Կախարդական խորհրդանիշներ և դիմանկարներ՝ նվեր պետությունների ղեկավարներին. ամենը ադրբեջանական գորգերի մասին
Հնում Ադրբեջանում ասում էին, որ գորգը մարդուն ուղեկցում է ծնվելուց մինչև մահ, և դա բոլորովին էլ փոխաբերություն չէ: Մանուկ հասակից երեխաները խաղացել են գորգի վրա, գորգերն աղջիկներին օժիտ են տվել, գորգերի մեջ մարդիկ իրենց կյանքն են անցկացրել, իսկ երբ մարդը մահացել է, նրա մարմինը ծածկել են կրկին գորգով: Բացի այդ, դեռևս նախորդ դարի սկզբին ադրբեջանական տների մեծ մասում չկային աթոռներ, բազմոցներ և բազկաթոռներ: Այդ ամենը փոխարինում էին գորգերը:
Ինչպիսին են լինում գորգերը
Ադրբեջանական գորգերը, կախված «ծննդավայրից» բաժանվում են 4 խմբի (դրանք նաև դպրոցներ են անվանում):
Թավրիզյան դպրոց: Թեև այժմ Թավրիզ քաղաքը գտնվում է Իրանում, այն բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով և նախկինում թյուրքական պետությունների մայրաքաղաքն էր, որոնք գոյություն ունեին Ադրբեջանի տարածքում: Թավրիզում շքեղ մետաքսե գորգեր էին գործում: Թավրիզի գորգերը, որպես կանոն, պաստելային երանգներ ունեն և շռայլորեն զարդարված են ծաղկային զարդանախշերով:
Ղարաբաղյան դպրոց: Հաշվի առնելով այն, որ ղարաբաղյան տներում սենյակները գրեթե ֆուտբոլի դաշտի չափ էին, դրանց համար գորգերն էլ հինգ հատից կազմված մի ամբողջ կոմպլեկտով էին գործում, որպեսզի հերիքի ամբողջ հատակը ծածկելուն: Ղարաբաղյան գորգերի գլխավոր առանձնահատկությունը վառ գույներն ու ծաղկային զարդանախշերն են: Եվ սովորաբար այդ գորգերը բրդից են գործել:
Գուբա-շիրվանյան դպրոց: Այս գորգերն ավելի զուսպ և խիստ են, իսկ զարդերի մեջ գերակշռում են ոչ թե ծաղիկները-տերևներ, այլ մեդալիոնները: Դրանք Գուբա-շիրվանյան գորգերի այցեքարտն են: Կարող են մեկ կամ մի քանի շարք կազմել:
Բաքվի դպրոց: Բաքվում գորգագործությունն ավելի թույլ էր զարգացած, քան այլ շրջաններում: Բաքվեցիները, որպես կանոն, գորգեր չէին գործում, այլ գնում էին այլ վայրերից և վաճառում: Այդ պատճառով էլ այս դպրոցն առանձնապես պարծենալու բան չունի: Թեև այն նույնպես իր առանձնահատկություններն ունի. պարզ երկրաչափական զարդեր և յուրահատուկ գույներ՝օխրայի գերակշռությամբ:
|
Վերը թվարկվածը վերաբերում է խավավոր գորգերին: Պարզ ասած՝ «փափկամազ» գորգերին: Բայց կան նաև ոչ խավավոր, հարթ գորգեր. դրանք ավելի հեշտ է գործել և գործնականում օգտագործել: Դրանք ոչ միայն փռել են հատակին կամ պատերին են կախել, այլ նաև դրանցից պատրաստել են սթարներ, պայուսակներ, աղ և հաց պահելու համար խուրջիններ:
Ինչ չգիտեիք գորգերի մասին. պատմում է արվեստաբան Մահնուրա Ալիևան
- Գորգերը ոչ մի դեպքում չի կարելի փաթաթել, վրան նավթալին ցանել և մումիայի պես պահել: Դա կփչացնի գորգը: Գորգը պետք է օգտագործվի, շփվի, դրանից գորգն ավելի լավն է դառնում: Սակայն շատ մաշեցնել նույնպես չարժե:
- Ճիշտ չէ գորգերը մուսուլմանական մշակույթի մաս համարել: Դրանք հայտնվել են մոնոթեիզմից շատ ավելի վաղ, և ադրբեջանական գորգերի վրա հաճախ կարելի է վիշապի ոճավորված պատկեր, զրադաշտական նշաններ և այլ խորհրդանիշեր տեսնել, որոնք ոչ մի կապ չունեն իսլամի հետ և մասամբ նույնիսկ հակասում են դրան: Բացառություն են կազմում միայն աղոթքի համար փոքր գորգերը:
- Ադրբեջանցիներն ավելի հաճախ են գնում հին և ձեռագործ գորգեր, քան արտասահմանցիները: Քանի որ արտասահմանցիների համար գորգն արտասահման տեղափոխելն ավելի դժվար է. անհրաժեշտ է տեղեկանք, իսկ 50 տարեկանից բարձր գորգերն ընդհանրապես արգելված է երկրից դուրս բերել:
- Ձեռագործ գորգերը պարզապես թանկ քմահաճույք չեն, այլ գումարի ճիշտ ներդրում: Ոչ պակաս, քան ոսկին: Ժամանակի ընթացքում դրա գինն աճում է:
- Կանոնները, որոնց համաձայն հիմա գործում են գորգերը, ձևավորվել են համեմատաբար վերջերս: Իսկ հնում գորգագործները հիմնականում իմպրովիզացիա են արել այնպես, որ յուրաքանչյուր հստակ գորգ կարող էր արտացոլել նրանց այդ պահի տրամադրությունը, կյանքի իրադարձությունները և այլն:
Մահնուրա Ալիևան ինքն է մինչև հիմա ցավում հին գորգի կորստի համար.
