«ՀԱՊԿ անդամ լինելը խոչընդոտ չէ ԱՄՆ հետ գործակցության համար»․ կարծիք Երևանից
ԱՄՆ քաղաքականությունը Կովկասում
«Հնարավոր է ֆորմալ առումով լինել Ռուսաստանի հովանու ներքո գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ, բայց փաստացի սառեցնել անդամակցությունն ու խորացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ»,- կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
«Ազատության» եթերում նա օրինակ է բերել Փարիզի հետ Երևանի ռազմատեխնիկական համագործակցությունն ու հավելել՝ ՀԱՊԿ անդամ լինելը խոչընդոտ չէ։ Մյուս կողմից նկատել է՝ այս փուլում Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում լքել ռազմական դաշինքը, քանի որ տեսնում են՝ «դե ֆակտո սառեցումը բավարար է, օրինակ՝ Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու համար, իսկ ֆորմալ առումով լքելը կարող է խնդիրներ ստեղծել ՌԴ հետ»։
Սեպտեմբերի սկզբին Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանին նվիրված լսումներ, որպես փորձագետ ելույթ է ունեցել նաև Տիգրան Գրիգորյանը՝ շեշտը դնելով ռազմատեխնիկական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության խորացման անհրաժեշտության վրա։
«Այս հարցն իրականում քննարկվում է։ Այնպես չէ, որ ես օդից եմ վերցրել այդ խնդիրն ու խոսել դրա մասին»,- նկատել է նա։
Ի՞նչ է հաղորդվել հանձնաժողովի լսումների մասին
Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովի լսումների մասնակիցներն արձանագրել են․
«Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու նշան ցույց չի տալիս և նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար»։
Նրանք նաև «ծիծաղելի և ոչ անհրաժեշտ» էին որակել ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը։
Ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական օրենսդիրներն արձանագրել էին՝ Հայաստանն անկարող է առկա մարտահրավերները միայնակ հաղթահարել, ուստի Վաշինգտոնը պետք է քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական աջակցություն ցուցաբերի Երևանին։
Լսումներից ժամեր անց ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն դոլար։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխանցմամբ՝ նպատակը ՀՀ-ում ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը նպաստելն է։
Հայ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հանձնաժողովի անդամներին խորհուրդ էր տվել ամրապնդել Հայաստանի ռազմական, տնտեսական ու ժողովրդավարական կարողություններն ու սահմանափակումներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
«Նվազագույնը թիրախային պատժամիջոցներ պետք է սահմանվեն Ադրբեջանի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել պատերազմական հանցագործությունների, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ագրեսիայի մեջ։ Պատասխանատվության չկանչելը միայն ամրապնդում է Ադրբեջանի հարձակումների շարքը»,- հայտարարել էր նա։
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովը գործում է ավելի քան 45 տարի։ Այն ստեղծվել է ամերիկյան կառավարության կողմից՝ Եվրոպայում համագործակցությանն ու անվտանգությանը հետևելու համար։ Հանձնաժողովը որոշումներ չի կայացնում, սակայն նպաստում է Միացյալ Նահանգների քաղաքականության մշակմանը։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի մեկնաբանությունը
«Հայաստանի մասին Վաշինգտոնի պատկերացումները փոխվում են»
