությունը առավելագույնը 24 ամիս է։ Դիմումների ընդունումը մեկնարկել է այս տարվա փետրվարի 1-ից և շարունակվելու է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։
«Փետրվար ամսվա դիմումների հիման վրա մարտին վճարում է կատարվել 1896 շահառուի համար՝ ընդհանուր 70 միլիոն դրամի չափով։ Մարտին ծրագրին միացել է ևս 1072 շահառու, որոնց վճարումը կիրականացվի ապրիլին»,- տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը։
«Պոտենցիալ շահառու է 218 հազար քաղաքացի»
Այս ծրագրին մասնակցելու համար պարտադիր պայման է դիմելու պահին գրանցված աշխատանք ունենալը։ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ ծրագրի պոտենցիալ շահառու է հանդիսանում 218 հազար քաղաքացի․
«Սակայն նրանցից 40․600-ը ծրագիրը մեկնարկելու դրությամբ ունեին զբաղվածություն։ Կարծում ենք՝ մինչև 2026 թ հունվարի 31-ը ևս առնվազն 90 հազար անձ կկարողանանք ներգրավվել։ Արդյունքում կունենաք թիրախ խմբի առնվազն 60 տոկոսի (131 հազար անձ) ներգրավում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ այդ 40 հազար քաղաքացիները պետք է օր առաջ դիմեին ծրագրին մասնակցելու համար։
«Պետք է հասկանալ՝ մարդիկ տեղյա՞կ չեն, թե՞ այլ խնդիր կա»,- նկատել է վարչապետը։
Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ 9630 դիմումներ են ստացվել, սակայն 3594-ն է հաստատվել։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ ի սկզբանե որոշմամբ չեն նախատեսվել մեխանիզմներ լուծարված ֆինանսական կազմակերպություններում վարկային պարտավորություններ ունեցող անձանց համար։
Գերատեսչությունը նախատեսում է առաջիկա շաբաթներին առանձին որոշմամբ սահմանել նաև այդ անձանց՝ ծրագրի շահառու դառնալու պայմանները։
Ի՞նչ է ենթադրում ծրագիրը
Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում այն ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը վերջին երեք և ավելի տարիների ընթացքում դասակարգվել են որպես անհուսալի։ Քաղաքացու վարկի մայր գումարի գծով պարտավորությունը չպետք է գերազանցի 1 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։
Աջակցությունը տրվում է հետևյալ կերպ՝ պետությունը շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարը 100%-ով ուղղում է նրա վարկային պարտավորության մարմանը։
Այս ծրագրի նպատակը անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների տնտեսական ակտիվությունը խթանելն է։
«Նպատակն է աջակցել աշխատաշուկայից (ֆորմալ զբաղվածությունից) դուրս մնացածներին կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցողներին, որոնք ունեն անհուսալի վարկային դասով դասակարգված վարկային պարտավորություններ՝ վերականգնելու իրենց տնտեսական ակտիվությունը՝ աշխատաշուկա վերադառնալու միջոցով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Անհուսալի վարկեր ունեցողների աջակցման ծրագիր