ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հրաժարական է տվել Ռուսաստանի հետ կապերի համար
Կիսվել
Կիսվել
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ խոստովանել է, որ ռուսական դեսպանի հետ իր կապերի մասին ողջ ճշմարտությունը չի պատմել: Ֆլինը ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից և փոխնախագահ Մայք Փենսից:
Ֆլինը Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի հետ խոսել է դեկտեմբերին: Սկզբում բանակի գեներալը հերքում էր, որ զրույցի թեման պատժամիջոցների հարցն է եղել, և նույնը կրկնում էր փոխնախագահ Մայք Փենսը: Ավելի ուշ Ֆլինը հաղորդել է Սպիտակ տանը, որ պատժամիջոցների թեման այնուամենայնիվ կարող էր քննարկվել:
Հրաժարականի իր դիմումում նախկին խորհրդականը խոստովանել է, որ Թրամփի երդմնակալությանը նախորդած փուլում «անզգուշաբար փոխնախագահին և այլոց ոչ ամբողջական տեղեկատվություն է տրամադրել Ռուսաստանի դեսպանի հետ հեռախոսային զրույցների մասին», — հաղորդում է Բի-Բի-Սի-ն:
Ֆլինի հրաժարականը հետևել է մամուլում տարածված այն հաղորդագրություններին, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մի քանի շաբաթ առաջ զգուշացրել է Սպիտակ տանը, որ Ֆլինը նախքան Թրամփի պաշտոնավարման մեկնարկը կարող է շանտաժի օբյեկտ դառնալ ռուսական պաշտոնյաների հետ կապերի համար, ինչն օրենքի խախտում է:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի հայտարարել է լրագրողներին, որ Ֆլինն ու Կիսլյակը պատժամիջոցները հանելու հարցը չեն քննարկել:
Մայքլ Ֆլինը՝ 2012-2014թթ-ին բանակային հետախուզության ղեկավարը, հրաժարական տալուց հետո բազմիցս Ռուսաստան է այցելել և տարբեր միջոցառումների շրջանակում հանդիպել ռուսակսան էլիտայի ներկայացուցիչների հետ: 2015թ-ին RussiaToday հեռուստաընկերության պատվին կազմակերպած ընդունալության ժամանակ Ֆլինը Վլադիմիր Պուտինի աջ կողմում էր նստած:
Ֆլինի հրաժարականից հետո ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պարտականությունները կատարելու է Ջոզեֆ Կիտ Քելոգը, որը նախկինում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում: Նա բանակում 30-ից ավել տարի է անցկացրել, ծառայել է Վիետնամում, Կամբոջայում, Պանամայում և Պարսից ծոցում: