Ամուսնությունը որպես կողոպուտի միջոց
Վերջին տարիներին կեղծ ամուսնությունների հետ կապված պատմությունները դարձել են Թուրքիայի ամեն շաբաթվա կրիմինալ նորությունների մշտական թեմաները:
Ահա վերջերս տեղի ունեցավ հերթական տիպիկ միջադեպերիը: 2017թ-ի դեկտեմբերի 16-ին թուրքական Բուրսա շրջանում հարսանիք էր նախապատրաստվում: Հարսնացուն Խաթայ քաղաքից փեսացուի մոտ էր եկել Բուրսա քաղաք, սակայն հարսանիքից մեկ օր առաջ փախչել էր՝ իր հետ տանելով ողջ ոսկին և փողը, որը երիտասարդ զույգին հարսանիքի առթիվ նվիրել են ազգականներն ու հարազատները:
Քրեական խմբերը, որոնք զանգվածաբար նման կեղծ ամուսնություններ են կազմակերպում Թուրքիայի տարբեր շրջաններում, թուրքական կենցաղի, սովորույթների և մտածելակերպի առանձնահատկությունները վերածել են հեշտ փող վաստակելու միջոցի:
Նման խմբերը սովորաբար որպես հարսնացու են ներկայացնում երիտասարդ և գեղեցիկ կնոջ:
«Հարսնացուից» բացի խմբում կա հայր, մայր, քույր, եղբայր, քեռի և այլ ազգականներ: Թեև իրական կյանքում նրանք կենսաբանական ազգականներ չեն: Նրանք հասարակությունում ներկայացնում են գեղեցիկ աղջկան՝ գրավելով ընտանիք կազմելու ցանկություն ունեցող տղամարդկանց: Այնուհետև, ավանդույթի համաձայն, անցկացվում են բոլոր ծեսերը՝ խնամախոսություն, նշանադրություն, այսպես կոչված «խնայի գիշեր», հարսանիք, բոլոր ծեսերը՝ բացի պաշտոնական ամուսնության կնքումից:
Նախահարսանեկան ծեսերը Թուրքիայում փեսացուի ընտանիքի վրա լուրջ գումար են նստում: Մասնավորապես. խնամախոսության ընթացքում փեսացուի ընտանիքը վճարում է
«հարսնացուի համար հաստատված վճարը»,
նշանադրության ժամանակ հարսնացուին նշանի մատանուց բացի նվիրում են նվազագույնը 3-4 թևնոց,
հարսնացուին, ինչպես նաև նրա ընտանիքի անդամներին հագուստ են նվիրում,
«Խնայի գիշերը» կրկին գնում են թևնոցներ, հագուստ և նվերներ:
Այնուհետև անցկացվում է հարսանեկան արարողությունը, որի ժամանակ ոչ միայն փեսացուի ընտանիքն, այլ նաև հարսանիքին հրավիրված հյուրերը հարսին և փեսային նվիրում են ոսկի և փող: Այսինքն՝ այդ բոլոր ծեսերի ընթացքում զգալի կարողություն է հավաքվում: Իսկ հետո «հարսը» «ընտանիքի» հետ միասին վերցնում է բոլոր թանկարժեք իրերն ու փողը և անհետանում:
Սիրիական հետքը կեղծ ամուսնություններում
Վերջին երկու տարվա ընթացքում այս «բիզնեսն» աշխարհաքաղաքական ընդլայնում է ստացել. դրանով ակտիվորեն սկսել են զբաղվել որոշ սիրիացի փախստականներ, որոնք փախչել են պատերզմից և ապաստան գտել Թուրքիայում:
Օրինակ, մի քանի ամիս առաջ Էլազըգ շրջանում մեծ խմբավորում է ձերբակալվել, որն ամբողջությամբ սիրիացիներից էր բաղկացած և ամուսնության կեղծ խոստումներով խաբել էր նվազագույնը 10 մարդու:
Եվ վերոնշյալ միջադեպի ժամանակ ամուսնացող «հարսնացուն» Խաթայից նույնպես սիրիացի էր: Ինչպես գրում է Gencgazete.net առցանց պորտալը, Բուրսա քաղաքի բնակիչ Ռ.Ա.-ն ծանոթացել է Խաթայում բնակվող սիրիացի կնոջ հետ մի շարք անձանց միջոցով, որոնց անունները չեն հրապարակվում՝ հետաքննության նկատառումներից ելնելով, սիրահարվել է և որոշել ամուսնանալ:
«Հարսնացուին» բերել են Խաթայից և սկսել հարսանեկան պատրաստություններ տեսնել: Ռ. Ա.-ն «հարսնացուի համար վճարից» զատ նրան նվիրել է 3 թևնոց, մեկ զույգ ականջօղ և մեկ մատանի: Իսկ երբ կինն ամուսնությունից մեկ օր առաջ անհետացել է, փեսացուն հասկացել է, որ խաբեության զոհ է դարձել և ժանդարմերիա է դիմել:
«Հարսնացուին» ձերբակալել են մյուս երկու տղամարդկանց հետ, որոնք խմբավորման անդամ են եղել:
«Կեղծ հարսնացուների» շահագործումը
«Քրեական ամուսնությունների» թեմայով ամենասկանդալային պատմություններից մեկը վերջերս պատմել է թուրքական հեռուստատեսային ոլորտում ամենավարկանիշային հաղորդումը՝ «Müge Anlı ile Tatlı Sert»-ը, ATV հեռուստաալիքով:
Հաղորդման անվանումը թարգմանաբար մոտավորապես նշանակում է «Քաղցր դաժանություն՝ Մյուգե Անլըի հետ», այն ուղիղ եթերում հետաքննում է քրեական իրադարձությունները, զբաղվում անհետ կորած անձանց որոնումներով, ինչպես նաև սոցիալական նախագծեր իրականացնում:
