Անկախ պարբերականի լրագրողը ծեծվել է Բաքվի ոստիկանական բաժանմունքում
Բաքվում բողոքի ակցիայի լուսաբանման ընթացքում ձերբակալվել է երեք լրագրող, որոնք ներկայացնում են անկախ պարբերականներ։ Նրանցից մեկին՝ Ֆաթիմա Մովլամլիին, ծեծել են ոստիկանական բաժանմունքում։ Սա լրագրողների ձերբակալման առաջին դեպքն էր Ադրբեջանում «Մեդիայի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր, որը քննադատում են և՛ տեղացի, և՛ միջազգային փորձագետները։
- Հայտնաբերվել է 1,7 միլիարդ դոլարանոց կոռուպցիայի փաստ Կասպից ծովի խոշոր նախագծում
- Հայ-ադրբեջանական սահման, անվտանգություն և լրագրողներ
- «Մեդիայի մասին» օրենք Ադրբեջանում․ Ղարաբաղի մասին խոսելն էլ ավելի կդժվարանա՞
2022 փետրվարի 15-ին ադրբեջանական բանակի՝ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներից մի քանիսի մայրերը բողոքի ակցիա են անցկացրել նախագահական վարչակազմի շենքի մոտ։ Կանայք պահանջում էին իրենց որդիներին շեհիդի կարգավիճակ շնորհել։
Շեհիդի կարգավիճակն Ադրբեջանում տրամադրվում է պատերազմում և մարտական խնդիրների կատարման ժամանակ զոհվածներին։ Այդ կարգավիճակը նրանց ընտանիքներին տալիս է 11 հազար մանաթ [մոտ $6,5 հազար] միանվագ գումարի, բնակարանային պայմանների բարելավման և ամսական նպաստի հնարավորություն։
Բողոքի ակցիայի ժամանակ երեք լրագրող է ձերբակալվել, որոնք ներկայացնում էին անկախ լրատվամիջոցները՝ Ֆաթիմա Մովլամլին, Սևինջ Սադիղովան և Թեյմուր Քերիմովը։
Շուտով Թեյմուր Քերիմովը սոցցանցի իր էջում հաղորդեց, որ իրեն ձերբակալել են պետական պահպանության հատուկ ծառայության աշխատակիցները։ Վնասվել է նրա ձեռքը։ Քերիմովն ազատ է արձակվել ձերբակալությունից մի փոքր անց։
Իսկ լրագրողներ Ֆաթիմա Մովլամլիին ու Սևինջ Սադիղովին տարել են ոստիկանական բաժանմունք։ Նրանք ազատ են արձակվել մի քանի ժամ անց։
Ձերբակալված Ֆաթիմա Մովլամլին JAMnews-ին տված հարցազրույցում պատմել է ոստիկանական բաժանմունքում իր վերապրածի մասին։
«Նկարահանման ժամանակ ոստիկանները հարձակվեցին մեզ վրա և խլեցին Սևինջ Սադիղովայի հեռախոսը։ Ես նրանց թույլ չտվի վերցնել հեռախոսս։ Մեզ մեքենա նստեցրին և տարան ոստիկանական բաժանմունք»։
Հենց մտա բաժանմունքի շենք, ինձ հրեցին գցեցին հատակին։ Սևինջին ոչ ոք ձեռք չտվեց։
Հենց ես ընկա, ինձ սկսեցին հարվածել ոտքերով։ Դա սարսափելի էր։ Շատ էին հայհոյում։ Ասում էին, որ ես նրանց զզվեցրել եմ, «ոչինչ ինձ խելքի չի բերում»։
Ինձ բարձրացրին և տարան հերթապահ մաս։ Իսկ այնտեղ արդեն ինձ սպասում էր բաժանմունքի ողջ ղեկավարությունը։ Եվ նրանց ներկայությամբ ինձ կրկին սկսեցին նվաստացնել։ Բայց ես էլ այդ վիրավորանքներն անպատասխան չէի թողնում։ Իմ պատասխաններից բորբոքվելով՝ նրանք կրկին ինձ գցեցին հատակին ու սկսեցին ծեծել։
Ավելի ուշ մեզ տարան ոստիկանության քաղաքային գլխավոր վարչություն։ Մեզ ասացին՝ դիմում գրենք։ Բայց ես պատասխանեցի, որ այդտեղ ոչ մի դիմում էլ չեմ գրելու, այլ բողոքելու եմ գլխավոր դատախազություն։ Եվ եթե ուզում եք ինձ օգնել, օգնեք ոստիկանության բաժանմունքի տեսագրությունները ստանալ։ Ինձ պատասխանեցին, որ տեսախցիկներն այնտեղ կարող են անսարք լինել։
Վաղն առավոտյան գնալու եմ մարմնական վնասվածքների բժշկական վկայության։ Իսկ ավելի ուշ դիմում կգրեմ դատախազություն ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողությունների դեմ», — պատասխանել է «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի աշխատակից Մովլամլին։
Սա լրագրողների ձերբակալման առաջին դեպքն է Ադրբեջանում «Մեդիայի մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։
Այդ փաստաթուղթը, որն Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է 2021թ-ի դեկտեմբերի 30-ին, իսկ նախագահը ստորագրել 2022 թ-ի փետրվարի 8-ին, բացասական արձագանք է ստացել Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս։ «Մեդիայի մասին» օրենքն անկախ պարբերականների աշխատակիցներին գրեթե զրկում է լրագրողի կարգավիճակից։