«Երբ ես ապրում էի ծնողներիս հետ, մենք մի հին գորգ ունեինք՝ մաշված, բայց շատ գեղեցիկ: Եվ ահա մի անգամ տուն եմ վերադառնում, իսկ տատս ինձ ասում է, որ ինչ-որ գնորդներ են եկել, և նա նրանց է փոխանցել հին գորգը, փոխարենը երկու նորն է վերցրել: Նայեցի այդ նոր գորգերին, սարսափելի էր… մեքենայագործ, թուրքական լայն գործածաության ապրանք: Ես շատ վշտացա: Իսկ տատիս թվում էր, թե դա շահեկան փոխանակում է»:
Գորգ՝ Բարաք Օբամայի համար
Սանուբար Նաբիևան պատվերով գորգեր է գործում: Պատկերասրահները վաճառքի համար ավանդական գորգեր են պատվիրում, խոշոր ընկերություններն ուզում են իրենց տարբերանշանով գորգ ունենալ, ուսանողները խնդրում են իրենց դիպլոմային աշխատանքը «գործել» (Ադրբեջանի պետական գեղարվեստի ակադեմիայում դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետ կա):
Նրա գործած գորգերի շարքում կա նաև գորգ՝ Բարաք Օբամայի և նրա ընտանիքի անդամների դիմանկարներով, էլ չենք խոսում Դմիտրի Մեդվեդևի և այլ «հարևան» քաղաքական գործիչների մասին: Ադրբեջանում ընդունված է հյուր եկած բարձրաստիճան անձանց գորգեր նվիրել՝ իրենց դիմանկարով:
Հաճախ պատվիրում են գորգեր հին արևելյան մանրակերտներով, պոետ Նիզամիի ստեղծագործությունների տեսարաններով, աստվածաշնչյան սյուժեներով՝ Ադամն ու Եվան Եդեմում (որոնք պատկերված են պատշաճության շրջանակում) կամ Մովսես մարգարեն՝ տասը պատվիրաններով:
Թվում է, թե պահանջարկ ունեցող արհեստ է, սակայն գորգագործն այնքան էլ գոհ չէ իր աշխատանքից:.
«Ուզում եմ Թուրքիա մեկնեմ դասավանդելու: Նրանց պատասխանին եմ սպասում: Այստեղ չեն կարողանում գնահատել գորգագործի աշխատանքը: Գալիս են, ուզում են շքեղ գորգ ստանալ, իսկ երբ գինն ես ասում, սկսում են սակարկել, իբր թանկ է: Բայց դա ձեռքի մանրակրկիտ աշխատանք է: Ֆինանսական ճգնաժամն էլ իր հերթին է ազդել, պատվերները զգալիորեն քչացել են»:
Գորգը որպես ընկճախտի դեմ պայքարելու միջոց
Ժամանակակից ադրբեջանցու համար քաղքենիության դասական խորհրդանիշ է պատից կախված գորգը: Դեկորի այդ էլեմենտը շատ տարածված էր 80-90-ականներին, իսկ ավելի ուշ այն սկսեցին ատել նույնքան, որքան սիրում էին ավելի վաղ: Սակայն այդ վերաբերմունքը ոչ բոլորն են կիսում:
«Չեմ հասկանում, թե ինչու է պատից կախած գորգն այլանդակություն համարվում: Եթե այն գեղեցիկ է և լրացնում է ինտերիերը, ինչո՞ւ ոչ»,
— ասում է 21-ամյա Ազիզա Մուստաֆազադեն՝ գորգագործության ամենաերիտասարդ ուսուցիչներից մեկը Բաքվում:
Մինչև մասնագիտություն դառնալը գորգագործությունը նրան օգնել է վերապրել անցումային տարիքը.
«Ընկճախտի դեմ պայքարելու համար ուրիշ դեռահասներ ռոք էին լսում, իսկ ես գորգ էի գործում: Եվ դա իրոք օգնում էր: Եվ մինչև հիմա դա ինձ համար թուլանալու լավագույն միջոցն է: Օրինակ, աշխատանքից հետո: Թեև, դա կարող է տարօրինակ հնչել՝ հաշվի առնելով այն, որ աշխատանքի վայրում էլ եմ ես գորգ գործում»:
Սանուբար Նաբիևան նույնպես ասում է, որ գորգագործությունը նյարդեր է հանգստացնում: Նրան առանձնապես օգնում է ձայնը, որը գալիս է հատերը հավաքելիս:
«Բաքվում է, գորգերը հուշանվեր են դարձել, իսկ շատ գյուղերում դրանք հիմա էլ են գործում պարզապես տան համար, և շատ կանայք են կարողանում գործել, ոչ միայն վարպետները, — պատմում է գորգագործը, — սակայն ամռանը դրանով քչերն են զբաղվում, քանի որ այգում և դաշտում չափազանց շատ աշխատանք կա: Եվ այնտեղ հիմնականում գործում են մեծ պրակտիկ գորգեր հատակին փռելու համար»: