«Որոշելը, թե ով պետք է ապրի, ով՝ մեռնի, այն չէ, ինչ ինձ սովորեցրել են», – Նյու Յորքի բժիշկներից մեկի պատմածը
«Էպիկենտրոնի էպիկենտրոն»․ այսպես են անվանում Նյու Յորքն ԱՄՆ–ում կորոնավիրուսով վարակվածների և դրանից մահացածների աղետալի վիճակագրության ֆոնին
Երբ Նյու Յորքի Էլմհերսթ թաղամասի հիվանդանոցով մեկ հնչում է այս ոռնացող ազդանշանը, դա նշանակում է, բժիշկների հատուկ խումբը պետք է վերակենդանացման բաժանմունք վազի, որովհետև հիվանդներից մեկի սիրտը կանգնել է։
Սովորական օրերին դա տեղի է ունենում թերևս շաբաթը մեկ։
Սակայն ապրիլի 4-ի մեկ՝ 12-ժամանոց հերթափոխի ժամանակ այդ ազդանշանը հնչել է ինն անգամ։
30-ամյա կինը, որն այստեղ որպես բժիշկ է աշխատում, այդ մասին Բի–Բի–Սիին պատմելիս ասել է, որ ինը հիվանդներից ոչ ոք կենդանի չի մնացել։
Ապրիլի 5–ի դրությամբ ԱՄՆ–ում 311,656 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Նրանցից 8,454–ը մահացել է։
Ապրիլի 5–ի դրությամբ աշխարհում 1 մլն 224 հազար 913 մարդ է վարակվել COVID-19–ով։ Նրանցից 66,497–ը մահացել է։
Այս հիվանդանոցը 282 տեղ ունի, սակայն այժմ այստեղ ավելի քան 500 հիվանդ կա։
Այն Նյու Յորքում առանցքային տեղ ունի COVID-19–ով հիվանդների բուժման առումով, թեև պաշտոնապես այդպիսի բան ոչ մի տեղ գրանցված չէ։ Այստեղ են բերում նրանց, ովքեր ծանր վիճակում են։
Հիվանդների մեծ մասը նույն թաղամասից է։ Էլմհերսթն աշխատանքային ծայրամաս է, բնակչությունը բավականին աղքատ է։
«Իմ հիվանդներն աշխատում էին ռեստորաններում և հյուրանոցներում, նրանց կեսը ոչ մի փաստաթուղթ չունի, անգլերեն չի խոսում։ Սոցիալական հեռավորություն պահպանելու կոչերն ընդհանրապես նրանց կողքով են անցել», — ասում է բժիշկը։
Գրեթե բոլոր նրանց, ովքեր կլինիկա են գալիս, թոքերի արհեստական օդափոխման սարքեր են անհրաժեշտ։ Արյան ճնշման պահպանման համար հատուկ միջոցներ են անհրաժեշտ։ Դա այն աշխատանքն է, որը սովորաբար կատարում են արհեստավարժ բուժքույրերը։ Սակայն նրանց պակասն այնքան մեծ է, որ, կարելի է ասել, նրանք չկան։
Հիմա հիվանդանոցին արհեստական շնչառության երկու անգամ ավելի շատ սարքեր են անհրաժեշտ, քան կա, ասում է բժիշկը։ Եվ ցածրաձայն հավելում․ բնավ ոչ բոլոր հիվանդներն են ստանում այդ սարքերը, որոնք անհրաժեշտ են կենդանի մնալու համար։
Զրույցը տեղի է ունեցել հեռախոսով։ Բժշկուհին տուն էր վերադարձել 12-ժամյա հերթափոխից։ Նա ասաց, որ կզանգահարի այն բանից հետո, երբ լոգանք ընդունի, ուտելու մի բան պատրաստի և ստուգի փոստը։ Կյանքի առօրյան համագոյակցում է մահվան և սթրեսի հետ, որի մեջ նա ապրում է։
Նա ասում է, իր համար այնքան էլ շատ չի վախենում, որովհետև երիտասարդ է և առողջ։ Սակայն ավելի մեծ տարիքի նրա գործընկերները նյարդայնանում են։
«Սովորաբար վարակված հիվանդների հետ աշխատելիս հագնում ես պաշտպանիչ հագուստ և դիմակ ես կրում, իսկ կոնսուլտացիայից հետո հանում ես, և դրանք այրում են։ Իսկ այստեղ մենք չենք հանում հատուկ պաշտպանիչ արտահագուստը մինչև հերթափոխի ավարտը․ ի՞նչ իմաստ կա, բոլորն, ում մենք զննում ենք, վարակիչ են»։
Այն հարցին, թե արդյոք նա մտածում է իրավիճակի հրեշավորության մասին, նա հանգիստ ասում է․ «Մի քիչ»։
Կարծես, դա նման է լեռնային ճանապարհով ընթանալուն, երբ արգելակները չեն աշխատում։ Ժամանակ չկա ճակատագրի փորձությունների մասին մտածելու, պարզապես ձգտում ես տեղ հասնել և կենդանի մնալ։
«Ինձ ամենաշատը տանջում է արհեստական շնչառության սարքերի բաշխման խնդիրը։ Հարցն այն չէ, որ մարդիկ մահանում են։ Եվ մահացողների թիվն էլ չէ։ Մեզ սովորեցրել են մահվան հետ գործ ունենալ։ Հարցն այն է, որ ստիպված ես որոշել՝ ով ապրի, ով՝ ոչ»։
Նա պատմել է, որ վերջերս ծերանոցից մի հիվանդ է բերվել։ Նա սարքին էր միացվել դեռևս COVID-19–ով վարակվելուց առաջ։
Կենդանի մնալու նրա հեռանկարներն, առանց այդ էլ, մեծ չէին։ Եվ բժշկուհին ասում է, որ այն, ինչ նա տեսնում էր իր առջև, շնչառական սարքն էր, այլ ոչ թե հիվանդը։
«Երբ նրան բերեցին, մեզ այնքան էին անհրաժեշտ շնչառության սարքեր, որ միակ բանը, որն ուզում էի անել, սարքը վերցնելն էր։ Որպեսզի դրան միացնենք երիտասարդներից մեկին, որն այդ պահին մահանում էր բաժանմունքում»։
«Աստծո դեր խաղալն այն չէ, ինչ ես մտածում էի, երբ որոշում էի բժիշկ դառնալ»։