Հաղորդման թողարկումներից մեկի թեման 2017թ-ի հոկտեմբերին Սամսուն քաղաքում տեղի ունեցած միջադեպն էր: Այնտեղ հարսանեկան արարողությունն ավարտվել էր փեսացուի և հարսնացուի ազգականների միջև զանգվածային կռվով: 12 մարդ, այդ թվում՝ հարսանցուն, հիվանդանոց էին տեղափոխվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով:
Ստուդիա էին հրավիրվել կոնֆլիկտի երկու կողմերին էլ: Հարսնացուն, որի անունը Դուդու էր, ստուդիա էր եկել հոր և քեռու հետ և պատմեց, որ իրեն ծեծել են միայն նրա համար, որ հարցրել է, թե ինչու են հյուրերի բերած ոսկյա զարդերը փոխանցում փեսացուին, այլ ոչ թե իրեն:
[pullquote align=”right”] Խոսքը գնում էր մեծ գումարների մասին. «հարսնացուի համար վճարը» 10 հազար լիր [մոտ $ 2,600] էր, և նորապսակներին նվիրել էին ավելի քան կես կիլոգրամ քաշով ոսկյա զարդեր[/pullquote]
Բիլգին անունով փեսացուն պնդում էր, որ իրեն փորձել են խաբել հենց ամենասկզբից: «Մեր ծանոթությունից ընդամենը 2 շաբաթ է անցել, իսկ նրա ընտանիքը սկսել է շտապեցնել հարսանիքի հարցում: Նրանք ասում էի, որ հարսնացուի հայրը (նույն մարդը, որ ստուդիա էր եկել) ծանր հիվանդ է և ուզում է հասցնել տեսնել դստեր հարսանիքը», — պատմել է Բիլգինը:
Հարսանիքին տեղի ունեցած կռվից հետո արդեն պարզվել էր, որ Դուդուն արդեն մի քանի անգամ «գրեթե» ամուսնացել է, սակայն վերջին պահին անհետացել՝ փողով և նվերներով: «Եվ մեր հարսանիքի ժամանակ նրանք միտումնավոր կռիվ սարքեցին, որպեսզի փախչեն՝ տանելով ոսկին», — պնդում էր Բիլգինը:
Դուդուն և նրա ընտանիքը չէին կարողանում հերքել նախկին նշանադրությունների մասին փաստերը, սակայն պնդում էին, որ վերադարձրել են բոլոր նվերներն ու փողերը նախկին փեսացուներին:
Եվ սա այս պատմությանը ավարտը չէ: Որոշ ժամանակ անց Դուդուն հանկարծ պատմել էր լրագրողներին կատարվածի հակառակ վարկածը:
https://youtu.be/t1x70hr2sY0
«Ամեն ինչ արել էր իմ ընտանիքը: Նրանք ուզում էին ոսիկն և փողը հափշտակել: Իսկ ինձ անընդհատ դեղեր էին տալիս, որպեսզի ես չվիճեմ և անեմ այն, ինչ պահանջում են: Ոսկին հիմա հորս մոտ է, և այդ նա էր հարսանիքին կռիվ սարքել», — գրում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով Դուդուին:
Այդ գործի քննությունը դեռևս շարունակվում է, իսկ Դուդուին տեղավորել են կանանց համար ժամանակավոր ապաստարանում:
«Մեկական սրճարան՝ յուրաքանչյուր գյուղին»
Թուրքիայում նման դեպքերն այնքան հաճախ են կրկնվում, որ հաղորդման հեղինակ Մյուգե Անլըն հասարակությանը դիմեց հատուկ սոցիալական նախագիծ սկսելու առաջարկով:
«Այդ ամենը կապված է հասարակության փակ լինելու հետ, հատկապես՝ շրջաններում: Կանայք տնից դուրս չեն գալիս, տղամարդկանց հետ շփումն ամոթալի է համարվում: Տղամարդիկ նստում են սրճարաններում, որտեղ կանանց մուտքն արգելված է: Այդ պատճառով էլ ընտանիքներն առողջ հարաբերությունների վրա չեն կառուցվում», — հայտարարել էր հայտնի հեռուստահաղորդավարուհին:
Որպեսզի երիտասարդ տղաները ստիպված չլինեն ամուսնանալ հեռավոր շրջաններից անծանոթ մի աղջկա հետ՝ նրա որպես իրի համար վճարելով, պետք է յուրաքանչյուր գյուղում սրճարաններ և հրուշակեղեն ուտելու տեղեր բացել, որտեղ կմտնեն և կանայք, և տղամադրիկ, նշել էր Մյուգե Անլըն:
««Հարսի համար վճարի» ֆենոմենը պետք է ամբողջությամբ արմատախիլ անել մեր կենցաղից: Կինն ապրանք չէ ոչ ծնողների, ոչ ամուսնու համար», — կոչ էր արել նա հեռուստացույցի էկրանից:
Առաջարկված սոցիալական նախագիծը պարզ է. ստեղծել պայմաններ, որպեսզի երիտասարդները կարողանան ծանոթանալ, շփվել, հետո նոր ըտանիք կազմել նրանց հետ, ովքեր իրենց համապատասխանում են: Եվ գործընթացից բացառել փողը, այդ ժամանակ ոչ ոք չի կարողանա գումար վաստակել նորապսակների հաշվին՝ ոչ ընտանիքները, ոչ հանցագործները: Հիմա հարցն այն է, թե ինչպես այդ առաջարկին կարձագանքի հասարակությունը: