Անինա Թեփնաձե, Թբիլիսի
«Քիչ բան կա, որ նպաստում է մտորելուն այնպես, ինչպես ինքնաթիռը, գնացքն ու նավը: Մեր մտքերն ու մեր առջև բացվող տեսարանները սերտորեն կապված են: Մեծ մտքերին լայն հորիզոն է պետք, նոր մտքերին՝ նոր վայրեր»:
Ճամփորդելու արվեստը, ֆիլմ 2008թ.:
Նվերները ճամպրուկից հանվել և դրվել են իրենց տեղը, ճամփորդության օրերի ընթացքում ինձ վրա եղած հագուստը մաքրվում է լվացքի մեքենայում, անձնագիրը վերադարձել է իր տեղը, իսկ բջջայինիս ժամը դեռ ուղղված չէ:
Հետաքրքրվողներին նույն բանն եմ ասում. Բարսելոնայում ջերմ ու աղմկոտ մարդիկ են ապրում, կանայք ու տղամարդիկ ամբողջովին պատված են դաջվածքներով, եղանակը՝ հիանալի է: Ոչ, վրացիներին նման չեն: Բացատրում եմ. ծովափին շատ ժամանակ չեմ անցկացրել, հիմնականում՝ փառատոնին եմ եղել: Իսկ հագուստ չեմ գնել, քանի որ գումարս չի հերիքել:
Սագրադա Ֆամիլիա տաճարը տեսել եմ գիշերը, իսկ Ցիտադելի այգում հաճույքով կմնայի թեկուզև անօթևանի կարգավիճակով: Քանի դեռ Թբիլիսիում անդադար անձրևում էր, եղա Բարսելոնայի բոլոր փոքր փողոցներում և նրբանցքներում: Ոտքերս պարբերաբար անզգայանում էին հոգնածությունից, հետո հետ էին գալիս: Կենդանի լսել եմ Radiohead, Air և PJ Harvey, սակայն ինձ ավելի շատ դուր եկավ ոչ այնքան հայտնի դի-ջեյ Մասեո Փլեքսը:
Խոտածածկին էլ եմ քնել, և երբ փողոցում ինչ-որ անսովոր բան էի նկատում, սիրելիիս ձեռքն ամուր սեղմում էի: Չնայած՝ այս ճամփորդությունից հուշանվերներից, լուսանկարներից ու «հանգստացած թարմ դեմքից» բացի ավելի կարևոր մի բան եմ բերել՝ ճանապարհորդի փորձ:
Այսպիսով, 5 դաս, որոնք քաղել եմ այս ճամփորդությունից:
1. Հարմարավետությունը կենսական կարևորություն չունի
Ամեն ինչ չես կարող հետդ վերցնել, և դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Մազերն առանց հարդարիչի էլ են լավ չորանում, փափուկ խալաթն էլ ոչ մի տեղ չի կորչի: Ֆոտոխցիկն առաջին ճամփորդությանը հաճույքով ես վերցնում, իսկ երկրորդի ժամանակ հիշում ես, թե որքան էիր ծուլանում այն քարշ տալ և սահմանափակվում ես հեռախոսի տեսախցիկով: Որքան շատ ես ճամփորդում, այդքան ավելի պակաս իրեր են անհրաժեշտ դառնում: Եթե ամբողջ տունը հետդ տանես, ծանոթ շրջապատից փախչելու իմաստը ո՞րն է:
2. Ճամփորությունը քեզ պակաս հավակնոտ է դարձնում
Սեփական քաղաքում հաստատ գիտես, թե որտեղ արժե հաց ուտել, որտեղ՝ ոչ: Ի սրտե խոստովանեմ, որ Թբիլիսիում հաճախ եմ հրաժարվել գնալ որևէ էժան սրճարան հենց այն պատճառով, որ սպասարկումը վատն է, և սովորաբար լիքն է լինում: Բարսելոնայում ընդհակառակը, էժան սննդի ու գարեջրի որս կազմակերպեցի: Իհարկե այն սրճարանում, որտեղ տեղավորվեցի, մատուցողը պատվիրածիս փոխարեն այլ ուտեստ բերեց, որը համով էլ չէր, սակայն չէի բողոքում: Հավանաբար պատճառն իմ կոտրտված իսպաներենն էր:
3. Հարմարավետ կոշիկ գոյություն չունի
Ցանկացած կոշիկ անհարմար է դառնում 10 ժամ ոտքի վրա կանգնելուց և 14 ժամ քայլելուց հետո: Մոդելների մեծ մասը հաշվարկած չէ ճամփորդելու համար: Այնուամենայնիվ, խելքով ընտրեք այն:
4. Ժամանակ նույնպես գոյություն չունի
Երկուշաբթին ծանր օր չի լինի, եթե չհիշել դրա մասին: Ի՜նչ երջանկություն է, երբ քնելուց առաջ զարթուցիչ չես դնում: Ինչ հրաշալի է, երբ գովազդային առաջարկներով հաղորդագրություններ չես ստանում և ոչ մի բանի համար չես մտահոգվում… Այդ ամենը զգալու համար պետք է տեղափոխվել շատ կիլոմետրեր հեռու: Հանգստի որևէ ծրագիր կամ որոշակի ժամանակ պետք չէ: Շատ հեշտ է խախտել նույնիսկ այն պայմանները, որոնք ինքդ քեզ համար հորինում ես: Չէ՞ որ տեսարժան վայրերի ցուցակը պայմանական է: Հետո՞ ինչ, որ անկողնուց վեր չեմ կացել ու մի ամբողջ օր եմ կորցրել: Անկողինն այլ երկրում էր, չէ՞: Դա նույնպես հաշիվ է:
5. Կյանքի վերագնահատումը ճամփորդության անբաժանելի մասն է
Ճամփորդությունից հետո ընկերուհիներիցս մեկը բաժանվեց սիրելիից, իսկ մյուսը՝ գործից ազատվեց: Հնարավոր է՝ վրացական ընկերություններ (հավանաբար վրացի սիրահարվածները նույնպես) այդքան դժվարությամբ են մեզ հանգստի ուղարկում, որովհետև գիտեն ճամփորդության ուժը: Այլ երկրում արթնանալիս հիշում ես ինքդ քեզ համար հոգ տանելու հաճելի զգացումի մասին, և որպես արդյունք՝ տուն վերադառնալիս ամեն ինչ փոխում ես դեպի լավը: Անսպասելիորեն ավելի հանդուգն ու ռիսկով ես դառնում. եթե ինքնաթիռում քնելը կարողացել եմ տանել, ուրեմն էլ ի՞նչ վատ բան կարող է կյանքում պատահել:
Թվարկված կետերից բացի գիտակցեցի, թե ինչ անգնահատելի բան է Google Map-ը, որ վաճառողները խաբում են մանրը վերադարձնելիս, իսկ աշխարհի ամենագեղեցիկ մետրոյի կայարանը Բարսելոնայի Liceu-ն է:
Քանի որ ցուցակս ավարտվեց, ավելացնեմ միայն. մի լսեք ձեր ներքին լուրջ ձայնին, որն ասում է, թե ճամփորդելը թանկ է, իսկ վիզա ստանալը՝ գլխացավանք: Այս ամառ մի մեկնեք Բաթումի, որն առանց այդ էլ լավ գիտեք և կարող եք աջարական խաչապուրիների վարկանիշ կազմել: Մեկնեք այնտեղ, որտեղ դեռ չեք եղել՝ հարմարավետության գոտուց դուրս:
Հրապարակվել է 15.06.2016