Անկլավները՝ հայ-ադրբեջանական դիմակայության կղզյակներ
Անկլավների փոխանակում կամ վերադարձ
Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտն այս երկրների սահմաններից դուրս ընկալվում է Արցախան հարցի համատեքստում։ Սակայն երկկողմանի օրակարգը զգալիորեն ընդլյանվել է, հատկապես՝ 2020 թ-ի 44-օրյա պատերազմից հետո։ Երևանն ու Բաքուն այժմ բանակցություններ են վարում տրանսպորտային կոմունիկացիաների բացման, խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ։ Այդ օրակարգում կա Հայաստանի համար ևս մի կարևոր թեմա՝ անկլավները։
- Հայաստան-Ադրբեջան․ խաղաղության պայմանագրի ստորագրում՝ չնայած տարաձայնություններին
- Հայաստանն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ իրավիճակի վերաբերյալ գնահատականներ՝ հայ փորձագետներից
- Հայաստանի նոր նախագահը․ ո՞վ է նա, և ի՞նչ է մտադիր անել
Ի՞նչ են անկլավներն, ու ո՞ր բնակավայրերի մասին է խոսքը
Անկլավի տարածված սահմանումը հետևյալն է․ մի պետության տարածք կամ դրա մի մասը, որը բոլոր կողմերից շրջապատված է մեկ այլ պետության տարածքով։
Ադրբեջանը Հայաստանում երեք անկլավ ունի, որոնք ներառում են վեց գյուղ։ Դրանք գյուղեր են միայն թղթի վրա։ Այնտեղ, որտեղ նախկինում ադրբեջանական բնակավայրեր էին, այժմ ոչ ոք չի ապրում, շինություններ չեն մնացել։ Նույն իրավիճակն է Ադրբեջանի տարածքում հայկական միակ անկլավում՝ Արծվաշենում (Ադրբեջանում գյուղն անվանում են Բաշքենդ)։
Ադրբեջանական անկլավները Հայաստանում գտնվում են Տավուշի և Արարատի մարզերում։ Դրանք են Բաղանիս-այրումը, Ներքին Ոսկեպարն (Աշաղը Ասքիպարա) ու Վերին Ոսկեպարը (Յուխարը Ասքիպարա), Բարխուդարլին, Սոֆուլուն և Տիգրանաշենը (Քյարքի)։
Այս բնակավայրերը Հայաստանին են անցել 90-ականների ռազմական գործողություններից՝ Արցախյան առաջին պատերազմից հետո։ Արծվաշեն գյուղն, իր հերթին, անցել է Բաքվի վերահսկողության տակ։ Բնակավայրերից ոչ մեկում ռազմական գործողությունների հետևանքով բնակիչներ չեն մնացել։
Ինպե՞ս են առաջացել անկլավներն ու ինչո՞ւ են դրանք խնդիր դարձել
Հայտնի է, որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքում անկլավները հայտնվել են խորհրդային տարիներին։ Սակայն, թե որ որոշումների կամ օրենսդրական նորմերի հիման վրա են այդ հողերը փոխանցվել մյուս խորհրդային հանրապետությանը, պարզ չէ, ասում է քարտեզագետ Շահեն Շահինյանը․
«Այս պահի դրությամբ հայտնի չեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա այդ փոխանակումն արվել է։ Կան որոշումներ, որոնք կայացվել են Մոսկվայում, եղել են նաև բանավոր հիմնավորումներ։ Հիմնական թեզը հետևյալն է․ տարածքները փոխանցվել են այն պատճառով, որ դրանց բանկիչների մեծ մասը հարևան հանրապետության ներկայացուցիչ է եղել»։
Այլ կերպ ասած՝ Հայաստանում կարծում են, որ տարածքների փոխանցման որոշումն անհիմն է ընդունվել։
«1920-ականներին այս ադրբեջանցիները և այս գյուղերը Խորհրդային Հայաստանի մաս էին կազմում: Որոշ հանգամանքների ազդեցության տակ տեղի է ունեցել փոխանակում: Մենք որոշ տարածքներ ստացանք Խորհրդային Ադրբեջանից, և այդ անկլավները ստեղծվեցին։ Խորհրդային երկու հանրապետությունների միջև սահմանները փոփոխվում էին 5-10 տարի պարբերականությամբ։ Եվ այդ գործընթացը ոչ մի կերպ չէր կարգավորվում, ամեն ինչ որոշվում էր տեղի ղեկավարների մակարդակում, ընդ որում՝ նույնիսկ ոչ թե հանրապետությունների առաջնորդների, այլ տեղի կուսակցական գործիչների», — ասում է լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը երկար տարիներ ուսումնասիրել է անկլավների խնդիրը։
Խորհրդային տարիներին քչերը կարող էին ենթադրել, որ մեծ երկիրը կփլուզվի, իսկ հանրապետությունների միջև պայքար կսկսվի հողի յուրաքանյուր կիլոմետրի համար։ Կռվախնձոր են դարձել նաև անկլավները։
Բաց են մնում հետևյալ հարցերը․
· Ո՞վ և ինչո՞ւ է որոշել տարածքային փոփոփոխություններ կատարել։
· Ինչո՞ւ այժմ այդ փոփոխությունները պետք է իրավաբանական ուժ ունենան։
Այս դիրքորոշումը կիսում է ոչ միայն Հայաստանի փորձագիտական հանրությունն, այլև երկրի ղեկավարությունը։
«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք պետք է հասկանանք, լավ, քարտեզի վրա որ անկլավը նկարած է, դա ի վերջո ի՞նչ իրավական հիմք ունի, դա իրավական հիմք ունի՞, թե՞ չունի: Թե՞ դա ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է, երկու կոլխոզների որոշում, որ այս մի կոլխոզը այս մի տարածքը նվիրում է Ադրբեջանին և այլն: Դա իրավական հիմք ունի՞: Այդ հարցերը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի պրոցեսում պետք է քննարկենք։ Մենք մեծ կասկածներ ունենք այդ գործողությունների իրավական հիմքերի վերաբերյալ», — ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչո՞ւ է անկլավների հարցն արդիական դարձել
Թեև այս մասին պաշտոնապես չի խոսվում, անկլավների թեման ներառված է Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Իլհամ Ալիևը պնդում է, որ այս հարցը պետք է քննարկել և լուծել, այս մասին նա հայտարարել է իր բազմաթիվ հարցազրույցներում։
2021 թ-ի ամռանը հայտնի դարձավ մի փաստաթղթի մասին, որը Հայաստանի իշխանությունն իբր պատրաստվում էր ստորագրել։ Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Երևանը համաձայնում էր անկլավներն Ադրբեջանին փոխանցել Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման դիմաց, դրանք այստեղ են ներխուժել մայիսից։ Փաստաթուղթն այդպես էլ չստորագրվեց։
Հայաստանի վարչապետը, չնայած իրավաբանական խնդիրներին, կարծում է, որ անկլավների հարցով պետք է երկկողմանի ընդունելի որոշում կայացվի։ Նրա խոսքով՝ կա ընդհանուր տրամաբանություն, որը հիմնված է միջազգային պրակտիկայի և իրավունքի վրա․
«Այն իրավիճակը, որ կա, արձանագրված է, այդ իրավիճակն ուղղակի թողնում են, որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշենը ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Եվ մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, և այն, ինչ որ իրանց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»։
Դեռևս հայտնի չէ, արդյոք Բաքուն համաձայն է այս տարբերակին, չէ՞ որ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներն ավելի շատ են, քան հայկականներն՝ Ադրբեջանի տարածքում։
Ներկայիս իրավիճակի պահպանումից՝ տարածքների փոխանակումից զատ՝ կա անկլավների խնդրի մեկ այլ լուծում․ կողմերը կարող են վերադարձնել միմյանց տարածքները, այսինքն՝ փաստացի ընդունել տարածքային բաժանումը, որը եղել է Խորհրդային Միության տարիներին։ Սա կնշանակի, որ Բաքուն կվերադարձնի իր երեք անկլավներն, իսկ Երևանն՝ իր մեկը։
Արդյո՞ք սա ձեռնտու է Երևանին
Տարածքների վերադարձի տարբերակը շահեկան է Ադրբեջանի և որոշակի խնդիրներ է պարունակում Հայաստանի համար։ Եթե Բաքուն վերահսկողություն ստանա անկլավների նկատմամբ, Հայաստանի որոշ բնակավայրեր կհայտնվեն ադրբեջանական դիրքերից մի քանի մետրի վրա։
Ազատամուտ գյուղը սահմանամերձ է համարվում։ Այստեղից մինչև մարտական դիրքեր մեկ կիլոմետր էլ չկա։ Հարևան երկրի բնակավայրերը երևում են անզեն աչքով։
Ազատամուտը բլրի վրա է, սարի հետևում արդեն Ադրբեջանն է։ Շուրջը ժանգոտած երկաթուղային գծերն են, որոնք տանում են հարևան երկիր։ Այստեղով գնացքները դադարել են շարժվել արդեն Արցախյան առաջին պատերազմի մեկնարկից ի վեր։
Ազատամուտի բնակիչները դեռ հիշում են այն ժամանակները, երբ ադրբեջանական գյուղերը շատ մոտ էին։ Ադրբեջանին այդ տարածքների հնարավոր վերադարձի մասին խոսակցություններն ազատամուտցիները լսել են, բայց աշխատում են դեռ չանհանգստանալ, որովհետև պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։
«Հեռուստացույցով ենք լսել, մարդիկ խոսում են անկլավների մասին։ Ալիևն ասել է, որ մինչև վերջին հողը պետք է վերցնի։ Թե որքանով է դա ճիշտ, չգիտեմ։ Մարդիկ ապրում են խաղաղ, իրենց համար։ Եթե այդ հողերը վերցնեն, վնաս է։ Որ մոտ գան, ժողովուրդն արդեն անհանգիստ կլինի», — ասում է գյուղի բնակիչ Հրանտ Բաղդասարյանը։
Անվտանգության հարցերից զատ՝ անկլավների վերադարձը հղի է նաև այլ խնդիրներով։ Օրինակ՝ Ազատամուտը կկորցնի իր արոտավայրերի մի մասը։ Անասունների համար կերի բացակայության և ադրբեջանական դիրքերի անմիջական հարևանության պայմաններում այս բնակավայրի ապագան բավականին կասկածելի է դառնում։
Սակայն Հայաստանի հիմնական խնդիրը, եթե այս տարածքները Բաքվին փոխանցվեն, կապված է ճանապարհների հետ։
Ադրբեջանական անկլավները միջպետական նշանակության երկու ճանապարհներին շատ մոտ են։
«Եթե այդ անկլավներն Ադրբեջանին փոխանցվեն՝ Տավուշում առաջնագիծը կխախտվի․ ադրբեջանցիները կհայտնվեն մեր զորքերի թիկունքում։ Հայաստանը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները չեն փակել Տավուշից Վրաստան և Ռուսաստան կամ Սյունիքից Իրան տանող ճանապարհները։ Եթե դա տեղի ունենա, ինչը բավականին իրատեսական սցենար է հնարավոր սրացման դեպքում, երկիրը համատարած շրջափակման մեջ կհայտնվի», — կարծում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Տիգրանաշեն անկլավը Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանին մոտ է։ Այստեղով էլ անցնում է Երևան-Գորիս-Կապան-Իրանի սահման հանրապետական մայրուղին։ Եթե Տիգրանաշենն անցնի Բաքվին, և այդ տարածքում տեղակայվեն հարևան երկրի զինված ուժերը, ապա Ադրբեջանը լիակատար վերահսկողություն կստանա Հայաստանի գլխավոր լոգիստիկ զարկերակի նկատմամբ։ Կարող է Գորիս-Կապան ճանապարհի նման իրավիճակ ստեղծվել, որտեղ որոշ հատվածներում Ադրբեջանն արդեն անցակետեր է տեղադրել։
Եվս մեկ խնդրահարույց հատված է М-4 մայրուղին, որը Երևանը կապում է երկրի հյուսիսի հետ և հասնում Վրաստանի սահման։ Վերին և Ներքին Ոսկեպար գյուղերի կորստի դեպքում այդ մայրուղին կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ էության, Հայաստանը կարող է կտրվել Վրաստանից և Իրանից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ինչ էլ լինի, այս պահին ամենահավանական սցենարը ներկայիս իրավիճակի պահպանումն է թվում, երբ կողմերը պարզապես փոխանակվում են անկլավներով։ Այս մասին իր վերջին հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դա օգնում է խուսափել շատ խնդիրներից, որոնք կառաջանան անկլավների վերադարձի դեպքում։ Արդյոք կողմերն ընդհանրապես որևէ որոշման կգան, կախված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների զարգացումից։