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հելսինկիի հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ արձանագրվել է երկու կուսակցությունների կոնսենսուս ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ։ Ասում է՝ շատ քիչ հարցեր կան, որոնց շուրջ կա նման համաձայնություն։
«Սա լուրջ հնարավորություն է ՀՀ համար՝ առաջին հերթին փոխելու ամերիկյան պատկերացումները Հայաստանի վերաբերյալ»,— ընդգծել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ տարիներ շարունակ ՀՀ-ն դիտարկվել է որպես «ինչ-որ կիսանկախ, վասալային կարգավիճակ ունեցող միավոր, որի հետ հարաբերություններ կառուցելը կամ այնքան էլ լուրջ չէ, կամ ունի ինչ-որ սահմանափակումներ»։
«Հիմա այդ պատկերացումները փոփոխվում են։ Եվ եթե Հայաստանն ակտիվ աշխատի ամերիկյան քաղաքական էլիտայի հետ, դա կարող է նաև ինչ-որ պրակտիկ դրսևորումներ ստանալ»,- նշել է նա։
«ԱՄՆ-ում փորձում են զերծ մնալ Բաքվի նկատմամբ կոշտ միջոցներից»
Քաղաքագետի խոսքով՝ Վրաստանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունմանը հաջորդեցին ամերիկյան պատժամիջոցներ, այնինչ Բաքուն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացրեց, բռնաճնշումների է ենթարկում սեփական ժողովրդին, բայց «որևէ արձագանք չկա»։
Շեշտում է՝ Վաշինգտոնը ԼՂ-ի հայերի վերադարձի համար բավականին զգուշավոր քաղաքականություն է վարում, փորձում է զերծ մնալ Բաքվի նկատմամբ կոշտ միջոցներ ձեռնարկելուց։ Ամերիկյան կողմն, ըստ նրա, կարծում է, թե պետք է Ադրբեջանին ավելի շատ շահագրգռել, որպեսզի Բաքուն գնա ինչ-որ լուծումների։
«Պատկերացումն այն է, որ եթե գնանք կոշտ քայլերի, Բաքուն խնդիրներ է ստեղծելու բանակցային գործընթացում։ Բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը առանց այդ էլ բավականին հետևողական քաղաքականություն է վարում և կարծես թե այնքան էլ հետաքրքրված չէ առնվազն այս փուլում Հայաստանի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել»,- նկատել է նա։
«Ադրբեջանն ամերիկյան զգուշավոր քաղաքականությունը դիտարկում է որպես թուլություն»
Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է Նահանգներում որոշում կայացնողներին բացատրի՝ Ադրբեջանն ԱՄՆ զգուշավոր գործելաոճը դիտարկում է որպես թուլություն, և դա «Բաքվին հնարավորություն է տալիս ոչ միայն շարունակել, այլև ինտենսիվացնել ուժի վրա հիմնված քաղաքականությունը»։
Ինքը՝ Գրիգորյանը, արցախցիների վերադարձն այս պահին իրատեսական չի համարում։ Ասում է՝ միջազգային ճնշմամբ կամ դիվանագիտական գործիքակազմով դրան հասնել հնարավոր չէ։
«Երբ խոսում էի ճնշման մասին, նկատի ունեի՝ պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ»,- պարզաբանել է նա։
«Վաշինգտոնը չպետք է աչք փակի առկա խնդիրների վրա»
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Կոնգրեսի լսումների ընթացքում քննարկման առարկա է դարձել նաև Հայաստանի ժողովրդավարության մակարդակը։ Ասում է՝ արձանագրվել են որոշ դրական փոփոխություններ, բայց կան նաև համակարգային խնդիրներ, որոնց մասին անձամբ է բարձրաձայնել․
«Շատ հաճախ տեսնում ենք, որ արևմտյան կառավարությունները ժողովրդավարություն ասելով նկատի ունեն իշխող ուժին կամ վարչապետ Փաշինյանին, մինչդեռ նրանք պետք է ավելի շատ կենտրոնանան ինստիտուտներն ուժեղացնելու, քաղհասարակությանն աջակցելու վրա»։
Ըստ Գրիգորյանի՝ որպես ժողովրդավարական զարգացման գործընթացում ՀՀ գործընկեր՝ ԱՄՆ-ն չպետք է աչք փակի այս խնդիրների վրա, հակառակ պարագայում «կարող ենք ունենալ նույն վերջնարդյունքը, ինչ եղավ Վրաստանում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ԱՄՆ քաղաքականությունը Կովկասում