Սահմանադրական փոփոխությունների Այո-ի ճամբարը երեկ և այսօր
Սահմանադրական հանրաքվեին մնացել են հաշված օրեր, արդեն մեկ ամիս է այո-ի և ոչ-ի ճամբարների կողմնակիցները հանրությանն են ներկայացնում իրենց փաստարկներն ու հակափաստարկները, գործող սահմանադրության և առաջարկվող նախագծի ռիսկերն ու գրավչությունները, նախագահական և խորհրդարանական համակարգերի առավելություններն ու թերությունները: Շատերն այնքան են տարվել նախընտրական քարոզչությամբ, որ մոռացել են, թե նույն հարցի կապակցությամբ ինչ դիրքորոշում են ունեցել 2-3 տարի առաջ:
Այսպես, այսօր այո-ի կողմնակից, իշխող հանրապետական կուսակցության գործադիր խորհրդի անդամ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը 2013թ. նոյեմբերի 1-ին “Դեֆակտո թերթին տված հարցազրույցում նշել էր.
‘1991 թվականին Հայաստանի Հանրապետությունը ընդունեց կիսանախագահական հանրապետություն ունենալու որոշում: Ոչ ոք չի ասում, որ կառավարման կիսանախագահական համակարգը իդեալական է, կամ իդեալական է ՀՀ-ի համար, ամենևին, սակայն մենք կարծում ենք, սա կառավարման ամենաարդյունավետ ձևն է մեզ համար այս պահին, երկրի զարգացման այս փուլում` երբ ունենք վերջնականապես չկայացած քաղաքական համակարգ, չավարտված կամ նիրհող պատերազմ, էական անհամաչափություններ երկրի տարբեր տարածաշրջանների զարգացման հարցում, այսինքն` բազմաթիվ գործոններ, որոնք նպաստավոր չեն կառավարման համակարգի նման փոփոխության համար’:
Ազգային ժողովում իշխող հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը 2012թ. նոյեմբերի 8-ին “Առավոտ թերթին տված հարցազրույցում նշել է.
‘Այդ մոդելին անցնելու համար պետք է մեկ նախապայման՝ դա քաղաքական կուսակցությունների կայացած լինելն է: Բայց քանի դեռ մեր կուսակցությունները հասարակության համար տեսանելի, թափանցիկ, մատչելի չեն՝ դա վաղաժամ է’:
Խոսրով Հարությունյանի նախկին կողմնորոշման փաստարկներից են նաև.
1) կիսանախագահական համակարգը Հայաստանում իրեն արդարացրել է,
2) երկրում առկա արատները՝ կաշառակերությունը, իշխանության չարաշահումը՝ պայմանավորված չեն տնտեսական, քաղաքական այս կամ այն համակարգով,
3) քաղաքական կուսակցություններով պետական կառավարման համակարգի ծանրություն վերցնելը վտանգ է հանդիսանում ազգային անվտանգության առումով:
ԱԺ հանրապետական խմբակցության մեկ այլ անդամ Նաիրա Կարապետյանը 2012թ.-ի նոյեմբերի 13-ին Slaq.am-ին տված հարցազրույում նշել է.
‘Անկեղծ ասած, ես չեմ համարում, որ մենք ունենք բավականաչափ կայացած կուսակցական համակարգ և պառլամենտարիզմի խորը ավանդույթներ, որոնք կոչված են ապահովել այդ անցման օրինաչափությունը: Քաղաքագիտական լուրջ վերլուծություններ այստեղ չեն պահանջվում, ընդամենը տեսնենք, թե ինչ է կատարվում կուսակցությունների սկզբունքների և քաղաքական կուրսերի հետ, թե ինչպես և հատկապես՝ինչ հիմքերով են միավորվում և տարանջատվում քաղաքական միավորումները:
Տեսնենք, թե ինչպես է այսօր ձևավորվում խորհրդարանը: Կարծես, ընդունելի քաղաքական նորմ է մեր քաղաքական կյանքում, երբ կուսակցությունը կազմում է համամասնական ցուցակ, իսկ ընտրությունների ավարտից հետո միանձնյա է որոշում տվյալ ցուցակի հետագա ճակատագիրը՝ շատ ժամանակ անգամ ուժի սպառնալիքի ներքո կորզելով ինքնաբացարկներ, այսպիսով ապահովելով ՛՛ձեն բերող տղերքի՛՛ համար այդ ցուցակում համապատասխան անցողիկ տեղեր: Ասածս չի ենթադրում, որ մեծամասնականն ունի առավելություն, սակայն 100% համամասնականի դեպքում սա վտանգ է»:
Սակայն 2013թ. օգոստոսին, երբ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության գործադիր խորհրդի նիստին տեղեկացրել էր սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իր ծրագրի մասին, խորհրդարանական համակարգի մեջբերված հակառակորդները փոխեցին իրենց դիրքորոշումը: Թեև հարկ է ասել, որ նրանց առաջ քաշած բոլոր փաստարկներն առկա են և այսօր:
Լուսանկարները՝ ֆոտոլուր, Արմենպրես, Սերժ Դավիդոֆ