Ամուսնանալ պետք է ամռանը
Լենքորանի գյուղերում [Ադրբեջանի հարավ – խմբ.] խուսափում են ձմռանը հարսանիքներ անել, քանի որ տեղացիներից շատերի ազգականներն ապրում և աշխատում են Ռուսաստանում: Նրանց համար ավելի հեշտ է ամռանը գալ՝ արձակուրդների ժամանակահատվածում: Բացի այդ, ամռանը միրգն ու բանջարեղենն էժան է:
Էլ չենք խոսում այն մասին, որ ձմռանը չափազանց ցուրտ է բաց երկնքի տակ խնջույք կազմակերպելու համար, իսկ հարսանիքը ռեստորանում անել չի կարելի մեկ պարզ պատճառով. գյուղում ռեստորաններ չկան:
Հարսանիքը, որի մասին պատմում ենք, տեղի է ունենում Ադրբեջանի հարավում գտնվող Լենքորանի Բադալան գյուղում:
Ոչ, սա հարսանեկան հյուրասիրություն չէ: Ադրբեջանական հարսանիքին բազմաթիվ ծեսեր են նախորդում. հատուկ կանոնների համաձայն ծանոթանում են բարեկամները, իրենց համաձայնությունն են հայտնում ամուսնությանը, տոներին և նշանադրության առթիվ նվերներով են փոխանակվում, և այդ ամենը կարող է մի քանի ամիս տևել: Նախահարսանեկան միջոցառումներից ամենավերջինը «թոյ ահշամին» է, կամ «հարսանիքին նախորդող երեկոն»: Այս հիասքանչ քյաբաբը մատուցել են հենց այդ «թոյ ահշամիին»:
Եվ եթե Բաքվում «թոյ ահշամին» զուտ խորհրդանշական տղամարդկային երեկույթ է, ապա գյուղերում միջոցառումը պրակտիկ բնույթ է կրում: Այստեղ ազգականները բաշխում են խնդիրներն ու որոշում, թե նրանցից ով ինչի համար է պատասխանատու հարսանիքին:
Սա «լյուքս դասի» վրան է, այն բնավ այնքան կոլորիտային չէ, որքան բրեզենտե վրանը, որի ներսը պատված է գորգերով, իսկ գորգերին բամբակի և կպչուն ժապավենի միջոցով գրված է «Երջանիկ եղեք»:
Հաջորդ առավոտյան փեսայի հարազատները զարթնում են արևածագին. նրանք շատ գործ ունեն: Հարսանեկան սեղաններով վրանը նախապես է վարձակալվել, վարձավճարի մեջ է մտնում մանղալների տեղադրումը, մատուցողների ծառայությունները և նույնիսկ՝ սպասքը: Ուտելիքը պատրաստում են բարեկամները: Փեսայի բարեկամները, քանի որ դա այսպես կոչված «տղայի հարսանիքն է»՝ «օղլան թոյուն»: Ավանդույթի համաձայն՝ հարսի բարեկամներն իրենց հարսանիքը՝ «աղջկա հարսանիքն», արդեն նշել են իրենց մոտ, որտեղից է հարսը:
ժամանակն է ներկայացնելու հարսին և փեսային. Փարվիզ (28 տարեկան) և Նիգյար (25 տարեկան):
Նրանք ծանոթացել են ոչ այնպես, ինչպես հին ավանդույթներն են նախատեսում. լրիվ ինքնուրույն Բաքվում, որտեղ երկուսն էլ աշխատում էին: Բաքվում էլ այժմ ապրում է երիտասարդ ընտանիքը: Սակայն հարսանեկան արարողություններին նրանք մասնակցել են «բոլոր կանոնների համաձայն»՝ կատարելով հարազատների երազանքը:
Հատուկ «ծիսական» նավթավառները զրադաշտության յուրօրինակ հիշատակումներ են, որը դավանել են Ադրբեջանի տարածքում հնագույն ժամանակներում: Եվ, իհարկե, օջախի խորհրդանիշ են: Այդ լամպերն ու մոմերը երիտասարդ ազգականներն ու ընկերուհիները տանում են հարսի առջևով, երբ նա հեռանում է հայրական տնից:
Վերադառնանք կանոններին. ավանդույթի համաձայն՝ հարսը գալիս է ապրելու փեսայի տանն՝ իր հետ բերելով օժիտ՝ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ, ներառյալ կահույք (իսկ այժմ նաև կենցաղային տեխնիկա), սպասք, գորգեր, բրդյա ծածկոցներ և այլն:
Նախկինում օժիտը նույնիսկ ժառանգաբար անցնում էր մորից աղջկան: Գեղեցիկ երկաթակուռ սնդուկներում պահպանվում էր կտորեղեն և նոր անկողնային սպիտակեղեն: Աղջկա ծնվելու պահից մայրը սկսում էր նրա համար օժիտ հավաքել՝ որպես հիմք ընդունելով այն, ինչին ձեռք չէր տվել իր սեփական օժիտից: Ունևոր ընտանիքների համար հատկապես Ադրբեջանի խոշոր քաղաքներում դա արդեն արդիական չէ. ամեն ինչ կարելի է գնել մի քանի ամիս առաջ: Սակայն օժիտը բամբասանքի առարկա վերածելու ավանդույթն արդիական է մինչև հիմա:
Այսպիսով, հարսանիքի օրը փեսայի հարազատները հանդիսավոր կերպով ուղևորվում են դեպի հարսի տուն ավանդական տրիոյի կատարած «վազգալի» եղանակի ուղեկցությամբ: Այդ նույն տրիոն նստացնում են հարսի տան բակում, և հարսը, ստանալով ծնողների օրհնությունն ու անցնելով Ղուրանի տակով, որը նրա գլխավերևում պահում է մեծերից մեկը, դուրս է գալիս տնից: Ամենուր կարմիր ժապավեններ են, զարդարված մեքենա, որով եկել են աղջկա հետևից, և զուռնայի զիլ հնչյուններ. այդ ամենը շատ կարևոր է: Այժմ ողջ գյուղը տեսնում և լսում է, որ տնից հարս են տանում, ինչպես ընդունված է ազնիվ մարդկանց մոտ:
Փեսայի սև կոստյումն ու հարսի ճերմակ զգեստը սովորույթների միահյուսման օրինակ է, ինչը բնորոշ է Ադրբեջանին:
Գյուղերում պահպանվել է հարսանեկան շարասյան ճանապարհը կտրելու ավանդույթը, ճանապարհը փակած տղաներին փեսայի հարազատները պետք է նվեր տան (պարզության համար՝ փող):
Եվ ահա հարսին բերում են փեսայի տուն, որտեղ նրան հաբույրներով և օրհնություններով են պատում: Աղջկան տուն են մտցնում, գլխին մանր մետաղադրամներ, կոնֆետ, բրինձ լցնում, որպեսզի տանը բարեկեցություն և լիություն լինի: Նրա ծնկին տղա երեխա են նստեցնում, որպեսզի առաջնեկը տղա լինի:
Այնուհետև հարսին թողնում են տանը: Փեսան նրա մոտ է վերադառնալու միայն գիշերը, իսկ մինչ այդ բոլոր հյուրերը հյուրասիրության են մասնակցում և զվարճանում: Տղամարդիկ և փեսան՝ վրանում, կանայք՝ բակում դրված սեղանների շուրջ:
Սեղաններին հավի, մսի և կարտոֆիլի խորոված է և տապակած միս: